Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
21.10.2026 | 21:00Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին, ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին և ընտրակաշառքի դեպքերին։
Անդրադառնալով Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի՝ ընտրակաշառք բաժանելու կասկածանքով ձերբակալությանը ընտրություններից օրեր առաջ, պատգամավորը նշել է. «Ես կարծում եմ պետք է ոչ թե օրերին նայել, այլ երևույթին։ Իսկ երևույթը արդեն ծիծաղելի չէ։ Էս ուժը տաղանդավոր կաշառատու է, տաղանդավոր։ Երբ որ համապետական ընտրություններին տեսնում ենք ինչքան շատ են դեպքերը… բայց երբ որ մի տեղ ես մասնակցում ու էդ մի տեղում էլ ես կաշառքի վրա բռնվում, նշանակում է իրոք դու շատ տաղանդավոր կաշառատու ուժ ես, 100 տոկոսանոց կաշառատու»։
Նա վստահեցրել է, որ իշխանությունը որևէ կերպ չի խոչընդոտում մրցակիցներին. «Մենք մասնակցում ենք այդ ընտրություններին, մենք վստահ ենք մեր ուժերի վրա, և էդ ուժի մասնակցելը մեզ բնավ չի խանգարում։ Շատ լավ կլիներ որ մասնակցեին ազնիվ կերպով, քարոզարշավ անեին, ու միգուցե ինչ ձևաչափով մասնակցեին կառավարմանը համայնքի։ Բայց մենք որևէ կերպով իրենց չենք խոչընդոտում»։ Ավելին, ըստ նրա՝ թիմում կա կարծիք, որ այս ձերբակալությունը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ. «Իմ գործընկերներից որոշներն էլ վստահ են, որ էս բացահայտումը և բռնելը թեկնածուին, կարող է հակառակ էֆեկտն ունենալ, և աջակցություն լինի որոշակի, նրա շուրջ կոնսոլիդացիա լինի»։
Պատասխանելով ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հարցին, Հակոբյանն ընդգծել է. «Նախ օրենքով է արգելված, որ դպրոցի տնօրենը քաղաքական դիրքորոշումը հայտնի և գործողություններ իրականացնի… Վարչապետը հրապարակային ասեց՝ դիմեք, եթե նման բաներ կան, անկեղծորեն, ինչ որ մեկը չի կարող չհավատալ վարչապետի ազնվությանն ու ցանկությանը, որ նման բան չլինի, որովհետև նման գործելակերպով հաղթելը, դա հանրապետականացման ուղի է, որը լավ բանի չի բերել»։
Ընդդիմության կողմից բարձրաձայնվող ճնշումների մասին հայտարարությունները պատգամավորը որակել է որպես ծանոթ ձեռագիր. «Էն դեպքերը երբ որ ընդդիմությունը ներկայացնում է որպես ճնշում, որպեսզի չլինեն ցուցակում… հարսն սկեսուրի տեղը ստորագրել է, սկեսուրը գործից չի եկել… այդ ամեն ինչը գալ ներկայացնել որպես ճնշում քաղաքական, սա շատ ծանոթ ձեռագիր է ընդդիմության կողմից»։ Փոխարենը, նա հիշեցրել է այլ դեպքեր. «Դուք տեսաք, որ Մասիս համայնքում համայնքի ղեկավարը անձի հեռացման պատճառ դրել էր նրա՝ այլ քաղաքական հայացքներ ունենալը»։
Խոսելով համայնքներում կառավարության վարած քաղաքականության մասին՝ Հակոբյանը նշել է. «Մենք որևէ համայնքում որևէ մեկից մուռ չենք հանում, որովհետև էդ մուռը դուրս է գալիս քաղաքացուց։ Մենք ուզում ենք լավ կառավարվի համայնքը, մեր քաղաքացիները գոհ լինեն։ Դուք նկատած կլինեք, որ ֆինանսական աջակցություն համայնքներին կառավարության կողմից լինում են նաև ընդդիմադիր համայնքներում»։
Իշխող խմբակցության պատգամավորը նաև քննադատել է ընդդիմության պասիվությունը ՏԻՄ ընտրություններում՝ հաշվի առնելով նրանց հայտարարած հավակնությունները. «Եթե իրենք նպատակ ունեն ուղղակի գալ ու դառնալ երեք հոգանոց ֆրակցիա որևէ ՏԻՄ-ում, շատ լավ… բայց իրենք ասում են իրենց մեծ նպատակների մասին, իրենք ուզում են, իրենց հաջորդ վարչապետը չգիտեմ ով է…»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

