Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
Քաղաքականություն
21.10.2026 | 20:08
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի քննադատել է համաշխարհային առաջնորդներին՝ Ֆրանսիայում շաբաթ օրը համազգային ցույցերի շրջանակում բռնկված անկարգությունների և թալանի վերաբերյալ նրանց «հիմար» հայտարարությունների համար։ Ենթադրվում է, որ նրա քննադատությունն ուղղված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, գրում է France 24-ը։
Մակրոնի խոսքով՝ այդ առաջնորդները քննադատում են Ֆրանսիային՝ իրենց երկրներում սպասվող ընտրությունների համատեքստում։ Նա նաև նշել է, որ նրանց վրա ազդեցություն են գործել անկարգությունների վերաբերյալ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ տեսանյութերը։
Շաբաթ օրը տեղի ունեցած անկարգությունները ստվերեցին ցույցերը, որոնց ընթացքում ամբողջ Ֆրանսիայում ավելի քան կես միլիոն մարդ խաղաղ երթով բողոքի դուրս եկավ կենսապահովման ծախսերի աճի դեմ։ Այդ ցույցերին նախորդել էր դպրոցականների՝ չորս շաբաթ տևած բողոքի շարժումը, որի հետևանքով Ֆրանսիայի բազմաթիվ դպրոցներ փակվել էին։
Անկարգություններից հետո, որոնք վերջին տարիների ընթացքում Ֆրանսիայում տեղի ունեցած ամենածանր նման միջադեպերն էին, և անցյալ շաբաթ օրը կենսապահովման ծախսերի դեմ նախատեսված նոր ցույցերին ընդառաջ՝ Մակրոնի կառավարությունը նախազգուշացրել է, որ այլևս չի հանդուրժի բռնության որևէ դրսևորում։ Երկուշաբթի և երեքշաբթի Փարիզի իշխանությունները և մի շարք այլ քաղաքների տեղական իշխանություններ գիշերային պարետային ժամ են սահմանել բողոքի ցույցերի կամ թալանի վտանգով առանձնացող որոշ գոտիներում։ Չորեքշաբթի ելույթ ունենալով՝ Ֆրանսիայի նախագահը օտարերկրյա ուժերին մեղադրել է բռնության կեղծ պատկերներ տարածելու մեջ, սակայն չի հստակեցրել, թե ուժերի մասին է խոսքը։
«Տեղեկատվական մանիպուլյացիայի մեջ օտարերկրյա միջամտություն է եղել, ինչը հանգեցրել է շատերի, այդ թվում՝ օտարերկրյա առաջնորդների անընդունելի և նույնիսկ հիմար մեկնաբանություններին»,- Պարսից ծոցի երկրներ կատարած այցից հետո Դոհայում լրագրողներին ասել է Մակրոնը։
Նա անուններով չի հիշատակել ո՛չ Թրամփին, ո՛չ Նեթանյահուին։ Մինչդեռ ԱՄՆ նախագահին նոյեմբերին սպասում են կարևոր միջանկյալ ընտրություններ, մինչդեռ Իսրայելի վարչապետն այս ամիս կայանալիք ընտրություններում պայքարելու է իր քաղաքական ապագայի համար։
Մակրոնի խոսքով՝ ընտրությունների համար քարոզարշավ իրականացնող առաջնորդները «երբեմն դյուրահավատորեն» կրկնել են արհեստական բանականության միջոցով ստեղծված նյութերը։ Նեթանյահուն հայտարարել էր, որ Ֆրանսիան ենթարկվել է «ծայրահեղական իսլամի ներխուժման», իսկ Թրամփը հայտարարել էր, որ «Ֆրանսիայում տեղի ունեցողը կապված է ներգաղթի հետ»։
Թրամփը գովեստով էր արտահայտվել Մարին Լը Պենի մասին՝ նրան անվանելով «պահպանողական ձայն»։ Լը Պենը հաջորդ տարի Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների ծայրահեղ աջակողմյան առաջատար թեկնածուներից է։
Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձություններում ինքն «օտարերկրյա միջամտություն» չի տեսնում։ Միաժամանակ, նա նախազգուշացրել է. «Մենք տեսել ենք արհեստական բանականության միջոցով ստեղծված պատկերներ, որոնցում ներկայացված էին տեսարաններ, որոնք Ֆրանսիայում երբեք տեղի չեն ունեցել»։
«Կային մարդիկ, որոնք բացատրում էին, թե մենք, իբր, «ներխուժման ենք ենթարկվել միգրանտների և իսլամիստների հորդաների կողմից», ինչը բացարձակապես սուտ է։ Նման պահերին տեսնում ես, թե ով է սիրում Ֆրանսիան, իսկ ով՝ ոչ։ Բոլոր նրանք, ովքեր հիմա վատ են արտահայտվում մեր մասին, չեն սիրում մեր երկիրը»,- հավելել է նա։
Էմանուել Մակրոնը նաև հայտարարել է, որ հինգշաբթի կհանդիպի հետախուզական ծառայությունների ղեկավարների, Սեբաստիան Լըկորնյուի և այլ նախարարների հետ՝ հոկտեմբերի 17-ի անկարգությունների վերաբերյալ մանրամասն զեկույց ստանալու համար։
«Նրանք, ովքեր հաջորդ շաբաթ օրը կփորձեն անկարգություններ հրահրել քաղաքների կենտրոններում, կկանխվեն դա անելուց։ Պետության ղեկավարության վերին օղակներում չպետք է լինի որևէ տատանում»,- ասել է նա։
Նախարարները խոստացել են հաջորդ շաբաթ օրը նախատեսված բողոքի ցույցերի նոր փուլի ընթացքում ապահովել անվտանգության աննախադեպ ուժեղացված միջոցառումներ՝ ընդունելով, որ սկզբնական արձագանքման ընթացքում թերացումներ են եղել։ Ակնկալվում է, որ լրացուցիչ ոստիկանական ուժերի հետ մեկտեղ կտեղակայվեն նաև զինվորականներ։
Մակրոնին Ֆրանսիայում որոշ շրջանակներ քննադատում են նման ժամանակահատվածում Մերձավոր Արևելք կատարած այցի համար։ Քննադատության է արժանացել նաև կիրակի օրը նրա՝ ազգին ուղղված ուղերձը, որը, ըստ քննադատների, հստակ ուղենիշներ չէր պարունակում հետագա գործողությունների համար։ Սակայն հայրենիք վերադառնալուց առաջ նա պնդել է, որ իրավիճակը վերահսկում է։
«Չպետք է լինի նյարդայնության կամ խուճապի որևէ նշան։ Ես կատարում եմ իմ պարտականությունը։ Ես իմ տեղում եմ»,- հայտարարել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

