Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
21.10.2026 | 20:15Հայաստանի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը դադարեցվի․ այսպիսի կանխատեսմամբ զեկույց են հրապարակել Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները՝ Ռուսաստանը Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
«2013 թվականին Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի շուկայական գինը, առանց սուբսիդավորման հաշվառման, կազմում էր շուրջ 270 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Հայաստանի Հանրապետության կողմից գազի ներմուծման արժեքը, ի տարբերություն ավելի վաղ դիտարկված խմբերի, կավելանա 268,5 միլիոն դոլարով կամ 69%-ով՝ 389 միլիոն դոլարից հասնելով 657,5 միլիոն դոլարի»,- նշվում է զեկույցում։
Զեկույցի հեղինակների հաշվարկով՝ դա կհանգեցնի արտադրողների և տնային տնտեսությունների ծախսերի ավելացմանը և միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում բացասաբար կանդրադառնա գնաճի մակարդակի և ՀՆԱ-ի վրա։
«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման դեպքում Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ծավալը կկրճատվի ավելի քան երկու անգամ՝ հասնելով 1,8 միլիարդ դոլարի՝ 2025 թվականի 3,88 միլիարդ դոլարի համեմատ»,- նշվում է զեկույցի մեջ։
Հայաստանի արտգործնախարարն այսօր այսպես արձագանքեց մռայլ կանխատեսումներին․ «Վնասներ՝ անշուշտ, եթե ռուսական կողմը որոշի հանկարծ գազի գինը բարձրացնել միակողմանի։ Չգիտեմ՝ դա ինչքանով է գործընկերային և արտացոլում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց կլինի՝ իրավիճակը հասկանանք»։
Եթե այս պահին քննարկումները գազի գնի բարձրացմանն են ուղղված, իսկ դրանք էլ դեռ խոսակցությունների մակարդակի են, ապա արդեն մի քանի ամիս ՌԴ հայկական ապրանքների արտահանման զանգվածային սահմանափակումները դեռ մնում են։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ այդ որոշումների դեմ ՀՀ-ն բողոք է ներկայացրել։
«Այսպիսի վեճ ցանկացած երկու երկրի տնտեսական միության միջև կարող է լինել, քանի որ յուրաքանչյուր երկիր փորձում է իր տնտեսական շահերն առավելագույնն առաջ տանել։ Մենք գնացել ենք իրավական ճանապարհով` դիմել ենք ԵՏՀ կոլեգիա, որպեսզի սահմանափակումները ճանաչվեն բարիեր։ Համարում ենք, որ այս սահմանափակումները ճիշտ չեն»,- ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Եվ մինչ նախարարներն արդեն իսկ գործուն քայլերի մասին են խոսում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխող ուժը հանրությանը հորդորում է «ձուկը ջրում բազար չանել»։
«Եթե նման խնդրի առաջ կանգնենք, այդ ժամանակ ելքերը մեր կողմից մտածված, համապատասխան մարմինների կողմից կներկայացվեն։ Բայց էլի եմ ասում՝ նման խնդիր այժմ գոյություն չունի, և ԵՏՄ-ից դուրս հանել Հայաստանի Հանրապետությանը հնարավոր չէ, եթե Հայաստանը չի ցանկանում դա։ Այս պահի դրությամբ՝ մենք շատ մանրամասն ներկայացրել ենք, որ շատ արդյունավետ համագործակցում ենք, դուք տեսնում եք դինամիկան։ Մենք շատ ազնիվ և պարկեշտ գործընկեր ենք ԵՏՄ բոլոր երկրների համար և առավելագույն շահերն ենք դրանից քաղում։ Այժմ մենք օրակարգում չունենք նման հարց»,- նշում է ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում հոռետեսական սցենար կանխատեսում է ընդդիմությունը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ընդգծում է՝ պետք է բոլոր հնարավոր ռիսկերը հաշվի առնել։
«Խնդիրն այն է, որ այսօր Հայաստանի սպառման և ներմուծման հիմնական շուկան ԵՏՄ-ն է, և եթե դու զրկվում ես այդ սպառման և ներմուծման շուկաներից, դու կանգնում ես խնդրի առաջ։ Եվ այստեղ մենք վերջապես հասկանում ենք, չէ՞, որ տնտեսական աճը, որը մենք տեսել ենք, ունենք, էապես պայմանավորված է, եթե ոչ բացառապես, նորմալից բարձր աճը պայմանավորված է ԵՏՄ անդամ լինելով»,- ընդգծում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Իշխող ուժի ներկայացուցիչները, իրենց հերթին, հայտարարում են՝ ՀՀ-ն այս պահին մտադիր չէ դուրս գալ ԵՏՄ-ից, իսկ եթե ԵՏՀ-ն ՌԴ-ի կիրառած սահմանափակումները բարիեր ճանաչի, 30 օրվա ընթացքում երկիրը պարտավոր է դրանք վերացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

