Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
Քաղաքականություն
20.10.2026 | 14:52
Խորհրդային Միությունում ծնված ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը, որը կապեր ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, մտադիր է ընդլայնել իր ներդրումները Հայաստանի պղնձի արդյունահանման ոլորտում՝ խաղադրույք կատարելով տարածաշրջանի ավելի լայն տնտեսական հնարավորությունների վրա, քանի որ Վաշինգտոնը ձգտում է ամրապնդել իր տնտեսական ներկայությունը տարածաշրջանում։ Այս մասին ասվում է Bloomberg-ի անդրադարձում։
Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամի ղեկավար, ամերիկացի գործարար Կոնստանտին Սոկոլովի՝ ԱՄՆ-ում գործող Dynamic Frontier ներդրումային ընկերությունը սեպտեմբերին ձեռք է բերել Հայաստանի մեծությամբ երկրորդ՝ Թեղուտի պղնձի հանքավայրը։ Նա նշել է, որ նպատակն է շարունակել դրա արդյունավետ շահագործումը՝ միաժամանակ ներդրումներ կատարելով արդիականացման և արտադրության ծավալների ավելացման ուղղությամբ։ Ծրագիրն է՝ ստեղծել ձեռնարկություն, որը կկարողանա մրցակցել համաշխարհային շուկայում և երկարաժամկետ արժեք ստեղծել տեղի համայնքի համար։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության հուշագիրը տարածաշրջանի համար ներկայացնում է կյանքում մեկ անգամ ի հայտ եկող՝ արմատական վերափոխման հնարավորություն։ Ես մեծ հետաքրքրություն ունեմ տարածաշրջանում գործունեությունս ընդլայնելու հարցում, քանի որ միշտ խորապես հավատացել եմ դրա ներուժին՝ որպես ամբողջություն»,-Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Սոկոլովը։
Bloomberg-ն ընդգծել է Հայաստանում Սոկոլովի ներդրումների երկարամյա պատմությունը, այդ թվում՝ առաջատար հեռահաղորդակցական օպերատոր «Վիվա Արմենիա»-ում բաժնեմաս ունենալու հանգամանքը։
ԱՄՆ-ն վստահել է նրա փորձին և մինչ օրս գրանցած արդյունքներին՝ նշանակելով 201 միլիոն դոլար արժողությամբ Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամի ղեկավար։ Հիմնադրամը կենտրոնացած է տարածաշրջանում էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված նախագծերի վրա։ Դրանց թվում են ռազմավարական նշանակություն ունեցող «Թրամփի ուղի» (Trump Route) ենթակառուցվածքային նախագիծը և ավելի լայն՝ Անդրկասպյան առևտրային երթուղին, որը Կենտրոնական Ասիան կապում է Հարավային Կովկասի և համաշխարհային շուկաների հետ։
Bloomberg-ը նաև հայտնել է, որ Թեղուտի հանքավայրի արտադրանքի մեծ մասն առաքվել է Չինաստան, և Սոկոլովն իրականացնում է այն ԱՄՆ ուղղելու ծրագրերը նոր առևտրային պայմանագրերի միջոցով, երբ դեկտեմբերին լրանա գործող արտադրանքի գնման պայմանագրի ժամկետը։ Սոկոլովը մրցակցել է ռուսական և չինական ընկերությունների հետ՝ Մոսկվայում գործող «ՎՏԲ» ԲԲԸ-ից Թեղուտի հանքավայրը ձեռք բերելու համար, սակայն, նրա խոսքով, իր ընկերությունը հաղթող է ճանաչվել՝ ներկայացնելով 228,5 միլիոն դոլարի գնային առաջարկ։
«Այս գործարքի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև գործընկերության ամրապնդումն էր և Հայաստանի կարևորագույն հանքային պաշարներն ԱՄՆ-ի մատակարարման շղթաների համար հասանելի դարձնելը»,- հայտարարել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

