ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի

Լուրեր

20.10.2026 | 16:29
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:18
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամները զեկույց են ներկայացրել Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ՝ կապված ԵՄ-ին երկրի ինտեգրման շուրջ քննարկումների հետ։ Այս մասին հայտնել են ՌԴ կառավարությունից։ Զեկույցը ներկայացնում է Ինտերֆաքսը։

Փաստաթուղթը կներկայացվի ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների քննարկմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի առաջիկա նիստը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի դեկտեմբերին։ Ռուսաստանի կառավարությունից հիշեցրել են, որ զեկույցը պատրաստվել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության կատարման շրջանակում։

«Զեկույցը ներառում է տեղեկություններ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելուն ուղղված ձեռնարկված քայլերի մասին, ԵՏՄ-ի և ԵՄ-ի իրավական կարգավորումների համատեղելիության վերլուծություն (մասնավորապես՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանակում ստանձնած պարտավորությունների և ԵՄ-ին անդամակցելու հետ կապված պարտավորությունների համատեղելիության վերաբերյալ), տեղեկություններ իրավական մեխանիզմների մասին, որոնք կոչված են կանխելու Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու որոշման հետևանքով առաջացող ռիսկերը, ինչպես նաև 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների գնահատականներ»,- նշել են Ռուսաստանի կառավարությունում։

Զեկույցում նշվում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության  դադարեցման դեպքում գազի ներմուծումը Հայաստանի համար կթանկանա 69%-ով։ ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան գազի ներմուծման հնարավոր սցենարի գնահատման հիմքում դրվել է 1000 խորանարդ մետրի դիմաց 300 դոլար գինը՝ մատակարարումների ֆիզիկական ծավալի պահպանման պայմանով։ 1000 խորանարդ մետրի դիմաց ներկայիս՝ 177,5 դոլար բազային գնի համեմատ՝ թանկացումը կկազմի շուրջ 69%։

Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ 2013 թվականին Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի շուկայական գինը, առանց սուբսիդավորման հաշվառման, կազմում էր շուրջ 270 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Զեկույցի հեղինակները հիշեցրել են նաև, որ 2025 թվականին եվրոպական TTF բորսայում գազի միջին շուկայական գինը կազմել է շուրջ 422 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։

Նշվում է, որ զեկույցում ներկայացված գինը կրում է կողմնորոշիչ բնույթ։

«Համաշխարհային գազի շուկայի իրավիճակը հաշվի առնելով՝ մատակարարվող գազի իրական պայմանագրային գինը կարող է ավելի բարձր լինել։ Նշված ենթադրությունների դեպքում Հայաստանի Հանրապետության կողմից գազի ներմուծման արժեքը, ի տարբերություն ավելի վաղ դիտարկված խմբերի, կավելանա 268,5 միլիոն դոլարով կամ 69%-ով՝ 389 միլիոն դոլարից հասնելով 657,5 միլիոն դոլարի։ Միևնույն ժամանակ, այդ աճը կհանգեցնի արտադրողների և տնային տնտեսությունների ծախսերի ավելացմանը և միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում բացասաբար կանդրադառնա գնաճի մակարդակի և ՀՆԱ-ի վրա»,- ասվում է փաստաթղթում։

Բացի այդ, դրանում նշվում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման դեպքում Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ծավալը կկրճատվի ավելի քան երկու անգամ՝ հասնելով 1,8 միլիարդ դոլարի՝ 2025 թվականի 3,88 միլիարդ դոլարի համեմատ։ Փաստաթղթի համաձայն՝ ԵՏՄ անդամ բոլոր երկրներից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կարող է 2025 թվականի 3,95 միլիարդ դոլարից նվազել մինչև 1,85 միլիարդ դոլար։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ 2025 թվականին ԵՏՄ երկրներում աշխատող Հայաստանի քաղաքացիների թիվը կազմել է 126,9 հազար մարդ։ Նրանցից 124,6 հազարը կամ 98,2%-ն աշխատել է Ռուսաստանում։

Զեկույցում նշվում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում հայաստանցի աշխատանքային միգրանտների նկատմամբ կկիրառվեն միության անդամ երկրներում աշխատաշուկայի կարգավորման նպատակով սահմանվող քվոտային սահմանափակումները։ Բացի այդ, նրանց եկամուտների նկատմամբ կվերականգնվի երրորդ երկրների քաղաքացիների համար նախատեսված հարկման ռեժիմը։

Նույն սցենարի դեպքում, ըստ զեկույցի, Հայաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ նույնպես կվերականգնվի հարկման այն ռեժիմը, որը կիրառվում է երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ։

Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի անդամակցության դադարեցումը ԵՏՄ-ին կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացմանը, մինչդեռ ԵՏՄ անդամ մյուս երկրների տնտեսությունների համար հետևանքները էական չեն լինի։

«Կանխատեսումների համաձայն՝ ԵՏՄ-ին Հայաստանի մասնակցության դադարեցումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշների վատթարացմանը (…), մինչդեռ Հայաստանի Հանրապետության անդամակցության կասեցման տնտեսական ազդեցությունը Միության անդամ պետությունների տնտեսությունների համար էական չի լինի»,- ասվում է «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին» զեկույցում։

Նշվում է, որ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը «ռիսկեր է պարունակում Եվրասիական տնտեսական միության գործունեության նպատակների իրագործման համար, որոնք սահմանված են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով»։

«Նման պայմաններում Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի մյուս կողմերը, միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին և սկզբունքներին, մասնավորապես՝ 1969 թվականի մայիսի 23-ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան, իրավունք ունեն համատեղ որոշում ընդունելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում։

Բացի այդ՝ անդամակցության կասեցման դեպքում Հայաստանին սպասվում է միության անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության ավելի քան կրկնակի կրճատում։ Ներկայումս այդ երկրներին բաժին է ընկնում Հայաստանի առևտրաշրջանառության 37,8%-ը, այդ թվում՝ արտահանման 38%-ը և ներմուծման 37,7%-ը։

«Հայաստանի Հանրապետության՝ ԵՏՄ-ին անդամակցության կասեցման դեպքում Հայաստանի Հանրապետության և ԵՏՄ անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառությունը կնվազի 4 մլրդ 439,7 մլն դոլարով կամ 2025 թվականի մակարդակի համեմատ 55,6%-ով՝ 7 մլրդ 990,6 մլն դոլարից հասնելով 3 մլրդ 550,9 մլն դոլարի»,- ասվում է զեկույցում։

ԵՏՄ շուկա Հայաստանից ապրանքների արտահանման ընդհանուր կրճատումը կանխատեսվում է 2 մլրդ 85,7 մլն դոլարի չափով կամ 2025 թվականի մակարդակի համեմատ երեք անգամ՝ 3 մլրդ 170 մլն դոլարից հասնելով 1 մլրդ 84,3 մլն դոլարի։

ԵՏՄ անդամ պետություններից Հայաստան ապրանքների ներմուծման նվազումը կանխատեսվում է 2 մլրդ 354 մլն դոլարի չափով կամ 2025 թվականի մակարդակի համեմատ 48,8%-ով՝ 4 մլրդ 820,6 մլն դոլարից հասնելով 2 մլրդ 466,6 մլն դոլարի։

Հաշվարկները կատարվել են այն սցենարի հիման վրա, որը ենթադրում է Հայաստանի լիիրավ անդամակցության պահպանումը Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ)։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի