«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող

Լուրեր

20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
Բոլորը

Եվրամիությունը «մեծ սխալ» է թույլ տալիս՝ տնտեսական շահերի պատճառով աչք փակելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա և բավարար ճնշում չգործադրելով Բաքվի վրա՝ նաև հայ գերիներին ազատ արձակելու համար․ Factor TV-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը (EPP)։

Եվրոպացի պատգամավորը Հայաստան-ԵՄ հարաբերություններում կարևորել է քաղաքացիներին շոշափելի օգուտներ բերող քայլերը՝ վիզաների ազատականացումից մինչև տնտեսական համագործակցության խորացում։ Factor TV-ի հետ զրույցում նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական պառակտվածությանը, կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերություններին, ինչպես նաեւ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարների։

Որպես մշտական զեկուցող՝ Միրիամ Լեքսմանը հետևում է Հայաստանում զարգացումներին և պատրաստում է ԵՄ-ի հետ ՀՀ հարաբերությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցները, որոնք քննարկվում ու քվեարկվում են նախ՝ համապատասխան հանձնաժողովում, ապա՝ լիագումար նիստում։

-Տիկի՛ն Լեքսման, որպես Եվրախորհրդարանի Հայաստանի հարցերով մշտական զեկուցող՝ ինչպե՞ս եք գնահատում երկրում ներկայիս իրավիճակը։

-Ես Հայաստանում էի ընտրությունների ժամանակ և, որքան հետևում եմ զարգացումներին, իրավիճակը շարունակում է շատ լարված մնալ։ Հասարակությունը խիստ պառակտված է։ Բայց, մյուս կողմից, կարծում եմ՝ ընտրություններն ավելի շատ յուրատեսակ հարցում էին այն մասին, թե մարդիկ ապագայում որտեղ են ցանկանում տեսնել իրենց երկիրը․ արդյո՞ք ցանկանում են լինել եվրոպական հասարակության մաս, թե՞ մնալ դրա ծայրամասերում, գուցե՝ Ռուսաստանի ազդեցության ներքո։ Այդ տեսանկյունից, կարծում եմ, որոշումը շատ համարձակ էր։ Իհարկե, հասկանում եմ, որ վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի, որովհետև Ուկրաինայում տեսնում ենք, թե ինչ է նշանակում, երբ երկիրը հակադրվում է Ռուսաստանին։

Այսպիսով, հասկանում եմ, որ, մի կողմից, հասարակությունը բավական պառակտված է, մյուս կողմից՝ քաղաքական ղեկավարությունը պետք է շատ զգույշ լինի, թե ինչպես է ուղղորդում հասարակության տրամադրությունները և երկրի ապագայի այն տեսլականը, որ մի օր այն ավելի ամուր կապեր կունենա Եվրամիության հետ։

Նաև կարող եմ ասել, որ շատ եմ գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու փորձերը։ Հայկական կողմը հսկայական ջանքեր է գործադրում, և, կարծում եմ, շատ հիասթափեցնող է, որ Թուրքիան նույնպիսի ջանքերով չի արձագանքում։

Պատմական պահ կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան կարողանային ինչ-որ կերպ հաշտվել անցյալի հետ և նոր ապագա սկսել։

Meeting of the European Parliament’s Bureau

«Եվրամիությունը մեծ սխալ է գործում Ադրբեջանի հարցում»

–Դուք խոսեցիք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջընթաց տեսնո՞ւմ եք։

-Կարծում եմ՝ այստեղ Եվրամիությունը մեծ սխալ է գործում․ մենք չենք կարողանում շատ հստակ դիրքորոշում արտահայտել Ադրբեջանի կառավարության ու Ալիևի վարչակարգի նկատմամբ և ճնշում գործադրել։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը,  գործնականում, խոչընդոտում է նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Եվ գիտենք, որ Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել Լեռնային Ղարաբաղի հայ քաղբանտարկյալներին։

Ես այդ մասին խոսեցի հոկտեմբերի 7-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում, երբ քննարկում էինք Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման ևս մեկ դեպք, ինչպես նաև շինծու դատավարություններով մարդկանց դատապարտելու հարցը։ Մենք փորձում ենք պաշտպանել այն մարդկանց, որոնք Ադրբեջանում հետապնդվում են իրենց հայացքների, քաղաքական կարծիքների և այլ պատճառներով։ Ես անդրադարձա նաև հայ գերիներին։

Ես Եվրահանձնաժողովին կոչ արեցի մարդու իրավունքները դնել Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կենտրոնում, որովհետև, ցավոք, տնտեսական շահերի պատճառով մենք աչք ենք փակում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա։

Եվրամիությունը բավականաչափ ուժեղ է՝ փոխելու այս ընթացքը և մեր հռչակած արժեքները գործնականում վերածելու գործողությունների։ Եվ ես շատ եմ ցավում՝ տեսնելով, որ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներն Ադրբեջան այցելելիս ինչ-որ կերպ չեն կարողանում հստակ ասել, որ Ադրբեջանից մեր ակնկալիքը ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքների պահպանումն է, և միայն դրանից հետո կարող ենք խորացնել մեր տնտեսական համագործակցությունը։

ԵՄ-ին անդամակցելու՝ Փաշինյանի հայտարարության մասին

–Օգոստոսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, թերևս, ԵՄ-ին նամակ ներկայացնի՝ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկության մասին։ Ձեր կարծիքով՝ Եվրամիությունում տեղեկացվա՞ծ են, թե կոնկրետ երբ Փաշինյանը նամակ կներկայացնի։

-Չեմ կարծում, որ ԵՄ-ում գիտեն, թե նա երբ է պատրաստվում հայտ ներկայացնել։ Իհարկե, այդ հայտը պատշաճ ձևով կընդունվի։ Մյուս կողմից՝ կասեի, որ կարևոր է կենտրոնանալ հարաբերությունների կառուցման իրական, փոքր քայլերի վրա, որոնք երկու կողմերին էլ դրական արդյունքներ կբերեն, այլ ոչ թե ունենալ մեծ ակնկալիքներ, որոնց իրականացումը շատ դժվար է։ Մասնավորապես, այստեղ կնշեի Եվրասիական տնտեսական միությունը, որի կազմում Հայաստանը դեռևս գտնվում է, և որը որոշ առումով խոչընդոտում է Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը։

Եվ չեմ կարծում, որ Հայաստանը պետք է շտապ քայլեր անի, հատկապես հիմա՝ Ռուսաստանի ճնշման պայմաններում։ Կարծում եմ՝ պետք է հարաբերություններում այնպես մանևրենք, որ դրանք, ինչպես ասացի, շահավետ լինեն երկու կողմերի՝ թե՛ հայերի, թե՛ Եվրամիության համար։

Մենք կարող ենք խորացնել տնտեսական համագործակցությունը։ Կարող ենք այնպես անել, որ վիզաների ազատականացումը հնարավորինս շուտ իրականանա։ Կարող ենք նպաստել մարդկանց միջև շփումներին, գործարար կապերին, ակադեմիական շրջանակների համագործակցությանը։ Եվ կարծում եմ՝ սա նույնիսկ ավելի արժեքավոր է, քան որևէ խորհրդանշական քայլ․ այսինքն՝ խորացնել հարաբերություններն այնպես, որ երկու կողմերն էլ դրանցից օգուտ տեսնեն։

Կարծում եմ՝ հենց դրա վրա պետք է կենտրոնանանք, հատկապես աշխարհաքաղաքական այս շատ բարդ պահին, երբ Եվրամիության սահմանների մոտ պատերազմ է։

Ուստի, կարծում եմ, սա այնպիսի իրավիճակ է, երբ երկու կողմերն էլ պետք է կատարեն իրենց տնային աշխատանքը՝ կենտրոնանալով անմիջական մարտահրավերների վրա։ Եվ միաժամանակ, իհարկե, աշխատեն ԵՄ–Հայաստան հարաբերություններն այնպես խորացնելու ուղղությամբ, որ քաղաքացիները դրանցից օգուտ ստանան։

–Իսկ ինչպե՞ս կարձագանքեք հակաեվրոպական քարոզչական այն պնդումներին, թե՝ «Եվրոպան Հայաստանին չի սպասում»։

-Դե, որոշ եվրոպացիներ սպասում են, ոմանք՝ գուցե ոչ։ Բայց, մյուս կողմից, կարող եմ հայ ժողովրդին վստահեցնել, որ եվրոպական երկրները՝ ԵՄ անդամ պետությունները, հասկանում են հարաբերությունները խորացնելու կարևորությունը Կովկասում գտնվող երկրի հետ ։ Մենք այնտեղ գործընկերներ ենք ուզում ունենալ, և դա, իհարկե, նաև երկու կողմերի անվտանգությունն է ամրապնդում։

Ուստի պետք է կենտրոնանանք հարաբերությունների խորացման օգուտների վրա, այլ ոչ թե այն դժվարությունների կամ մարտահրավերների, որոնք կան հնարավոր միավորման կամ ավելի սերտ հարաբերությունների ճանապարհին։

«Հայաստանը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի»

-Իսկ հիմա ո՞րն է Հայաստանի տնային աշխատանքը։

-Կարծում եմ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում կլինեն կոնկրետ քայլեր, որոնք հայկական կողմը պետք է կատարի, այդ թվում՝ տեխնիկական քայլեր։ Այնուհետև, իհարկե, ԵՄ օրենսդրությանը համապատասխան արտադրանքի որակի բարձրացումն է, որն անպայման դրական արդյունքներ և տնտեսական օգուտներ կբերի Հայաստանին, որովհետև այդ դեպքում կկարողանանք խորացնել մեր առևտրային հարաբերությունները։

–Այսինքն՝ Հայաստանն իր արտադրանքը պետք է ամբողջությամբ համապատասխանեցնի՞ եվրոպական չափանիշներին։

-Այո՛, դա կարևոր հարց է։ Իհարկե, Եվրամիությունն օգնության այդ քայլն արեց, երբ Հայաստանը Ռուսաստանի ճնշման ներքո շատ դժվար իրավիճակում էր հայտնվել։ ԵՄ-ն նվազեցրեց կամ վերացրեց մաքսատուրքերը, բայց, այո՛, տնային աշխատանքը դեռ պետք է կատարվի։  (Հոկտեմբերի 10-ից ուժի մեջ են մտել հայկական ծագման ապրանքների համար ԵՄ առևտրային արտոնությունները – խմբ․)

Հայաստանը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի՝ արտադրանքը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու համար, որովհետև այդ դեպքում մենք կկարողանանք խորացնել մեր տնտեսական համագործակցությունը։

Կարծում եմ՝ կարևոր է նաև ավելի ակտիվ աշխատել հասարակության հետ։ Հայաստանը ԵՄ անդամ շատ պետություններում մեծ սփյուռք ունի։ Ուստի լավ կլինի այդ պետությունների քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն դրական նպատակների վրա, որոնք կարող ենք միասին իրագործել ավելի սերտ համագործակցությամբ։

Իհարկե, Հայաստանը մեծ տնային աշխատանք ունի երկրի ներսում հարաբերությունները կարգավորելու, պառակտված հասարակության տարբեր հատվածների միջև կամուրջներ կառուցելու, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների ուղղությամբ աշխատանքը շարունակելու առումով։

Եվ գուցե տեսնել, թե ինչ կարելի է անել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի ազատ արձակի քաղբանտարկյալներին, ինչպես նաև ինչ քայլեր անել, որոնք կարող են բարելավել հարաբերությունները, ինչի համար ես հիմա մեծ հնարավորություններ չեմ տեսնում։ Բայց, միևնույն է, մենք երբեք, երբեք չպետք է հրաժարվենք դրանից։

Եկեղեցու նկատմամբ ճնշումը թուլացնելու կոչ

Եվ, գուցե, վերջին բանը, որ կասեի, մի հարց է, որը շատ զգայուն եմ ընկալում․ դա Հայաստանի ներսում Հայ եկեղեցու նկատմամբ ճնշումն է։ Ես խոսել եմ Հայաստանի քաղաքական ներկայացուցիչների հետ և փորձել եմ նրանց խնդրել կարգավորել հարաբերությունները՝ առկա բոլոր խնդիրներով հանդերձ, որոնցից մի քանիսը ես հասկանում եմ։

Բայց, միևնույն է, չափազանց կարևոր է, որ Հայ Առաքելական Եկեղեցին վայելում է քաղաքացիների ամենաբարձր վստահությունը։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ նվազեցվի կառավարության կողմից եկեղեցու նկատմամբ ճնշումը, և փորձ արվի կարգավորել հարաբերությունները, որպեսզի Հայ Առաքելական եկեղեցին կարողանա շարունակել իր այդքան առանցքային դերը՝ որպես հայ ժողովրդի մշակութային և արժեքային հենք, բայց նաև՝ որպես ազատության խորհրդանիշ, որը վեր է մարդկային իշխանությունից և որին բոլոր հայերը դժվար տարիներին ու անցած դարերում միշտ նայել են որպես հույսի խորհրդանիշի։

Հայաստանի վերաբերյալ զեկույցը պատրաստ կլինի մինչև տարեվերջ

–Ե՞րբ եք ակնկալում ներկայացնել Հայաստանի վերաբերյալ Ձեր հաջորդ զեկույցը։

-Ժամանակացույցն այսպիսին է․ նախատեսում ենք մինչև տարեվերջ պատրաստել Հայաստանի վերաբերյալ զեկույցը և այն քվեարկության դնել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ AFET-ում, ակնկալելով դրա հավանությունը։ Իսկ հաջորդ տարվա սկզբին զեկույցը կներկայացվի Եվրախորհրդարանի լիագումար նիստին։

– Այսինքն՝ հունվարի՞ն։

-Գուցե փետրվարին կամ մարտին։

–Շնորհակալություն հարցազրույցի համար։ Կցանկանայի՞ք որևէ բան ավելացնել։

-Այո՛․․․ Հայաստանն ու հայ ժողովուրդն իմ սրտում են։

 

Կարինե Ասատրյան

Բրյուսել