Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
Քաղաքականություն
20.10.2026 | 13:19
Փարիզում անցկացվող SIAL Paris 2026 սննդամթերքի և սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է երեք տաղավարով, որտեղ իր արտադրանքն է ցուցադրում հայաստանյան 36 ընկերություն։ Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն այցելել է հայկական տաղավարներ, հանդիպել ընկերությունների ներկայացուցիչներին և քննարկել հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման, եվրոպական շուկաներում դիրքերի ամրապնդման ու նոր գործարար կապերի հաստատման հնարավորությունները։
ՀՀ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․
«Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանն այցելել է սննդամթերքի և սննդարդյունաբերության ոլորտի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսի՝ SIAL Paris 2026-ի (Salon International de l’Alimentation) հայկական տաղավարներ։
Այցի շրջանակում դեսպանը հանդիպել է հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց արտադրանքին և քննարկել հայկական ագրոպարենային արտադրանքի արտահանման ընդլայնման, ֆրանսիական և եվրոպական շուկաներում դրա ներկայության ամրապնդման, ինչպես նաև հայաստանյան և ֆրանսիական գործարար շրջանակների միջև նոր գործընկերությունների ձևավորման հնարավորությունները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) աջակցությամբ կազմակերպված երեք հայկական տաղավարներում ներկայացված էին 36 հայաստանյան ընկերություններ, որոնք գործում են հրուշակեղենի, չրերի, թեյի և սուրճի, հյութերի և պահածոների, մեղրի, շոկոլադի, ձկնամթերքի, ինչպես նաև գինու և կոնյակի արտադրության ոլորտներում։
SIAL Paris-ի մասնակցությունը հայաստանյան արտադրողներին հնարավորություն է ընձեռում իրենց արտադրանքը ներկայացնել միջազգային գնորդներին և ներմուծողներին, հաստատել նոր գործարար կապեր, ընդլայնել արտահանման աշխարհագրությունը և բարձրացնել հայկական արտադրանքի ճանաչելիությունը միջազգային շուկաներում։
Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը երկու երկրների ռազմավարական գործընկերության կարևոր ուղղություններից է։ Այս համատեքստում միջազգային ցուցահանդեսներին հայաստանյան ընկերությունների մասնակցությունը նպաստում է արտահանման հնարավորությունների ընդլայնմանը, շուկաների դիվերսիֆիկացմանը և երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանը»։

