ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ։
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՖՖ անդամները կանոնադրական փոփոխություններ կատարելու նպատակով դիմել են արտահերթ ժողով հրավիրելու պահանջով։ Հաշվի առնելով հանրային արձագանքը՝ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումները։
Արտահերթ ժողով հրավիրելու դիմում է ներկայացրել ՀՖՖ 34 անդամից 29-ը, այդ թվում՝ Պրեմիեր լիգան ներկայացնող 9 ակումբ՝ «Արարատ-Արմենիա», «Նոա», «Փյունիկ», «Ալաշկերտ», «Սարդարապատ», «Վան», «Արարատ», «Գանձասար» և «Սյունիք», ՀՀ առաջին լիգան ներկայացնող 6 ակումբ՝ «Անդրանիկ», «Օլիմպիա», «Միկա», «Լեռնային Արցախ», «Բենտոնիտ» և «Արարատ Ավշար», ինչպես նաև մանկապատանեկան մրցաշարերին մասնակցող ակումբներ՝ «Ախթամար», «Աչաջուր», «Վեդի», «Այգ», «Նիկարմ», «Կումայրի», «Հայասա», «Լոռի Վանաձոր», «Վեստ Արմենիա», «Աղբյուրակ», «Անի» և «Աբովյան Ակադեմիա»։ Նախաձեռնությանը միացել են նաև «Երևան ֆուտզալի» և «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ակումբները։
Հետագայում տեղեկացել ենք, որ նախաձեռնությանը միանում է նաև «Վանաձոր» ակումբը։ Նախաձեռնությանը չեն միացել «Ուրարտու», «Շիրակ», «Դովեղ» և «Հայք» ակումբները։
ՀՖՖ կանոնադրության համաձայն՝ նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է երկու ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով։ Այդ նպատակով, կանոնադրության ուժով, կհրավիրվի Գործադիր կոմիտեի նիստ, որի ընթացքում կորոշվեն արտահերթ ժողովի օրն ու ժամը։
Հիշեցնենք նաև, որ այս տարվա վերջին կայանալու է ՀՖՖ հերթական տարեկան ժողովը, որի ընթացքում ընտրվելու են ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները, ՀՖՖ նախագահը և փոխնախագահը»,- նշված է հայտարարության մեջ։

