«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը

Լուրեր

12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
Բոլորը

«Լիդիան Արմենիան» նոր դատական հայցեր է ներկայացրել Ամուլսարի հանքի շահագործումը քննադատող բնապահպան իրավապաշտպաններ Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ՝ յուրաքանչյուրից պահանջելով 6 մլն դրամի փոխհատուցում և հրապարակային հերքում։ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT) և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն մտահոգություն են հայտնել, որ այս հայցերը կարող են ճնշման միջոց դառնալ և սահմանափակել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրային քննարկումները։ Կազմակերպությունները «Լիդիան Արմենիային» կոչ են արել հետ վերցնել հայցերը։

Կազմակերպությունների համատեղ հայտարարությունը՝ ստորև․

«Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT)՝ իրենց համատեղ Մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության դիտորդական կենտրոնի (The Observatory for the Protection of Human Rights Defenders) շրջանակում, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի (ՔՀԻ) հետ համատեղ, լուրջ մտահոգություն են հայտնում «Լիդիան Արմենիա» հանքարդյունաբերական ընկերության կողմից կին բնապահպան իրավապաշտպաններ Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ նախաձեռնված նոր դատական վարույթների կապակցությամբ։

Փարիզ, Ժնև, Երևան, 9 հոկտեմբերի 2026 թ. — Ստորագրող կազմակերպությունները մտահոգված են, որ այս դատական վարույթները, նույն իրավապաշտպանների դեմ նախկինում իրականացված դատական գործընթացների համատեքստում դիտարկվելիս, ունեն հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերին (SLAPP) բնորոշ հատկանիշներ և կարող են զսպող ազդեցություն ունենալ Հայաստանում բնապահպանական իրավապաշտպան գործունեության և հանրային շահին վերաբերող քննարկումների վրա։

Դիտորդական կենտրոնը և ՔՀԻ-ն կոչ են անում վերջ տալ դատական վարույթների այնպիսի կիրառմանը, որը կարող է վախեցնել, լռեցնել կամ հետ պահել բնապահպան իրավապաշտպաններին և հանրային վերահսկողություն իրականացնող այլ անձանց ու կազմակերպություններին հանրային կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ բարձրաձայնելուց։

Նազելի Վարդանյանը իրավաբան և երկարամյա բնապահպան իրավապաշտպան է, ինչպես նաև «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի ղեկավարը։ Նա երկար տարիներ ակտիվորեն զբաղվում է Ամուլսարի ոսկու հանքի և դրա բնապահպանական, սոցիալական ու մարդու իրավունքների վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ իրավական և հանրային շահերի պաշտպանության գործունեությամբ։

Թեհմինե Ենոքյանը բնապահպան իրավապաշտպան, լրագրող և «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահն է, որը երկար տարիներ բարձրաձայնում է Ամուլսարի ծրագրի՝ տեղական համայնքների և շրջակա միջավայրի վրա ազդեցությունների վերաբերյալ մտահոգությունները։

Նոր դատական վարույթ Նազելի Վարդանյանի դեմ

2026 թվականի փետրվարին «Լիդիան Արմենիան» նոր դատական վարույթ է նախաձեռնել Նազելի Վարդանյանի դեմ՝ կապված 2026 թվականի հունվարի 20-ին հրապարակված հարցազրույցում Ամուլսարի ծրագրի և «Լիդիան Արմենիայի» վերաբերյալ նրա արած հայտարարությունների հետ։

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի հարավում իրականացվող ոսկու արդյունահանման նախագիծ է, որի առնչությամբ տեղական համայնքներն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տարիներ շարունակ բարձրաձայնել են բնապահպանական և մարդու իրավունքներին վերաբերող մտահոգություններ։

Դատական հայցի մասին հրապարակային հայտարարության մեջ «Լիդիան Արմենիան» պնդել է, որ տիկին Վարդանյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և վնաս են հասցրել ընկերության գործարար համբավին ու Ամուլսարի ծրագրի հեղինակությանը։

Հայցի համաձայն՝ «Լիդիան Արմենիան» դատարանից պահանջում է պարտավորեցնել Նազելի Վարդանյանին հրապարակայնորեն հերքել վիճարկվող հայտարարությունները և հրապարակայնորեն հայտարարել, որ իր տարածած տեղեկությունները կեղծ են։ Ընկերությունը նաև իրավապաշտպանից պահանջում է 6 միլիոն ՀՀ դրամի՝ մոտավորապես 13 000 եվրոյի, փոխհատուցում։

Տիկին Վարդանյանը պնդում է, որ իր բարձրացրած հարցերը վերաբերում են Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի հետ կապված հանրային էական նշանակություն ունեցող խնդիրների և արտացոլում են այն մտահոգություններն ու դիրքորոշումները, որոնք նա տարիներ շարունակ հրապարակայնորեն արտահայտել է։

Դիտորդական կենտրոնը և ՔՀԻ-ն հատկապես մտահոգված են զգալի ֆինանսական պահանջի և իրավապաշտպանին իր տարածած տեղեկությունները կեղծ ճանաչող հրապարակային հայտարարություն անելու պարտադրանքի համակցությամբ։ Նման պահանջները կարող են հետևանքներ ունենալ ոչ միայն կոնկրետ պատասխանողի համար, այլև շատ ավելի լայն շրջանակում՝ հետ պահելով այլ անձանց խոշոր տնտեսական ծրագրերի բնապահպանական և մարդու իրավունքների վրա ազդեցությունները քննադատաբար ուսումնասիրելուց և դրանց վերաբերյալ բարձրաձայնելուց։

Նոր դատական վարույթ Թեհմինե Ենոքյանի դեմ

Միևնույն ժամանակ Թեհմինե Ենոքյանի դեմ ևս «Լիդիան Արմենիայի» կողմից նոր դատական հայց է ներկայացվել՝ կապված նրա ֆեյսբուքյան հրապարակման հետ, որտեղ նա մտահոգություններ էր բարձրացրել Ամուլսարում իրականացվող շինարարական աշխատանքների հետ ենթադրաբար կապված ջրի աղտոտման և հրդեհների դեպքերի վերաբերյալ։

Ամուլսարի ոսկու հանքի վերաբերյալ Բեռնի կոնվենցիայի շրջանակում քննվող գործով դիմումատուների կողմից 2026 թվականի փետրվարին ներկայացված զեկույցի համաձայն՝ դատական վարույթը վերաբերում է աղտոտված ջրի լուսանկարով ուղեկցվող ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ տիկին Ենոքյանը նշել էր, որ Ամուլսարում իրականացվող շինարարական աշխատանքները մի քանի անգամ հանգեցրել են ջրի աղտոտման և հրդեհների։

Զեկույցում նշվում է, որ «Լիդիան Արմենիան» պահանջում է, որպեսզի Թեհմինե Ենոքյանը լրատվամիջոցների միջոցով հրապարակայնորեն հերքի վիճարկվող հայտարարությունը և վճարի 6 միլիոն ՀՀ դրամ։

Դիմումատուները դատական վարույթը հստակ բնութագրում են որպես SLAPP-ի նոր դեպք։

Այն հանգամանքը, որ «Լիդիան Արմենիան» միաժամանակ դատական վարույթներ է իրականացնում երկու կին բնապահպան իրավապաշտպանների դեմ՝ երկու դեպքում էլ պահանջելով հրապարակային հերքում և 6 միլիոն ՀՀ դրամ, խորացնում է մտահոգությունները պահանջվող միջոցների համաչափության, ինչպես նաև բնապահպանական իրավապաշտպան գործունեության և հանրային մասնակցության վրա դրանց հնարավոր զսպող ազդեցության վերաբերյալ։

Դատական հետապնդումների կրկնվող միտում

Ներկայիս դատական վարույթները չպետք է դիտարկվեն մեկուսացված՝ առանց հաշվի առնելու Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հրապարակային վերահսկողություն կամ քննադատություն իրականացրած բնապահպան իրավապաշտպանների դեմ տարիներ շարունակ նախաձեռնված դատական գործընթացների և ճնշման այլ ձևերի ավելի լայն համատեքստը։

Դեռևս 2019 թվականի մայիսին Դիտորդական կենտրոնը, հիմնվելով «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տրամադրած տեղեկությունների վրա, խորը մտահոգություն էր հայտնել Նազելի Վարդանյանի, Թեհմինե Ենոքյանի և Ամուլսարի հանքի վերաբերյալ իրենց գործունեության պատճառով թիրախավորված այլ բնապահպան իրավապաշտպանների, լրագրողների և իրավաբանների նկատմամբ դատական հետապնդումների և վարկաբեկիչ արշավների կապակցությամբ։

Դիտորդական կենտրոնը փաստագրել է «Լիդիան Արմենիայի» կողմից մի շարք բնապահպան իրավապաշտպանների, այդ թվում՝ Նազելի Վարդանյանի դեմ ներկայացված՝ զրպարտությանը վերաբերող քաղաքացիական հայցերը։ Այն նաև փաստագրել է կին բնապահպան իրավապաշտպանների, այդ թվում՝ Թեհմինե Ենոքյանի դեմ ուղղված վիրավորական և սեքսիստական վարկաբեկիչ արշավները, ինչպես նաև Նազելի Վարդանյանի՝ որպես իրավաբանի մասնագիտական հեղինակությունը խաթարելուն ուղղված փորձերը։

2018 թվականի դեկտեմբերին «Լիդիան Արմենիան» արդեն իսկ զրպարտության վերաբերյալ քաղաքացիական հայց էր ներկայացրել Նազելի Վարդանյանի դեմ՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ նրա հրապարակային վերահսկողության և քննադատության հետ կապված հայտարարությունների առնչությամբ։ Գործով առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում նրա դեմ դատական ակտեր էին կայացվել, սակայն վերջնական արդյունքում փոխհատուցման չափը նվազեցվել էր, իսկ հրապարակային հերքում տարածելու պահանջը վերաքննիչ ատյանի կողմից վերացվել էր։

Թեհմինե Ենոքյանը նույնպես իր բնապահպանական գործունեության հետ կապված շարունակական ճնշումների է ենթարկվել։ Դիտորդական կենտրոնը նախկինում փաստագրել էր նրա դեմ ուղղված սեքսիստական հարձակումները, ինչպես նաև այն դատական գործընթացները, որոնք նա նախաձեռնել էր իր վերաբերյալ վիրավորական նյութերի և ենթադրյալ հսկողության հետ կապված բովանդակության առցանց տարածումից հետո։

Այն հանգամանքը, որ մի քանի տարի անց նույն երկու կին բնապահպան իրավապաշտպանները կրկին կանգնած են իրենց՝ հանրային շահերի պաշտպանության գործունեության հետ կապված քաղաքացիական հայցերի առաջ, առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում կրկնվող դատական վարույթների իրական շարժառիթների և կուտակային ազդեցության վերաբերյալ։

Նույնիսկ այն դեպքերում, երբ պատասխանողը վերջնական արդյունքում հաղթում է դատական գործը, երկարատև դատական վարույթներն ու վնասի փոխհատուցման պահանջները կարող են խլել զգալի ժամանակ և ռեսուրսներ, առաջացնել էական իրավական և ֆինանսական ծախսեր, գործադրել հոգեբանական ճնշում և հետ պահել այլ բնապահպան իրավապաշտպանների, լրագրողների, իրավաբանների, գիտնականների ու ազդակիր բնակիչների՝ հանրային քննարկումներին մասնակցելուց։

Բնապահպանական քննադատությունը հանրային շահին վերաբերող պաշտպանված խոսք է

Խոշոր հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական և առողջապահական հետևանքներին, ջրային ռեսուրսների և կենսաբազմազանության պահպանությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների պատշաճությանը, որոշումների կայացման գործընթացների թափանցիկությանը և օրինականությանը, ինչպես նաև նման ծրագրեր իրականացնող ընկերությունների գործունեությանը վերաբերող հարցերը ակնհայտորեն հանրային շահ են ներկայացնում։

Դիտորդական կենտրոնը և ՔՀԻ-ն ընդունում են, որ ձեռնարկություններն իրավունք ունեն պաշտպանելու իրենց հեղինակությունը և օրինական հիմքերի առկայության դեպքում դիմելու դատական պաշտպանության միջոցների։ Սակայն այդ իրավունքը պետք է հավասարակշռվի արտահայտվելու ազատության իրավունքի և այն էական դերի հետ, որն իրականացնում են իրավապաշտպանները, լրագրողները, իրավաբանները, բնապահպանական կազմակերպությունները, փորձագետներն ու ազդակիր համայնքները՝ շրջակա միջավայրի և մարդու իրավունքների վրա էական ազդեցություն ունենալու հնարավորությամբ ծրագրերի նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու գործում։

Եվրոպայի խորհուրդը նման ռիսկերը ճանաչել է Հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի (SLAPP) կիրառմանը հակազդելու վերաբերյալ CM/Rec(2024)2 հանձնարարականում։ Հանձնարարականը, ի թիվս այլ հանգամանքների, հնարավոր SLAPP-ների ցուցիչների շարքում նշում է անհամաչափ իրավական պաշտպանության միջոցների պահանջները, ինչպես նաև բազմակի կամ համակարգված դատական վարույթների նախաձեռնումը։

Բնապահպան իրավապաշտպաններին պաշտպանելու Հայաստանի պարտավորությունը

Բնապահպան իրավապաշտպանների պաշտպանությունը հստակորեն ճանաչված է նաև Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունմանը հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիայով՝ Օրհուսի կոնվենցիայով, որի կողմ է Հայաստանը։

Օրհուսի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 8-րդ կետը յուրաքանչյուր Կողմից պահանջում է ապահովել, որ Կոնվենցիայով նախատեսված իրենց իրավունքներն իրականացնող անձինք իրենց գործունեության պատճառով որևէ կերպ չպատժվեն, չհետապնդվեն կամ ճնշումների չենթարկվեն։

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (UNECE) պարզաբանել է, որ բնապահպան իրավապաշտպաններ կարող են լինել անհատները, խմբերը, տեղական համայնքները, բնապահպանական հասարակական կազմակերպությունները, իրավաբաններն ու լրագրողները, որոնք ձգտում են պաշտպանել իրենց առողջության և բարեկեցության համար բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը։

Սա Հայաստանի իշխանությունների վրա դնում է դրական պարտավորություն՝ ապահովելու, որ մասնավոր սուբյեկտների կողմից նախաձեռնված դատական վարույթները չվերածվեն այնպիսի մեխանիզմի, որի միջոցով բնապահպան իրավապաշտպանները Կոնվենցիայով պաշտպանված իրենց իրավունքներն իրականացնելու համար ենթարկվում են պատասխան ճնշումների կամ անհամաչափ բեռի։

Առանձնահատուկ մտահոգություն կին իրավապաշտպանների առնչությամբ

Դիտորդական կենտրոնը և ՔՀԻ-ն առանձնահատուկ մտահոգված են այն հանգամանքով, որ երկու պատասխանողներն էլ կին իրավապաշտպաններ են, որոնք իրենց բնապահպանական իրավապաշտպան գործունեության հետ կապված տարիներ շարունակ ենթարկվել են ճնշումների։

Դիտորդական կենտրոնի կողմից նախկինում փաստագրված գենդերային բնույթի վարկաբեկիչ արշավները ցույց են տալիս, որ այս իրավապաշտպանների դեմ դատական գործընթացները տեղի են ունենում ավելի լայն միջավայրում, որտեղ ազդեցիկ տնտեսական շահերը հրապարակայնորեն վիճարկող կանայք կարող են բախվել ոչ միայն իրավական և ֆինանսական ճնշումների, այլև իրենց արժանապատվությանն ու հեղինակությանն ուղղված գենդերային հարձակումների։

Նման հանգամանքները պահանջում են հատուկ ուշադրություն դարձնել կին իրավապաշտպանների դեմ ուղղված ճնշումների կուտակային և գենդերային ազդեցությանը։

Դիտորդական կենտրոնը և ՔՀԻ-ն կոչ են անում ձեռնարկել գործողություններ

Դիտորդական կենտրոնը և ՔՀԻ-ն կոչ են անում «Լիդիան Արմենիային» հետ վերցնել Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ ներկայացված հայցերը և Ամուլսարի ծրագրի վերաբերյալ քննադատությանը արձագանքել թափանցիկության, տեղեկատվության մատչելիության, գիտական ապացույցների և բովանդակալից հանրային երկխոսության միջոցով, այլ ոչ թե այնպիսի դատական վարույթներով, որոնք կարող են զսպող ազդեցություն ունենալ հանրային մասնակցության վրա։

Նրանք նաև կոչ են անում Հայաստանի իշխանություններին ապահովել, որ Նազելի Վարդանյանը և Թեհմինե Ենոքյանը կարողանան իրացնել արտահայտվելու ազատության, բնապահպանական հարցերի վերաբերյալ հանրային մասնակցության և մարդու իրավունքների պաշտպանության իրենց իրավունքները՝ առանց վախեցման, պատասխան ճնշումների կամ հետապնդման։

Այդ նպատակով Հայաստանի իշխանությունները պետք է, մասնավորապես, ապահովեն, որ դատական ընթացակարգերը չօգտագործվեն իրավապաշտպանների վրա անհամաչափ բեռ դնելու համար, մշակեն արդյունավետ հակա-SLAPP երաշխիքներ՝ Եվրոպայի խորհրդի CM/Rec(2024)2 հանձնարարականին համապատասխան, ինչպես նաև ամբողջությամբ իրականացնեն Օրհուսի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 8-րդ կետով Հայաստանի ստանձնած պարտավորությունները։

Դիտորդական կենտրոնը և ՔՀԻ-ն նաև կոչ են անում մարդու իրավունքների և բնապահպանական հարցերով միջազգային մեխանիզմներին, այդ թվում՝ Օրհուսի կոնվենցիայի շրջանակում գործող Բնապահպան իրավապաշտպանների հարցերով հատուկ զեկուցողին, ուշադիր հետևել Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ ընթացող դատական վարույթներին, ինչպես նաև Հայաստանում բնապահպան իրավապաշտպանների ընդհանուր իրավիճակին»։