Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Թուրինի «Յուվենտուսի» հայաստանյան ֆուտբոլային ակադեմիան սեպտեմբերի 30-ին պաշտոնապես բացեց իր դռները, հաղորդում է Factor TV-ի թղթակիցը:
Առավոտյան կայացավ Ավան վարչական շրջանի (Աճառյան 20/4) մասնաճյուցի բացման արարողությունը: «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու «Յուվենտուսի» գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնի հետ հանդիսավոր կտրեց կարմիր ժապավենը։
Միջոցառմանը ներկա էին նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին, «Յուվենտուսի» ու Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆաբրիցիո Ռավանելին, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը և այլք:
Հյուրերը «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանի հետ շրջեցին մարզաբազայի տարածքով, ծանոթացան ենթակառուցվածքներին ու գերժամանակակից տեխնոլոգիաներին, իսկ վերջում ընդգծեցին նախագծի կարևորությունը հայկական ֆուտբոլի զարգացման հարցում:
Հաջորդ կանգառը Նոր Հաճն քաղաքն էր, որտեղ տեղի ունեցավ երրորդ մասնաճյուղի հիմնարկեքի արարողությունը՝ նոր կառուցվող սպորտային թաղամասում:
«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի երևանյան երկրորդ մարզաբազան «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ է (Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3)։ Այդ մարզաբազայում կառուցվել է նաև ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի ստանդարտներին համապատասխան Freedom Arena մարզադաշտը, որը հյուրընկալում է շուրջ 2000 հանդիսական: Սեպտեմբերի 30-ի երեկոյան կկայանա նաև Freedom Arena-ի բացման արարողությունը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայում իտալացի մարզիչների գլխավորությամբ արդեն մարզվում է շուրջ 800 երեխա:
Դավիթ Եղիազարյան
























