«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.09.2026 | 18:22Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանական ելույթում անդրադարձավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ձեռագրին, Ադրբեջանից հնչող թեզերին և Դաշնակցության հասցեին հնչող քննադատություններին:
Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ ի տարբերություն քաղաքական այլ ուժերի, որոնք քաղաքական մոդային հագուրդ տալով հաճախ փոխում են իրենց կերպարները, ՀՅԴ-ում երիտասարդության սերնդափոխությունը բնականոն ընթացք է: Պատգամավորը հիշատակեց թիմակից Քրիստինե Վարդանյանի առաջարկած «երիտշևիկյան» տերմինը՝ զուգահեռներ անցկացնելով իր կողմից առաջ քաշված «նեոբոլշևիկյան» բնորոշման հետ: Ըստ Խաչատրյանի՝ ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է բոլշևիկյան մեթոդները․ պատերազմը քաղաքացիականի վերածել, դասակարգային պայքար հրահրել և փորձել սահմանել «պրոլետարիատի դիկտատուրա» կամ ռազմական կոմունիզմ:
Հակադարձելով ՀՅԴ-ի հասցեին հնչող մեղադրանքներին՝ Արթուր Խաչատրյանը շեշտեց, որ Դաշնակցությունն իր 136-ամյա գաղափարախոսությամբ և կառույցով շարունակելու է իր գոյությունը: ՔՊ-ականների քննադատություններին պատասխանելու համար պատգամավորը մեջբերեց Աթաբեկ Խնկոյանի թարգմանած Իվան Կռիլովի «Փիղն ու շնիկը» հայտնի առակը՝ ակնարկելով, որ Դաշնակցության վրա «հաչողները» պարզապես փորձում են ինքնահաստատվել ու աղմուկ հանել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

