«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.09.2026 | 21:00Դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին անկողնուց տեղափոխել են պատգարակի վրա՝ դատարան տանելու համար։
Հենց այդպես՝ պատգարակով, Խաչատրյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ քննվում էր նրան կալանավորելու հարցը։ Դատական նիստի ընթացքում նա սկզբում պառկած է եղել իրար միացված աթոռների վրա, ապա՝ հիվանդանոցային շարժական մահճակալին։
Դատարանը բավարարել է քննիչների միջնորդությունը, և Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է երկու ամսով։
Պաշտպանական կողմը պնդում է, որ դատարան տեղափոխվելուց հետո Խաչատրյանի առողջական վիճակը չի բարելավվել, իսկ քրեակատարողական հիմնարկում նրա համար անհրաժեշտ պայմանները բացակայում են։
«Ես քիչ առաջ փորձեցի Գագիկ Խաչատրյանին տեսակցել քրեակատարողական հիմնարկում, սակայն նրան հնարավորություն չեղավ ուղեկցել ինձ մոտ՝ քննչական սենյակ։ Այսինքն՝, ըստ էության, ցավերի մեջ էր և այդ շարժունակությունը չուներ, որ տեղափոխեին, պաշտպանի հետ հաղորդակցություն չունեցավ։ Պարզվեց, որ մինչև հիմա, ըստ էության, չի սնվել, այսինքն՝ արդեն 24 ժամից ավելի է՝ որևէ կերպ չի սնվել, իսկ նրա դեղորայքն ընդունելու համար կոնկրետ սննդակարգ է պետք։ Պարզվեց, որ առավոտյան, երբ եկել էին խուզարկության, տեսել էին, որ կաթետեր է դրված՝ համապատասխան պարկով։ Այսինքն՝ մինչև հիմա այդ միզապարկը չի փոխվել»,- նշել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
Խաչատրյանի կալանավորումը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հրապարակային դժգոհությունից օրեր անց։ Օգոստոսի 27-ին վարչապետը քննադատել էր դատական համակարգը՝ հարց բարձրացնելով, թե ինչպես են աղմկահարույց գործերով անցնող նախկին և ներկա պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները խուսափում պատասխանատվությունից։
«Ո՞նց ա գնում, որ մի հատ խեղճ ու կրակի բռնում են, տանում են, 20 տարի նստացնում են, իսկ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվում են Հայաստանի դատական համակարգով։ Ո՞նց, ձրի՞»։
Այս հայտարարությունից հինգ օր անց ձերբակալվել է Գագիկ Խաչատրյանը։
Նրան կալանավորելու քննիչների միջնորդությունը բավարարել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։ Նույն դատավորը նախկինում ընտրակաշառքի գործով արդարացրել էր Գագիկ Ծառուկյանին։
Խաչատրյանի պաշտպանները կալանքի անհրաժեշտությունը վիճարկելիս շեշտում են նաև մեկ այլ հանգամանք․ տարիներ շարունակ դատարանն ինքն է նրան թույլատրել բուժման նպատակով մեկնել Հայաստանից և վերադառնալ։
«Գագիկ Խաչատրյանին մոտ 13 անգամ դատարանը թույլ է տվել, որպեսզի մեկնի վերականգնողական բուժման՝ Գերմանիայի Դաշնություն, Ֆրանսիա, Ռուսաստան, բայց այն պահին, երբ որ միջնորդում էինք, ասում էինք՝ թույլ տուր վիրահատության համար մեկնի, դատարանը մերժում էր։ Ամեն անգամ պատշաճ ժամկետին, առանց մի օրվա խախտման, Գագիկ Խաչատրյանը վերադարձել է»,- ասել է փաստաբանը։
Պաշտպանական կողմի տրամաբանությամբ՝ եթե Խաչատրյանը նախկինում բազմիցս վերադարձել է արտերկրում բուժում ստանալուց հետո, ապա փախուստի ռիսկը չի կարող ինքնին բավարար հիմք լինել նրա կալանավորման համար։
Սակայն գործի շուրջ քննարկումը չի սահմանափակվում միայն կալանքի իրավաչափության հարցով։ Խաչատրյանի տեղափոխման կադրերի հրապարակումից հետո առաջին պլան է եկել նաև այն հարցը, թե արդյոք քրեական արդարադատությունը կարող է իրականացվել այնպիսի պայմաններում, որոնք կարող են նվաստացուցիչ լինել կամ հանգեցնել մարդու իրավունքների խախտման։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է՝ համակարգային կոռուպցիայի համար պատասխանատուները պետք է ենթարկվեն պատասխանատվության, սակայն դա չի կարող տեղի ունենալ մարդու իրավունքների խախտման հաշվին։
«Չի կարելի արդարադատությունը կամ արդարադատության հասնելը իրավունքների խախտման ճանապարհով իրականացնել։ Պատգարակով անձի դատարանի դահլիճում գտնվելը և այդ վիճակով դատական նիստ անցկացնելն անթույլատրելի է»,- ասել է Սաքունցը։
Խաչատրյանի առողջական վիճակը, այդուհանդերձ, դարձել է նաև հանրային քննարկման առանձին թեմա։
Սոցիալական ցանցերում օգտատերերի մի մասը կասկածի տակ է դնում նրա առողջական լուրջ խնդիրների առկայությունը։ Factor TV-ն իր YouTube ալիքում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե մարդիկ Խաչատրյանի նկատմամբ ԱԱԾ աշխատակիցների գործողությունները խոշտանգո՞ւմ են համարում։ Հարցմանը մասնակցածների ավելի քան 75 տոկոսը պատասխանել է՝ ոչ։
Սաքունցը, սակայն, ընդգծում է՝ նույնիսկ եթե հասարակության մի մասը կասկածում է Խաչատրյանի առողջական խնդիրներին, դա չի կարող փոխարինել իրավական գնահատականին։
«Բոլոր այն խոսակցությունները, թե դա սիմուլյանտություն է, թե իրականում ինքն այդ առողջական խնդիրներով չի տառապում և այլն, դրանք ընդամենը խոսակցություններ են և որևէ արդարացում կամ հիմնավորում այն պատկերի, որ մենք տեսանք, չեն կարող ունենալ։ Չի կարելի ընդունելի համարել»,- ասել է նա։
Իրավապահներն իրենց հերթին վկայակոչում են այլ հանգամանքներ։ Դատախազությունը Խաչատրյանի վերաբերյալ հաղորդագրության մեջ նշել էր, որ նա հրաժարվել է ՄՌՏ հետազոտություն անցնելուց։ Նշվել էր նաև, որ վիրահատության անհրաժեշտության դեպքում այն հնարավոր է իրականացնել Հայաստանում։
Պաշտպանական կողմը հակադարձում է՝ ՄՌՏ-ից հրաժարվելու պատճառը հետազոտությունից խուսափելը չէ, այլ դրա հետ կապված հնարավոր առողջական ռիսկերը։
«Այս ամբողջ ընթացքում երևի մոտ 10-ից ավելի ՄՌՏ հետազոտություն է անցել հենց քննչական մարմնի ու դատարանի պահանջով։
Հետազոտություն կատարող բժշկին հարց եմ տալիս, ասում եմ՝ դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ այս իրավիճակում, եթե նրան ՄՌՏ հետազոտություն իրականացնեք, վիճակը չի վատթարանա, առողջական վիճակի բացասական դինամիկա չի լինի և ավելի մեծ ռիսկեր չի պարունակի։ Ասում է՝ ոչ»,- ասել է փաստաբանը։
Գագիկ Խաչատրյանի անունը վարչապետի՝ օգոստոսի 27-ի ելույթում հնչել էր նաև մեկ այլ համատեքստում։
«Ո՞նց է լինում, որ Գագիկ Խաչատրյանը դատվում է, դատավորը լկտիաբար այնքան դատը հետաձգում է, որ ինքը թոշակի գնա, որ այդ ամբողջ իրավական պրոցեսը զրոյանա։ Ձրի՞… լուրջ ե՞ք ասում»,- նշել էր Փաշինյանը։
Վարչապետը, ըստ էության, խոսում էր տարիներով ձգվող դատավարությունների և անպատժելիության խնդրի մասին։ Դատական համակարգի նկատմամբ այս քննադատությունը մասամբ կիսում է նաև Արթուր Սաքունցը։ Սակայն նա խնդրի լուծման այլ ճանապարհ է առաջարկում՝ այնպիսի մեխանիզմների ներդրում, որոնք հնարավորություն կտան պատասխանատվության հարցը լուծել ոչ թե քաղաքական հայտարարություններին հաջորդող քրեական գործընթացներով, այլ համակարգված փաստահավաք և իրավական ընթացակարգերով։
«Ինչ էինք ժամանակին առաջարկում․ անցումային արդարադատության գործիքների կիրառում, երբ որ կհավաքվեին կամ կիրականացվեին փաստահավաք հանձնաժողովի աշխատանքները, և տուժածները այդ համակարգային կոռուպցիայից վկայություններ կտային մարդու իրավունքների խախտումների մասին։ Եվ այդ վկայությունների հիման վրա կիրականացվեր քննությունը, և ոչ թե, ասենք թե, այս կամ այն քաղաքական հայտարարությամբ պայմանավորված լիներ քննության իրականացման մեկնարկը»,- ասել է Սաքունցը։
Այս պատմության շուրջ իրավական գործընթացները դեռ ավարտված չեն։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Խաչատրյանի տեղափոխման տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո սկսել է հարցի քննարկման ընթացակարգ։ Այցի և ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ՄԻՊ-ը դեռ տեղեկություն չի հրապարակել։
Խաչատրյանի փաստաբանները նաև դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հրատապ միջոց կիրառելու պահանջով և սպասում են դատարանի արձագանքին։
Նոր քրեական վարույթում խոսքը առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վատնման, գույքի ապօրինի օտարման և փողերի լվացման ենթադրյալ դեպքերի մասին է։
Գագիկ Խաչատրյանը 2000 թվականից բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել հարկային մարմնում։ 2014-2016 թվականներին նա եղել է ֆինանսների նախարար։
Եվգենյա Համբարձումյան

