ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
Քաղաքականություն
22.10.2026 | 13:30
Եվրամիությունում կրկին քննարկում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչ նշանակելու գաղափարը։ Այս մասին գրել է Politico-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայութունը։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ քննարկումներն ակտիվացել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Ռուսաստան կատարած այցից հետո։ Ուիթքոֆը Պուտինին առաջարկել էր անցկացնել եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ։ Եվրոպական երկրները մտավախություն ունեն, որ Վաշինգտոնը կարող է առանց իրենց համաձայնեցնել այնպիսի պայմաններ, որոնք ձեռնտու չեն լինի Կիևին։
«Որքան էլ դա տհաճ լինի, ես իսկապես կարծում եմ, որ օգտակար կլիներ Պուտինի հետ հաղորդակցության որևէ խողովակ ունենալ»,- հայտարարել է Լոնդոնի Թագավորական միացյալ պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի (RUSI) պատվավոր գիտաշխատող Դեյվիդ Լիդինգթոնը։
Նրա խոսքով՝ ինքը կարճաժամկետ հեռանկարում նշանակալի արդյունքներ չի ակնկալում, սակայն օգտակար է համարում հաղորդակցության ուղի ունենալը, որից հնարավոր կլինի օգտվել, երբ համապատասխան հնարավորություն ստեղծվի։
Politico-ի տեղեկություններով՝ ԵՄ հնարավոր հատուկ ներկայացուցիչների թվում նշվում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալլասի անունները։ Որոշ դիվանագետներ առաջարկում են դիտարկել նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի թեկնածությունը։ Նրանք մատնանշում են նրա կապերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և Ֆինլանդիայի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների փորձը։
Եվրոպացի դիվանագետներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, պարբերականին հայտնել է, որ Ստուբն առայժմ միակ քաղաքական գործիչն է Եվրոպայում, որը բարձր մակարդակով առաջնորդական դեր է դրսևորել։ Սակայն դիվանագիտական շրջանակների այլ ներկայացուցիչներ կարծում են, որ բանակցային առաքելությունը պետք է վստահել Կոշտային։ Անցյալ շաբաթ Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի ընթացքում եվրոպացի առաջնորդները Եվրոպական խորհրդի նախագահին հարցրել են՝ արդյո՞ք ժամանակը չէ կապ հաստատել Պուտինի հետ։ Politico-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Կոշտան բացասական պատասխան է տվել, սակայն ընդունել է երկխոսության անհրաժեշտությունը, եթե Եվրամիությունը մտադիր է մասնակցել բանակցային գործընթացին։
Պարբերականի մեկ այլ աղբյուրի կարծիքով՝ Կոշտան կարող էր ավելի չեզոք միջնորդի դեր ստանձնել, քան ֆոն դեր Լայենը կամ Կալլասը։ Աղբյուրի գնահատմամբ՝ վերջիններիս ընկալում են որպես քաղաքական գործիչների, որոնք առավելապես կողմնակից են Ուկրաինային աջակցելուն։ Politico-ի զրուցակիցներից մեկը շեշտել է, որ Եվրամիությունը պետք է համաձայնության գա մեկ միասնական ներկայացուցչի շուրջ և բանակցությունների չուղարկի միանգամից մի քանի գործչի, որոնցից յուրաքանչյուրը հավակնելու է խոսել Միության անունից։ Նրա խոսքով՝ թեկնածուի ընտրության ժամանակ պետք է առաջնորդվել գործնական արդյունքների հասնելու հնարավորությամբ, այլ ոչ թե առանձին քաղաքական գործիչների՝ սեփական դիրքերն ամրապնդելու ձգտումով։
Դեռևս հունվարին Politico-ն հայտնել էր, որ ԵՄ-ում քննարկվում է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար հատուկ ներկայացուցչի ուղարկելու գաղափարը։ Այն ժամանակ այդ առաջարկին աջակցել էին եվրոպացի մի քանի առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։
Պուտինը նախկինում հայտարարել էր, որ պատրաստ է բանակցություններ վարել եվրոպական երկրների հետ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը պնդել է, որ Եվրոպան խաղաղության օրակարգ չունի և աջակցում է պատերազմի շարունակմանը։ Որպես եվրոպական կողմի նախընտրելի ներկայացուցիչ՝ Մոսկվան առաջադրել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի թեկնածությունը։
Կալլասը դեմ է արտահայտվել այդ տարբերակին։ Նրա խոսքով՝ Շրյոդերը հարմար թեկնածու չէ այդ դերի համար, քանի որ նախկինում լոբբինգ է արել ռուսական պետական ընկերությունների շահերի օգտին։ Նա նաև մատնանշել է շահերի բախման խնդիրը՝ հայտարարելով, որ այդ դեպքում Շրյոդերը կհայտնվեր բանակցային սեղանի երկու կողմերում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

