Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
Քաղաքականություն
22.10.2026 | 13:13
Հռոմի պապ Լևոն XIV-ին այլևս քաղցկեղի դեմ բուժում չի պահանջվի: Այս մասին հայտնել են նրա բժիշկներն այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Հռոմի պապի մոտ թոքի քաղցկեղ էր ախտորոշվել և նա վիրահատության էր ենթարկվել, գրում է DW-ն։
Վատիկանը, վկայակոչելով Պապի բժիշկներ Լուիջի Կարբոնեին և Ստեֆանո Մարգարիտորային, հայտնում է, որ հիվանդությունը տեղային է եղել, և «հետագա բուժման» կարիք չկա։ Սա հաստատում է ավելի վաղ արված կանխատեսումները, որոնց համաձայն՝ պապի քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլում։
Անցյալ շաբաթ՝ հոկտեմբերի 13-ին, Հռոմի Ջեմելի հիվանդանոցում պապը վիրահատության էր ենթարկվել, հեռացվել էր նրա աջ թոքի ստորին բիլթը։
71-ամյա կաթոլիկ քահանայապետի բժիշկները հայտնել են, որ վիրահատության ընթացքում հեռացված հյուսվածքի վերջնական հիստոպաթոլոգիական և մոլեկուլային հետազոտությունների արդյունքները պատրաստ են։
«Արդյունքները հաստատել են, որ ուռուցքը թոքերի ադենոկարցինոմա է, հիվանդությունը տեղայնացված է։ Հետագա ուռուցքաբանական գնահատումը հաստատել է, որ լրացուցիչ բուժման անհրաժեշտություն չկա»,- ասվում է Սուրբ Աթոռի հայտարարության մեջ։
Պապի վիրաբույժը հավելել է, որ Հարավային Ամերիկա պապի այցը չեղարկելու «կլինիկական որևէ պատճառ չկա»։ Նախատեսվում է, որ նոյեմբերի 6-17-ը ծրագրված այդ հավակնոտ ուղևորության ընթացքում Հռոմի պապը պետք է այցելի Ուրուգվայ, Արգենտինա և Պերու։ Այցը ներառում է տասնյակ թռիչքներ, երկու ուղղաթիռային ուղևորություն և կանգառներ բարձրադիր վայրերում։
Անցյալ շաբաթ Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից՝ հայտարարելով, որ աստիճանաբար կվերսկսի գործունեությունը։ Նրա հիվանդության մասին լուրը ցնցել է Կաթոլիկ եկեղեցին՝ մտահոգություն առաջացնելով, որ հնարավոր երկարատև բուժումը, օրինակ՝ ճառագայթային կամ քիմիաթերապիան, կարող է ազդել եկեղեցին ղեկավարելու՝ Պապի կարողության վրա։
Լևոն պապն իր առողջական վիճակի մասին առաջին անգամ հայտնել էր հոկտեմբերի 11-ին՝ կիրակնօրյա ավանդական օրհնության ժամանակ՝ հետևորդներին տեղեկացնելով, որ թոքից հանգույցը վիրահատական ճանապարհով հեռացվելու է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

