Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում ռուսական ակումբում. աղբյուր
Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը մոտ է Տոլյատիի «Ակրոն» տեղափոխվելուն:
Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստն արդեն ժամանել է Տոլյատի, որտեղ բուժզննում է անցնում ռուսական ակումբի համար, հաղորդում է ռուս ինսայդեր Իվան Կարպովը:
Բուժզննում անցնելուց հետո Հովհաննիսյանը 5 տարվա պայմանագիր կկնքի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերի արժեքը կազմելու է 70 միլիոն ռուբլի (շուրջ 840 հազար դոլար)։
Կառլեն Հովհաննիսյանը «Փյունիկի» սան է, գլխավոր թիմում անցկացրել է 38 հանդիպում, դարձել 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Դավիթ Եղիազարյան

