Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի և ԵՏՄ-ի հետ Հայաստանի առևտրի կրճատումը չի հանգեցնի կրիտիկական ցնցումների, առևտրաշրջանառության մեջ Երևանի բաժինը ցածր է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Դա որևէ կրիտիկական ցնցումների չի հանգեցնի, քանի որ Ռուսաստանի արտաքին առևտրում Հայաստանի բաժինն այդքան էլ մեծ չէ, իսկ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ Երևանի առևտրաշրջանառությունն աննշան է»,- ասել է Աղասանդյանը։
Նա ընդգծել է, որ որոշ ապրանքների նկատմամբ սահմանափակումները նպատակ ունեն ապահովել Ռուսաստան անվտանգ արտադրանքի ներմուծումը՝ Միության շրջանակում սահմանված սանիտարական և բուսասանիտարական պահանջներին համապատասխան։
«ԵՏՄ անդամ պետությունների պետական սահմանների անցման կետերում պետական վերահսկողության մարմինների կողմից նման վերահսկողությունը նախատեսված է ԵՏՄ պայմանագրով»,- պարզաբանել է Աղասանդյանը։
Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից Ռուսաստան կարանտինային ստուգման ենթակա ամբողջ արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵՏՄ անդամ երկրներ։
Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի խոսքով՝ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները, իբր, կապված ոչ թե քաղաքականության, այլ արտադրողներում որակի արդյունավետ վերահսկողության բացակայության հետ։

