Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
Մոսկվայի «Ռոդինայի» հարձակվող Արթուր Ղարիբյանը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի խաղում (2:1) հաղթական դուբլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:
«Մենք արժանի էինք սրան: Շատ ենք աշխատել, զուսպ էինք ու ձգտում էին: Մեզ վրա մեծ ճնշում կար երկու պարտությունից հետո, բայց Ռուսաստանի գավաթում վստահ հաղթեցինք «Ռուբինին», հիմա էլ ուժեղ գտնվեցինք «Զենիթից»։ Կշարժվենք առաջ։
Ընդմիջմանը հանդերձարանում մարզիչն ասաց, որ 0:1 հաշիվը դեռ դատավճիռ չէ։ Հաղթանակը լիցք կհաղորդի թիմին։ Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»,- Հայաստանի երիտասարդական հավաքականի 20-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
«Զենիթի» դեմ խաղում 20-ամյա հարձակվողը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը և երկու գոլ խփել 6 րոպեում։ Նախորդ շաբաթ Արթուր Ղարիբյանը գոլի հեղինակ էր դարձել նաև գավաթային խաղում։

