Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
Հաղորդաշարեր
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտարարել է, որ բացահայտել է ռուս հաքերների կողմից իրականացված մասշտաբային արշավ, որը թիրախավորել էր հյուրանոցների, կոնֆերանս կենտրոնների և աշխարհի այլ հանրային վայրերի Wi-Fi ենթակառուցվածքները, գրում է Meduza-ն։
Արշավը թիրախավորել է հյուրանոցներն ու վայրերը՝ օգտագործելով, այսպես կոչված, captivе portals-ը, որոնք հայտնվում են հանրային Wi-Fi ցանցերին միանալիս։ Microsoft-ը կասկածում է, որ հարձակվողները կարող էին մուտք գործել մի քանի Wi-Fi ցանցի օպերատորների կողմից համատեղ օգտագործվող ծառայություններ՝ captivе portals-ի միջոցով։
«Եթե դա իսկապես այդպես է, ապա մեկ հաջողված հարձակումը կարող է հարձակվողներին հասանելիություն տալ հյուրանոցների և հանրային Wi-Fi ցանցերի մեծ թվին»,- նշվում է ընկերության զեկույցում։
Արշավի շրջանակում հարձակվողներն աննկատ վերահղել են օգտատերերին իրենց կողմից վերահսկվող ֆիշինգային ենթակառուցվածքի միջոցով և տարածել վնասակար ծրագրեր։ Նրանք այդ ծրագրերը քողարկել են որպես բրաուզերի կամ օպերացիոն համակարգի թարմացումներ։ Օգտատերերին թարմացնելու կոչ անող հաղորդագրությունները ցուցադրվել են՝ ի պատասխան ինտերնետային կապի ավտոմատ ստուգումների, որոնք բրաուզերները կատարում են նոր ցանցին միանալուց անմիջապես հետո։
Microsoft-ը պնդում է, որ հարձակման հետևում Storm-2945 խմբի հաքերներն են, որը կապված է Midnight Blizzard խմբի հետ: Ընկերությունը պարբերաբար հաղորդում է իր գործունեության մասին և խմբի անդամներին կապում Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հետ: Microsoft-ի տվյալներով՝ Midnight Blizzard հաքերները կանգնած են եղել 2020 թվականին ԱՄՆ պետական գերատեսչությունների վրա SolarWinds ծրագրի միջոցով իրականացված լայնածավալ կիբերհարձակման, ինչպես նաև 2023 թվականին Outlook-ի հաքերային հարձակման հետևում:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

