Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է ղազախական «Ելիմայի» նկատմամբ արտագնա հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում, Ղազախստանից հաղորդում է Factor TV-ի թղթակիցը։
«Կարծում եմ՝ արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն, թեև երկու թիմերն էլ ունեին հնարավորություն։ Դարձյալ հավասար խաղ ստացվեց: Մենք բնավորություն ցույց տվեցինք, ուզում եմ շնորհակալություն հայտնել տղաներին կամքի ուժի և բնավորության համար: Ամեն օր այսպիսի խաղ չես տեսնի: Արդյոք սպասո՞ւմ էինք 11-մետրանոցների. այո, երկու օր մարզումների ժամանակ աշխատել ենք դրա վրա: Մենք ամեն ինչի պատրաստ էինք։
Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու վերաբերյալ կասեմ, որ մենք աշխատել էինք այդ ուղղությամբ և տեսել էինք, թե ով է ավելի սառնասիրտ, ով է ճիշտ կատարում հարվածը։ Արսենը սառնասիրտ, փորձառու անձնավորություն է։ Բացի այդ, այն ֆուտբոլիստներից մի քանիսը, ովքեր սովորաբար իրացնում են մեր 11-մետրանոցները, այդ պահին արդեն փոխարինվել էին։ Մի ֆուտբոլիստ հրաժարվեց իրացնել հարվածը, ինչը ես լրիվ նորմալ եմ համարում։ Եթե մարդը զգում է, որ հոգեբանորեն պատրաստ չէ, ավելի պրոֆեսիոնալ է հրաժարվելը, քան լռելն ու վրիպելը։
Արսենն ասաց, որ պատրաստ է։ Վրիպեց, բայց հետո ուղղեց իր սխալը՝ արդեն մրցակցի հարվածը հետ մղելով:
11-մետրանոց հարվածաշարը չի կարող վիճակախաղ լինել։ Ես հարգում եմ բոլորի կարծիքը, բայց իմ համոզմամբ՝ 11-մետրանոցները վիճակախաղ չեն։ Դու ընտրում ես, թե ով պետք է առաջինը հարվածի։ Օրինակ՝ մենք գիտեինք, որ Փիլոյանն ունի այդ բնավորությունն ու սառնասրտությունը, դրա համար էլ առաջինը նա էր հարվածում։ Մենք նույնիսկ հերթականությունն էինք նախապես որոշել։ Իհարկե, ինչ-որ մեկը կարող է սայթաքել, ընկնել, բայց դա վիճակախաղ չէ։
11-մետրանոցներն առանձին խաղ են։ Դրանք հոգեբանական պայքար են։ Ով ավելի ամուր է հոգեբանորեն, նա էլ հաղթում է։
Ինչ վերաբերում է հաջորդ մրցակցին, մենք դեռ չենք վերլուծել «Կլուժի» խաղը։ Երբ ուսումնասիրենք մրցակցին, նոր կհասկանանք, թե ինչպես պետք է խաղանք։
Մի բան հստակ է՝ ցանկացած մրցակցի մոտենում ենք դրական տրամադրությամբ և սպորտային ագրեսիայով։ Մենք ուզում ենք հաղթել, ուզում ենք անցնել հաջորդ փուլ։ Կվերլուծենք մրցակցին, հետո արդեն կհասկանանք, թե ինչ մարտավարություն ենք ընտրելու»,- նշել է մարզիչը։
Ղազախստանի Սեմեյ քաղաքի «Սպարտակ» մարզադաշտում կայացած խաղում «Ալաշկերտը» հաղթել էր հետխաղային 11-մետրանոցներով` 6:5։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, թիմերը մեկական գոլ խփել էին նաև լրացուցիչ 30 րոպեներին։
Երևանում կայացած առաջին խաղում ևս գրանցվել էր ոչ-ոքի` 1։1։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը կմրցի ռումինական «Կլուժի» հետ։
Դավիթ Եղիազարյան

