Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
Քաղաքականություն
21.10.2026 | 23:30
Բաքվի ու Անկարայի հարաբերություններում առկա լարվածություն ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։
Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ երկու առաջնորդները քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը, առաջնորդվելով եղբայրության ոգով, շարունակելու են զարգացնել համագործակցությունը։
Շնորհավորելով Ալիևին Ադրբեջանի պետական անկախության վերականգնման 35-րդ տարեդարձի առթիվ՝ Էրդողանը նրան հրավիրել է մասնակցելու Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին։
Ադրբեջանական կողմը ևս հայտարարություն է տարածել հեռախոսազրույցի վերաբերյալ՝ նշելով, որ զանգահարողը եղել է Էրդողանը։ Ալիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին հեռախոսազանգի և շնորհավորանքների համար՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների եղբայրական հարաբերությունները հետագայում ևս հաջողությամբ կզարգանան։
Հիշեցնենք, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն է առաջացել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի պատճառով, որն արժանացել է Թուրքիայի հասարակական շրջանակների բուռն քննադատությանը։
Բաքուն նաև մի շարք կոշտ քայլեր է ձեռնարկել․ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, իսկ երկրի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ անձի նկատմամբ՝ Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչերի գործով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

