Սամվել Կարապետյանը չունի իշխանափոխության գաղտնի պլան․ դա ՌԴ-ի իշխանության գաղտնի պլանն է․ Գագիկ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.07.2026 | 19:15«Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը Factor TV-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումները որակել է բացառապես իրավական՝ մերժելով դրանք քաղաքական հետապնդում համարելու տեսակետները։ Նա անդրադարձել է նաև ընդդիմադիր դաշտում գործող ուժերին՝ նրանց դիտարկելով որպես Ռուսաստանի կողմից ուղղորդվող «խամաճիկներ», և գնահատել է Հայաստանի գործող իշխանության արտաքին քաղաքականությունը։
Անդրադառնալով բանավեճին՝ Գագիկ Ծառուկյանի գործը քաղաքակա՞ն է, թե՞ իրավական, Սաֆարյանն նման գնահատական է տվել․ «Միանգամից կտրուկ պատասխանեմ՝ միանշանակ իրավական պրոցես է։ Ես չեմ տեսնում այստեղ քաղաքական որևէ երանգ, ես չեմ տեսնում այստեղ քաղաքական որևէ մոտեցում գործող իշխանության կողմից, առավել ևս, որ նույնիսկ կառավարության կողմից էլ որևէ միջամտություն ես չեմ տեսնում։ Այնքան ճչացող են իրավական փաստարկները․․․»։
Ի պատասխան դիտարկման, որ գործընթացն ուղեկցվում է վարչապետի հայտարարություններով՝ քրեաօլիգարխիկ համակարգն ապամոնտաժելու մասին, Սաֆարյանը նշել է. «Այն մոտեցումը, որ ունի տվյալ անձնավորությունը երկրի հասարակական-քաղաքական զարգացման, երկրի տնտեսության մեջ իր ըմբռնման, իր կողմից ստեղծված, այսպես ասած, «Մուլտի Գրուպ» տնտեսական կայսրության չափորոշիչներով, քաղաքական ձեռքբերումներով, տնտեսական արտոնություններով․․․ թույլ է տալիս ասելու, որ սա մեկդմիշտ պիտի արմատախիլ արվի մեր երկրի քաղաքական կյանքից, մեր երկրի տնտեսական հարաբերություններից և հատկապես հարկային օրենսդրական առումով սա զարհուրելի է և երիցս դատապարտելի է»։
Գագիկ Սաֆարյանի համոզմամբ՝ որոշ գործիչների շուրջ ստեղծված իրավիճակը Ռուսաստանի Դաշնության ավելի մեծ ծրագրի մաս է կազմում, իսկ տեղական դերակատարներն ընդամենը կատարողներ են։
«Նախ Սամվել Կարապետյանը չունի գաղտնի պլան։ Այդ պլանը Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության պլանն է։ Անձնական գաղտնի պլան Սամվել Կարապետյանը ունենալու համար նա պիտի ունենա որոշակի արժեհամակարգ։ Եթե շախմատային տերմինով ասեմ, շախմատի խաղադաշտի հետ կապված, եթե Սամվել Կարապետյանը կարող է լինել որպես խաղացող փիղ կամ ձի, նժույգ, այսպես ասեմ, որ չասեն վիրավորել եմ, ապա պարոն Ծառուկյանը կազմում է այդ, այսպես ասած, թեկուզ ձեր տերմինով ասեմ, իր գաղտնի պլանի, ասենք, լավագույն դեպքում զինվոր, որը արդեն ինքն է խնդրում, որ զոհաբերվի»,- նշել է նա։
Սաֆարյանը մերժել է այն տեսակետը, թե Նիկոլ Փաշինյանն արևմտյան գործակալ է։ Ըստ նրա՝ Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը պայմանավորված է ստեղծված իրողություններով։
«2022 թվականի սեպտեմբերի պատերազմից, ջերմուկյան ռազմական լարվածությունից և էսկալացիայից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությանն այլ բան չէր մնում, քան, ինչպես ասում են, վարելու բազմաթիրախային, հավասարակշռված և հավասարակշռման քաղաքականություն։ Պատմության մեջ չի եղել մի դեպք, որ եվրոպական երկրների 46 թե 48 ղեկավարներ, առաջին դեմքերով, մասնակցեն եվրոպական քաղաքական համայնքի մի ֆորումի, որը կայացավ Հայաստանում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

