Այս պահին պայմանագրի ստորագրման բանակցություններ չկան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.05.2026 | 15:35ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև քննարկվում են նոր համագործակցության հնարավորություններ, սակայն վերջնական որոշումներ դեռ չկան։
Factor TV-ի հարցին ի պատասխան՝ նա նշել է, որ բազմաթիվ տեխնիկական և տնտեսական հարցեր են քննարկվում, և դրանցից մեկն էլ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին։
Միրզոյանը հիշեցրել է, որ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ պայմանավորվածությունը վաղուց կա, սակայն դրա իրականացումը շարունակ հետաձգվում է։ Նրա խոսքով՝ գործընթացը շարունակվում է «քայլ-քայլ», և ինքը վստահ է, որ ամբողջական կարգավորման ականատես կլինեն։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին՝ արտգործնախարարը նշել է, որ այս պահին ստորագրման շուրջ բանակցություններ չեն ընթանում։ Ըստ նրա՝ հայկական կողմը պատրաստ է անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ժամկետի շուրջ, սակայն Ադրբեջանը դեռ պատրաստակամություն չի հայտնում գնալ ստորագրման՝ միաժամանակ վերահաստատելով խաղաղության գործընթացին իր հանձնառությունը։
Միրզոյանը նաև հայտնել է, որ Ռուսաստանի հետ կապը շարունակական է, և ՌԴ վերջին հայտարարություններից հետո առանձնահատուկ քննարկման անհրաժեշտություն չի տեսնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան