Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
Հասարակություն
24.10.2026 | 16:29
Այսօր նշվում է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) օրը՝ ևս մեկ անգամ ընդգծելով միջազգային համագործակցության, համերաշխության և համատեղ պատասխանատվության կարևորությունը համաշխարհային մարտահրավերների հաղթահարման գործում։
Կլիմայի փոփոխության, եղանակային ծայրահեղ երևույթների և բնական աղետների աճող ռիսկերի պայմաններում միջազգային համագործակցությունն առավել քան երբևէ կարևոր է։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը (Հայհիդրոմետ) բարձր է գնահատում ՄԱԿ-ի համակարգի, մասնավորապես՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ/WMO), ինչպես նաև ՄԱԿ-ի այլ կառույցների, ծրագրերի և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված հիդրոօդերևութաբանական կարողությունների զարգացմանը, կլիմայական դիմակայունության բարձրացմանը և աղետների ռիսկերի նվազեցմանը։
Այս համագործակցության կարևոր օրինակներից է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնած «Վաղ նախազգուշացում բոլորի համար» (Early Warnings for All – EW4All) գլոբալ նախաձեռնությունը, որի իրականացումը համատեղ համակարգում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO), ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը (UNDRR), Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան (IFRC)։ Նախաձեռնության նպատակն է մինչև 2027 թվականի ավարտը ապահովել աշխարհի յուրաքանչյուր բնակչի պաշտպանվածությունը վաղ նախազգուշացման արդյունավետ համակարգերի միջոցով։
Հայաստանը միացել է այս գլոբալ նախաձեռնությանը և շարունակում է զարգացնել բազմավտանգ վաղ նախազգուշացման ազգային համակարգերը, կատարելագործել հիդրոօդերևութաբանական դիտարկումների և կանխատեսումների հնարավորությունները, ամրապնդել միջգերատեսչական համագործակցությունը և խթանել տվյալների միջազգային փոխանակումը։
Գիտությունից դեպի գործողություն՝ հանուն մարդկային կյանքերի պաշտպանության և դիմակայուն ապագայի։
ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ Հայհիդրոմետը վերահաստատում է իր հանձնառությունը միջազգային համագործակցության, գիտելիքի և փորձի փոխանակման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, աղետների ռիսկերի նվազեցման և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ համատեղ ջանքերին։
Միասին՝ հանուն առավել անվտանգ, կայուն և դիմակայուն ապագայի, որտեղ ոչ ոք անտեսված չի մնա։

