Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
Քաղաքականություն
24.10.2026 | 13:35
Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Այս մասին Factor.am-ին փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Իրավապահ կառույցից, միաժամանակ, նշեցին, որ նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։
Նշենք, որ այսօր Արթիկ համայնքի ընտրություններին մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտնել էր, որ Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից։
Մամուլը գրում է նաև Եղեգնաձորի գործող համայնքապետ և համայնքապետի թեկնածու Դավիթ Հարությունյանի, նրա տեղակալ Վարդան Ավագյանի և ավագանու անդամի այլ թեկնածուների ձերբակալման մասին։
Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ կալանավորվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի թեկնածուն` ենթադրյալ կաշառք բաժանելու համար։
Հիշեցնենք` վաղը այս և այլ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։
Նարեկ Կիրակոսյան

