ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
23.10.2026 | 20:00«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը Factor TV-ի եթերում խոսել է նոր Սահմանադրության ընդունման գործընթացի, Անկախության հռչակագրի ճակատագրի և ադրբեջանական պահանջներին դիմակայելու անհրաժեշտության մասին։
Անդրադառնալով նոր Սահմանադրություն ընդունելու՝ իշխանությունների վերջին հայտարարություններին և գործընթացի թափանցիկությանը, իրավական փորձագետը նշել է, որ գործընթացն ընթանում է հանրությանը ոչ հայտնի պրոցեսներով.
«Երեկվա վարչապետի հայտարարությունները իսկապես մտահոգիչ են մի քանի մակարդակում։ Նախ որովհետև Սահմանադրության փոփոխությունների իրականացման ինստիտուցիոնալ այն մոդելը, որը որդեգրվել էր, նախատեսվել էր և դատաիրավական բարեփոխումների ծրագրով, և հետագայում նաև վարչապետի համապատասխան որոշումներով, մի քանի անգամ արդեն վերանայումների է ենթարկվել… Ժամկետները բազմիցս խախտված են։ Հանրությունը դեռևսչի ծանոթացել որևէ տեսակի նախագծի կամ նույնիսկ գոնե այդ փոփոխությունների առանձին գլուխների նախագծերի հետ, և հանրային քննարկումներ էլ այս պահի դրությամբ չեն եղել»,- ընդգծել է Հարությունյանը։
Խոսելով նոր Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրին հղումը հանելու՝ իշխանության մոտեցմանը՝ փորձագետը նշել է.
«Ես այնքան էլ համաձայն չեմ այն նախաբանի հետ, որ դա վերջիվերջո սովորական օրենք կամ իրավական ակտ չէ։ Այն իր մեջ շատ ավելի հսկայական… փիլիսոփայական, ապագային միտված որոշակի նաև ուղենիշային նպատակներ ունեցող փաստաթուղթ է… Այդ նշաձողի իջեցումը կամ ընդհանրապես բացառումը՝ բնականաբար բերելու է շատ լուրջ, շատ խորքային, կառուցակարգային և գաղափարախոսական տեքստի վերաձևման, և նման պայմաններում խոսել արդեն փոփոխություններից, երբ հնարավորություն չի եղել ծանոթանալ, քննարկել… դժգոհություն պիտի լինի»,- նշել է նա:
Հարցին, թե արդյոք Սահմանադրության փոփոխությունը թելադրված է Ադրբեջանի պահանջով, Հարությունյանը նշել է, որ միջազգային հարթակներում Ադրբեջանը հստակ օգտագործում է ՀՀ Սահմանադրության փոփոխման թեզը։ Նա զգուշացրել է ադրբեջանական զիջումների վտանգավորության մասին. «Պահանջներին ընդառաջ գնալով, որևէ երաշխիք չկա, որ հաջորդիվ այլ պահանջներ չեն առաջանալու»։ Ըստ նրա՝ պետք է հակազդեցություն ցուցաբերվի նաև միջազգային հարթակներում։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից առաջ տարվող «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ թեզին՝ իրավական փորձագետը շեշտել է պրոակտիվ և ագրեսիվ հակազդման կարևորությունը.
«Շատ հաճախ մեր իրականության մեջ արհեստականորեն «Արևմտյան Ադրբեջան»-ի կոնցեպտը իր ողջ ուժով և կշռով չի ընկալվում… Դա պետական քաղաքականության նպատակներից մեկն է… Պետք է ոչ թե քայլ հետ անելով, վարանելով, վախենալով, բա իրենք էս կանեն… անհրաժեշտ է լինել պրոակտիվ և հակազդել ու հակադարձել։ Հակառակ դեպքում, եթե մենք երկուս այդ հակադարձումը մենք չենք իրականացնում մտածելով և վարանելով բա մեր արցախահայերի վերադարձի թեման կբարձրանա, այդ դեպքում մենք թույլ ենք տալիս, որ այդ կեղծ օրակարգը արմատավորվի… Պասիվ մոտեցմամբ և անընդհատ տրտնջալով բողոքելով, կարծում եմ մենք հեռու տեղ չենք հասնի»,- եզրափակել է Հասմիկ Հարությունյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

