Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի ևս մեկ անգամ հայտարարել է, որ կոչ է արել իր ամերիկացի և իրանցի գործընկերներին՝ Դոնալդ Թրամփին և Մասուդ Փեզեշքիանին, ներառել Լիբանանը Իրանի հետ կնքված հրադադարի մեջ, գրում է France 24-ը։
Իսրայելը հայտարարել էր, որ Լիբանանը չի համարում Իրան-ԱՄՆ գիշերը հայտարարված հրադադարի մաս։
«Ես հույս հայտնեցի, որ հրադադարը լիովին կպահպանվի հակամարտող կողմերից յուրաքանչյուրի կողմից՝ բախման բոլոր ոլորտներում, այդ թվում՝ Լիբանանում», – գրել է Մակրոնը X-ում երկու առաջնորդների հետ զրույցից հետո։
Նա ասել է, որ դա «հրադադարի հավաստի և երկարատև լինելու անհրաժեշտ պայման է»։
Հիշեցնենք, որ նախօրեին ևս Ֆրանսիայի նախագահը կոչ էր արել, որպեսզի Լիբանանը նույնպես ներառվի հրադադարի մեջ։ «Մեր ցանկությունն է ապահովել, որ հրադադարը լիովին ներառի Լիբանանը», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր Մակրոնը՝ նշելով որ Լիբանանում իրավիճակը մնում է «կրիտիկական»։
Մակրոնը առաջին արևմտյան առաջնորդն է, որը խոսել է Իրանի նախագահի հետ հրադադարի մասին հայտարարությունից հետո։
Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ չորեքշաբթի օրը տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 254 մարդ, իսկ 1165-ը՝ վիրավորվել։ Բացի այդ՝ ՄԱԿ-ը հայտնում է, որ մարտի սկզբից ի վեր 1.1 միլիոն լիբանանցի տեղահանվել է։
Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի