Քրեական վարույթ է նախաձեռնվել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ

Լուրեր

01.02.2026 | 21:17
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
01.02.2026 | 20:40
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը
01.02.2026 | 20:00
Մեղրիի լեռնանցքում սաստիկ բուք է
01.02.2026 | 19:40
Հարյուրավոր նամակներ եմ ստացել և շարունակում եմ ստանալ՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերին միանալու իմ առաջարկի վերաբերյալ․ Ժաննա Անդրեասյան
01.02.2026 | 19:07
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
01.02.2026 | 18:27
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
01.02.2026 | 17:53
Jeep մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը
01.02.2026 | 17:07
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին 17։00-ի դրությամբ
01.02.2026 | 16:57
Australian Open․ Ալկարասի առաջին տիտղոսն ու Ջոկովիչի առաջին պարտությունը եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.02.2026 | 16:39
ՌԴ դրոնների կողմից Starlink-ի կիրառման կանխումը «արդյունքներ է տվել»․ Մասկ
01.02.2026 | 15:56
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել
01.02.2026 | 15:41
Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները Աբու Դաբիում հետաձգվել են
01.02.2026 | 15:01
Ձնախառն անձրև, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
01.02.2026 | 14:23
«Աշխատանքներ են կատարվում եղանակային բարդագույն պայմաններում»․ իրավիճակը՝ Վարդենյաց լեռնանցքում
01.02.2026 | 14:11
Շուրջ 10 օր Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց․ Սուրենյան
Բոլորը

Factor TV-ի հրապարակումներից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը 2025-ի մայիսի 15-ին քրեական վարույթ է նախաձեռնել Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ՝ Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը)։

Factor TV-ն ուսումնասիրությամբ արձանագրել է նախարարի կողմից ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու առնվազն 2 դրվագ․ նախ բացահայտել էինք, որ Հովհաննիսյանը 2019 թ-ին հիմնադրել է «Վարդենի» ՍՊԸ-ն, իսկ 2021 թ-ին, ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելուց առաջ, դրա 100% բաժնեմասը գրանցել է իր ընկերոջ՝ Գրիգոր Խաչինյանի անունով։ «Վարդենի» ՍՊԸ-ն Հրազդանում շահագործում է հյուրատուն, որը տեղակայված է Վահե Հովհաննիսյանին պատկանող ամառանոցում։ Հովհաննիսյանը խոստովանել է, որ ամառանոցը վարձակալությամբ է հանձնել «Վարդենի» ՍՊԸ-ին, սակայն դրանից ստացվող եկամուտ նշել է միայն մեր հրապարակումներից հետո 2025 թվականին իր ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում։

Ընդ որում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունն այդ հյուրատանը պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում․ օրինակ՝ 2024-ին առանց մրցույթի 1 մլն դրամ է վճարել իր աշխատակիցների համար թիմակառուցողության (teambuilding) խաղ-վարժանքների կազմակերպման և անցկացման նպատակով։

Մեկ այլ հրապարակմամբ՝ «Ո՞ւր է անհետացել Վահե Հովհաննիսյանի 1 մլն դոլար պարտքը․ նախարարի հայտարարագիրը թերի է», անդրադարձել էինք նախարարի ստացած 1 մլն դոլար անտոկոս փոխառությանը, որը, սակայն, 2023 թ-ին «անհետացել» էր։ Ընդ որում՝ նախարարը հայտարարագրում որևէ կերպ չէր ներկայացրել, թե ինչպես է մարել այդ 1 մլն դոլար պարտքը։

Այս հրապարակման մեջ ներկայացված փաստերի հիման վրա ՀՀ դատախազությունը հանձնարարել էր Հակակոռուպցիոն կոմիտեին իրականացնել ստուգում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Մեր հրապարակումների հետքերով և Հովհաննիսյանի հայտարարագրերում առկա անհամապատասխանությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությանը դիմել էին մի խումբ փաստաբաններ՝ Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել, հակակոռուպցիոն դատարանն իրենց բողոքները մերժել է, սակայն ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն ապրիլի 3-ին բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի որոշումը և կայացրել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ վարույթի հանրային մասնակցի վրա դրել է քրեական վարույթ նախաձեռնելու պարտականություն: «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը գտել է, որ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացված հաղորդումը պատշաճ հաղորդում է, նշելով նաև հետևյալը՝

– « ըստ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացվածի՝ «ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվելու (պետական ծառայության անցնելու) օրը՝ 18.08.2021թ., Վահե Հովհաննիսյանը ստացել է 1,000,000 ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն և 50,000 ԱՄՆ դոլար նվիրատվություն ու գնել «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը (քանի որ ըստ կանոնադրության՝ Ալլա Ավոյանը եղել է «Կարիտաս»-ի տնօրենը ենթադրվում է, որ գնել է հենց դրա 100% բաժնետոմսը): Ըստ 2021թ. հայտարարագրի՝ «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության բաժնեմասը պատկանում է Վահե Հովհաննիսյանին:

– 2022թ. հունվարի 10-ին «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերությունը վերակազմակերպվել է, վերակազմակերպվելուց հետո ընկերությունը դարձել է «ՋԻ Կոդեր» ՍՊ ընկերություն: Ընդ որում, Վահե Հովհաննիսյանի նույն տարվա հայտարարագրում նշված է, որ տարվա վերջում դեռ դրա բաժնետոմսը 1,050,000 դոլարի չափով մնացել է: 2023 հայտարարագրում այդ բաժնետոմսերն «անհետանում են»:

– Ընկերությունը վերակազմակերպելուց հետո դրա 100% սեփականատեր է դարձել Ռուբիկ Արմենակի Կարապետյանը, որն ըստ երևույթին (հաստատապես չճշտված տվյալների համաձայն) Վահե Հովհաննիսյանի մորեղբայրն է»,- մեջբերել էր Զոհրաբյանը:

Այնուհետև դատախազությունը դիմել էր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ՝ բողոքարկելով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու պարտավորեցման մասին: Սակայն, ըստ երևույթին, անարդյունք և, ի վերջո, քրեական վարույթը նախաձեռնվել է։

Հավելենք, որ ըստ քր․ օրենսգրքի՝ օրենքով սահմանված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, որն իրականացվել է այդպիսի կազմակերպության կառավարման մարմնում պաշտոն զբաղեցնելով կամ այդպիսի կազմակերպության կառավարումն այլ կերպ վերահսկելով, եթե այդ արարքը կապված է այդպիսի կազմակերպությանն արտոնություն կամ առավելություն տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ՝ պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` 2-5 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

 

Գայանե Խաչատրյան