ՌԴ-ում նավթի վերամշակման ծավալները նվազել են մոտ երկու անգամ՝ ուկրաինական հարձակումների ակտիվացման ֆոնին
Քաղաքականություն
26.11.2026 | 15:19
Ռուսաստանում նավթի վերամշակման ծավալները հոկտեմբերի վերջից ի վեր նվազել են շուրջ երկու անգամ՝ Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտների դեմ նոր հարձակումների ֆոնին։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը, փոխանցում է The Insider-ը։
Նոյեմբերի 23-ի դրությամբ՝ ռուսական նավթավերամշակման գործարաններում նավթի վերամշակման միջին ծավալը կազմել է օրական 2,6-2,7 միլիոն բարել։ Սա շուրջ երկու անգամ պակաս է հոկտեմբերի 30-ի ցուցանիշից՝ մինչև Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումների վերսկսումը։ Նավթի վերամշակման նման ցածր ծավալներ Ռուսաստանում վերջին երկու տասնամյակների ընթացքում չեն գրանցվել։
Հոկտեմբերի վերջից Ուկրաինան հարվածներ է հասցրել նավթի վերամշակմամբ զբաղվող առնվազն 18 ձեռնարկությունների։ Վերամշակման ծավալների նվազումն արդեն անդրադարձել է ներքին շուկայի վրա․ Ռուսաստանի մարզերում կրկին սկսել են սահմանափակումներ մտցնել բենզալցակայաններում դիզելային վառելիքի և բենզինի մանրածախ վաճառքի համար։
Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումների վերսկսմանը նախորդել էր կարճատև «էներգետիկ հրադադարը»։ Դրա մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր դեռևս հոկտեմբերի 11-ին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պայմանավորվածության մասին տեղեկացել է լրատվամիջոցներից, իսկ Կիևը կհամաձայնի դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները միայն այն պայմանով, որ Մոսկվան դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ համակարգի դեմ հարձակումները։
Արդեն հաջորդ օրը նա Մոսկվային մեղադրել էր Խարկովի ջերմաէլեկտրակայանին հարվածելու և զինադադարի պայմանները խախտելու մեջ։
Հոկտեմբերի 30-ին Ուկրաինան վերսկսել է հարձակումները ռուսական ձեռնարկությունների վրա։ Միայն առաջին մեկուկես շաբաթվա ընթացքում՝ մինչև նոյեմբերի 10-ը, հարվածների հետևանքով շարքից դուրս է եկել նավթավերամշակման գործարանների արտադրական հզորությունների շուրջ 30%-ը։ Դրանք խափանումներ են առաջացրել Ռուսաստանի 35 խոշորագույն նավթավերամշակման գործարաններից 9-ի աշխատանքում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

