Կա գաղափար խաղաղության համաձայնագիրը ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, առաջարկներ կան նաև մի քանի մայրաքաղաքներից․ չեմ բացառում որևէ տարբերակ․ Միրզոյան
Քաղաքականություն
17.04.2025 | 11:12
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների:
Հարց. Այսօրվա պանելային քննարկման ընթացքում Դուք արդեն անդրադարձել եք այդ հարցին, սակայն եթե հնարավոր է, կցանկանայի խնդրել՝ արդյոք կարող եք հավելյալ տեղեկատվություն ներկայացնել։ Մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղության բանակցություններն ավարտված են, և կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագիծը։ Կխնդրեի նշել՝ որ փուլում է գտնվում այդ գործընթացը։ Ո՞րն է հիմնական խոչընդոտը ստորագրման համար։ Արդյոք սկսվել կամ շարունակվում են քննարկումներ ստորագրման ժամկետի և վայրի վերաբերյալ։ Հնարավո՞ր է, որ ստորագրումը կայանա Թուրքիայում։ Թե՞ գործընթացը հայտնվել է փակուղում։
Արարատ Միրզոյան․ Իհարկե, սա կարևոր հարց է, և ես չեմ պատրաստվում չանդրադառնալ դրան։ Սա նաև Հայաստան-Թուրքիա ընդհանուր երկխոսության մաս է։ Ինչպես նշեցիք, մենք կարողացել ենք համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, և այն լիովին պատրաստ է ստորագրման։ Սա բավականին մեծ ձեռքբերում է։ Սա, ես կասեի, պատմական իրադարձություն է, աննախադեպ մի բան։ Պատկերացրեք՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև հակամարտությունից հետո, մեր տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղություններից հետո, մենք կարողացանք, մենք հաջողեցինք համաձայնության գալ տեքստի շուրջ։
Մենք առաջարկել ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ՝ ստորագրման արարողության տեղի և ժամկետի որոշման նպատակով: Սակայն, ցավոք, մենք նկատում ենք, որ Ադրբեջանը հարցի վերաբերյալ ունի որոշակիորեն այլ պատկերացում։ Նրանք գտնում են, որ Հայաստանը պետք է կատարի որոշ հավելյալ քայլեր, որպեսզի պայմանագրի ստորագրումը հնարավոր դառնա։
Օրինակ՝ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։ Մեր դիրքորոշումն այն է, որ մենք լիովին պատրաստ ենք սկսել, նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։ Մեր ընկալումն այն է, որ եթե այլևս չկա հակամարտություն, իսկ Մինսկի խումբը ստեղծված է հենց հակամարտության համար, ապա այդ խմբի գոյության անհրաժեշտությունը նույնպես վերանում է։ Բայց մենք պետք է ունենանք, այսպես ասած, հակամարտության ինստիտուցիոնալ ավարտ՝ ինչը կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ նախ՝ մեր երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը՝ և ապա համատեղ դիմում ԵԱՀԿ համապատասխան քարտուղարությանը՝ Մինսկի խմբի լուծարման գործընթացը սկսել մեր պատրաստակամության վերաբերյալ։
Մեր ադրբեջանցի գործընկերները նաև շարունակաբար հղում են անում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Նրանք պահանջում են փոփոխություն մեր Սահմանադրության մեջ: Նրանք ասում են, որ մեր Սահմանադրության մեջ, դրա նախաբանի մասում, մենք ունենք հղում մեր Անկախության հռչակագրին, ինչը ճիշտ է, և որում, ըստ նրանց, մենք ունենք տարածքային պահանջ իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ Անկախության հռչակագրի միայն այն մասերն ունեն պարտադիր իրավական ուժ Սահմանադրության իմաստով, որոնք բառացիորեն մեջբերված են Սահմանադրության մեջ: Ավելին, համաձայնագիրը, որը մենք պատրաստվում ենք ստորագրել, անդրադառնում է այդ խնդրին: Այսպիսով, իրավիճակը լիովին հասկանալու համար՝ այստեղ ես ավելի շատ մանրամասներ պետք է ներկայացնեմ:
Այսպիսով, համաձայնագրով կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել մեր երկրների միջև որպես Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններ՝ Խորհրդային Միության փլուզման պահին, և որոնք հետագայում դարձել են միջազգային ճանաչում ստացած սահմաններ։ Այդ դրույթը լիովին հասցեագրում է ադրբեջանական կողմի մտահոգություններին, ինչն ինքնին թույլ է տվել հասնել համաձայնության պայմանագրի տեքստի շուրջ։ Միևնույն ժամանակ, դա լիարժեք կերպով համահունչ է նաև մեր ընկալումներին։
Եթե մենք ստորագրենք այս պայմանագիրը և այն ուղարկվի վավերացման, ապա այդ գործընթացի շրջանակներում այն պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության, կարծիքի համար։ Դա մեր իրավական ընթացակարգն է։ Եթե մեր Սահմանադրական դատարանն արձանագրի, որ այդ կետը, այդ ձևակերպումը լիովին համապատասխանում է Սահմանադրությանը՝ այսինքն, չի պարունակում որևէ տարածքային հավակնություն սահմաններից դուրս, ինչն ընդունելի է ադրբեջանական կողմի համար և միջազգային հանրության կողմից ճանաչվածն է, ապա դա նշանակում է, որ որևէ խնդիր չկա։ Այսպիսով, պատասխանը, լուծումը խաղաղության պայմանագրից դուրս չէ, այլ հենց դրա ներսում է։ Իսկ հարցի հասցեագրման ամենակարճ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է։
Միևնույն ժամանակ, կարող եմ նշել, որ տեսականորեն, իհարկե, չի բացառվում Սահմանադրական դատարանի կողմից բացասական եզրակացություն տալու հավանականությունը, թե համապատասխան կետը չի համապատասխանում Սահմանադրությանը։ Այնուամենայնիվ, ես լուրջ հիմքեր ունեմ ենթադրելու, որ ամենայն հավանականությամբ դատարանը կարտահայտի դրական դիրքորոշում։ Եվ սա, պետք է նշեմ, իրոք ուշագրավ հանգամանք է։ Մի քանի ամիս առաջ՝ սեպտեմբերին, մեր Սահմանադրական դատարանը կարծիք է ներկայացրել նման հարցի վերաբերյալ։ Մենք մեկ այլ փաստաթուղթ էինք ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա երկու երկրների միջև երբևէ ստորագրված առաջին միջազգային փաստաթուղթն էր՝ սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: Այդ կանոնակարգում մեջ մեր երկու պետությունները ևս մեկ անգամ համաձայնել են, որ սահմանազատման հիմքը պետք է հանդիսանա Ալմա-Աթայի հռչակագիրը, որը փաստացի կրկնում է այն միտքը, որը ես արդեն նշեցի՝ սահմանները պետք է լինեն այն սահմանները, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության փլուզման պահին։
Այսպիսով, կրկին, փաստաթուղթը վավերացնելու համար մենք դիմել ենք մեր Սահմանադրական դատարան, և մեր Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ այն լիովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Այսպիսով, ես ունեմ հիմնավոր պատճառ ենթադրելու, որ խաղաղության համաձայնագրի դեպքում, որն ասում է նույն բանը, մեծ հավանականություն կա, որ մեր Սահմանադրական դատարանը կրկին կասի, որ այն համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Այսպիսով, խնդիր չկա:
Զուգահեռաբար, մենք տեսնում ենք և ունենք մեր սեփական մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ: Եվ, կրկին, բացատրեմ: Սա պարզապես հայելային հակադարձում չէ: Իրենց Սահմանադրության մեջ նրանք ունեն հղում իրենց Անկախության հռչակագրին: Այսպիսով, իրենց Անկախության հռչակագրում նրանք հայտարարում են, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն առաջին Ադրբեջանական (Դեմոկրատական) Հանրապետության իրավահաջորդն է, ոչ թե Խորհրդայինի: Եվ առաջին Ադրբեջանական Հանրապետությունը, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը, հայտարարել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ, քան այսօրվա Ադրբեջանն է: Այն ներառում է այսօրվա Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 60%-ը: Այսպիսով, մենք տեսնում ենք, մենք ունենք մեր սեփական մտահոգությունները, բայց ինչու՞ այս հարցը շարունակաբար չենք բարձրացնում: Որովհետև մենք տեսնում ենք, ինչպես նշեցի նախկինում՝ մեր Սահմանադրության դեպքում, լուծումը խաղաղության համաձայնագրի մեջ է: Մենք ստորագրում ենք այն և լուծում ենք խնդիրը: Վերջ:
Վերադառնալով հիմնական հարցին՝ պետք է նշեմ, որ մենք շատ կառուցողական ենք, շատ ճկուն։ Մենք մեծ աշխատանք ենք կատարել այս տեքստի շուրջ։ Այժմ այն պատրաստ է ստորագրման։ Աշխարհում չկա որևէ խաղաղության համաձայնագիր, որը պատասխաներ բոլոր հնարավոր հարցերին։ Եթե երկու հասարակություններ ունեն թշնամանքի, բախումների պատմություն, նրանք չեն կարող ամեն ինչ լուծել մեկ փաստաթղթով։ Խաղաղության պայմանագրով նախատեսվում է ստեղծել երկկողմ մեխանիզմ՝ հանձնաժողով, որը կհետևի պայմանագրի կատարմանը, ինչպես նաև կզբաղվի բոլոր այն հնարավոր դժվարություններով և անհարթություններով, որոնք կարող են և, ամենայն հավանականությամբ, կարձանագրվեն գործընթացի ընթացքում։ Այլ կերպ ասած, մենք ձևավորում ենք գործիքակազմ այդ մարտահրավերները կառավարելու նպատակով։ Հետևաբար, ակնկալիքը, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ պետք է լուծված լինեն բոլոր հնարավոր հարցերը, մեր գնահատմամբ, ո՛չ արդարացի է, ո՛չ էլ իրատեսական։
Հարց. Ինչպե՞ս պետք է հասկանալ սա։ Բանակցությունները շարունակվո՞ւմ են։ Ինչպիսի՞ առաջարկներ ունեք ստորագրության ժամկետի և վայրի վերաբերյալ։ Եվ արդյո՞ք Թուրքիան կարող է լինել այս իրադարձության հյուրընկալողը։
Արարատ Միրզոյան. Այո, ներեցեք, մոռացել էի այդ հատվածի մասին. կարծում եմ՝ կարևոր է բոլորի համար՝ հասկանալ բոլոր նրբությունները, հակառակ դեպքում չեք ունենա ներկա իրավիճակի մասին հստակ պատկեր: Այո, մենք բանակցում ենք, որովհետև այլընտրանք չկա: Եթե մենք ունենք խաղաղության օրակարգ, ապա ի՞նչ այլընտրանք կարող է լինել բանակցություններին։
Այնպես որ, բանակցությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները, ես չեմ բացառում որևէ բան: Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը: Չեմ բացառում որևէ տարբերակ:
Լրագրող․ Պարոն նախարար, ուզում եմ շարունակել իմ գործընկերոջ առաջին հարցը։ Ի դեպ, ես նաև հետևել եմ ձեր հետաքրքիր բանավեճին Ջեյհուն Բայրամովի և ձեր վրացի գործընկերոջ հետ։ Ինչպես դուք բացատրեցիք, Ադրբեջանի կողմից կա հստակ պահանջ՝ փոխել ձեր Սահմանադրությունը։ Այսպիսով, կարճ հարց. դուք կդիտարկեի՞ք Սահմանադրական փոփոխություն։ Ի նկատի ունեմ, խոսակցություններ կային հանրաքվե անցկացնելու մասին։ Այսպիսով, դուք կդիտարկե՞ք Սահմանադրական փոփոխություն՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, թե ոչ։
Արարատ Միրզոյան. Սկսենք նրանից, որ երբ Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական հեղափոխությունը և մեր ներկայիս իշխող կուսակցությունը դարձավ իշխանության, մենք գրեթե անմիջապես հայտարարեցինք, որ պատրաստվում ենք փոփոխություններ կատարել մեր Սահմանադրությունում։ Եվ այժմ, ինչպես ես տեսնում եմ, դա լինելու է ոչ միայն ներկայիս Սահմանադրության փոփոխություն, այլև նոր Սահմանադրություն։ Արդեն գործող հանձնաժողովը, որը զբաղվում է Սահմանադրական փոփոխություններով, քննարկում է իրավական մեխանիզմները, և ինչպես գիտեմ, հանձնաժողովի մանդատի ժամկետը լրանում է 2026 թվականին: Նույն տարում մենք ունենք խորհրդարանական ընտրություններ։ Այսպիսով, 2018-ից մենք պնդում ենք նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, և դա շարունակում է մնալ մեր օրակարգում։ Մենք պատրաստվում ենք կյանքի կոչել դա։
Բայց հարցը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, կառուցողական չէ։ Վերադառնալով իմ նախորդ մեկնաբանություններին՝ ուզում եմ ընդգծել, որ առկա է երկու ճանապարհ։ Առաջինը՝ սպասել, մինչև բոլոր հնարավոր հարցերին պատասխաններ գտնվեն, և միայն դրանից հետո ձեռնարկել քայլեր։ Երկրորդը՝ գործել հիմա՝ չսպասելով միանգամից բոլոր լուծումներին։ Այդ մասին ես խոսել եմ նաև պանելային քննարկման ժամանակ՝ շեշտելով, որ պետք է կառուցել աստիճանաբար՝ նախ դնելով առաջին քարը, ապա հաջորդը, և այդպես շարունակ։ Ես վստահ եմ, որ ինչ-որ պահի, հետ նայելով, կտեսնենք, որ կառուցել ենք ամուր ու կայուն կամուրջ։ Հետևաբար, մենք խորապես համոզված ենք, որ պետք է սկսել հենց հիմա։