Եվրաինտեգրման ճանապարհը բռնած Հայաստանի ռուսական կողմնորոշումը
Քաղաքականություն
24.12.2024 | 18:30Վճարովի բովանդակություն
2023 թվականի արդյունքներով՝ Հայաստանի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է՝ 40.4% մասնաբաժնով, մինչդեռ ընդամենը մեկ տասնամյակ առաջ առաջատարը ԵՄ-ն էր՝ 33.6% մասնաբաժնով։
«ԵՄ-ին լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի». Ինչպե՞ս այս կարգախոսը որդեգրած և իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած Հայաստանը հայտնվեց Ռուսաստանի «տաքուկ ճիրաններում»։
Արտահանման բացառիկ աճ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին
2013-2023 թվականներին ՀՀ արտահանման մեջ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Այսպես, եթե 2013-ին Հայաստանի արտահանման հիմնական շուկան ԵՄ-ն էր՝ 33.6% մասնաբաժնով, իսկ Ռուսաստանն ուներ ընդամենը 22.6% մասնաբաժին, ապա 2023-ին Եվրամիությունն իր առաջատարի դիրքերը զիջեց ՌԴ-ին՝ բավարարվելով ՀՀ ամբողջ արտահանման 8.5%-ով։ Դեպի Ռուսաստան արտահանումը, ընդհակառակը՝ արձագանքելով Մոսկվայի նկատմամբ արևմտյան տնտեսական պատժամիջոցներին և ՌԴ-ի զուգահեռ ներմուծման կանոնակարգերի փոփոխություններին, իր մասնաբաժինը հասցրեց 40.4%-ի։ Նման «կողմնորոշման» վրա ազդեցություն ունեցավ այդ թվում նաև Հայաստանի՝ 2022 թ-ին ԵՄ Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից (Generalised Scheme of Preferences Plus կամ GSP+) դուրս մնալը, որը հնարավորություն էր տալիս հայկական ծագման ավելի քան 6,200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով։
Արտահանման ուղղությունների կառուցվածքում հաջորդը Արաբական Միացյալ Էմիրություններն է 26.6%-ով՝ պայմանավորված առավելապես ոսկու վերարտահանմամբ: Այլ գործընկերների առումով՝ Հայաստանից Չինաստան (ՉԺՀ) արտահանումը աճի միտում ունի՝ չնայած որոշակի տատանումներով։ 2023 թ-ին ՀՀ-ից ՉԺՀ ապրանքային արտահանումը կազմել է 425 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 6 անգամ գերազանցում է 2013 թ-ի ցուցանիշը։
ՀՀ արտահանման ուղղությունները, 2013-2023 թվականներին
ՀՀ ներմուծում․ «ուրիշ հերոսի անուն չգիտենք»
Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի հիմնական արտահանման ուղղությունն է, այլ նաև հիմնական ներմուծողը։ Հայաստանի ներմուծման շուրջ կեսը բաժին է ընկնում Ռուսաստանին և ԵՄ-ին։ Վերջին 10 տարիների ընթացքում Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի ներմուծման մեջ միջինում կազմել է 30%, իսկ ԵՄ-ինը՝ 20%։ 2013-2023 թվականներին ՌԴ մասնաբաժինը աճել է 26%-ից՝ հասնելով 32.3%-ի, մինչդեռ ԵՄ մասնաբաժինը 23.4%-ից կրճատվել է մինչև 15.1%։
Հայաստանի խոշոր ներմուծողներից է Չինաստանը։ 2013-2023 թվականներին ՉԺՀ-ից ներմուծումը բացարձակ մեծությամբ աճել է 4 անգամ, իսկ ՀՀ ներմուծման կառուցվածքում մասնաբաժինը 9%-ից հասել է 13.5%-ի։
ՀՀ ներմուծումն ըստ երկրների, 2013-2022 թվականներին
ՀՀ ապրանքային առևտրի կառուցվածքը՝ ըստ ապրանքատեսակների
Հայաստանի արտահանումն ու ներմուծումը մեծապես կենտրոնացած են ապրանքների մի քանի կատեգորիաներում։ ՀՀ-ն հիմնականում արտահանում է միջանկյալ սպառման ապրանքներ, ինչպիսիք են հանքային արտադրանքները, որոնք 2013-2021 թվականներին կազմել են ընդհանուր արտահանման 49․4%-ը: Նույն ժամանակահատվածում ՀՀ արտահանման առաջատարները՝ պղնձի հանքաքարը, ալկոհոլային խմիչքները և ծխախոտը, միասին կազմել են ապրանքների արտահանման մոտավորապես 41%-ը: Այնուամենայնիվ, 2022 և 2023 թվականներին նկատվել է վերաարտահանման աճ դեպի Ռուսաստան, մասնավորապես, տրանսպորտային միջոցների և տեխնիկայի գծով: Ներմուծման մասով ՀՀ-ն հենվում է միջանկյալ ապրանքների, մասնավորապես՝ բնական գազի վրա, որն էական նշանակություն ունի երկրի էներգետիկ կարիքների համար (նույնպես ՌԴ-ից)։
ՀՀ ապրանքային արտահանումն ըստ ապրանքախմբերի, 2013-2023 թվականներին
Հայաստանի՝ բոլոր ձվերը մի զամբյուղում դնելու քաղաքականության հետևանքները
ՀՀ ապրանքային արտահանման դիվերսիֆիկացիան սահմանափակ է․ 2013-2021 թթ.-ին միջինում 41%-ը բաժին է հասել ընդամենը երեք ապրանքի․ պղնձի հանքաքար ու խտանյութ, խմիչք և ծխախոտ։ Արտահանման նման կառուցվածքը մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի համար, քանի որ տնտեսությունը խոցելի է դառնում մի քանի ապրանքախմբերի հետ կապված արտաքին ցնցումների, շուկայի տատանումների կամ կոնկրետ տարածաշրջաններում առկա անկայունությունների նկատմամբ:
Այլ ապրանքների գծով զգալի աճը 2022 և 2023 թվականներին պայմանավորված է ՀՀ-ից ՌԴ ավտոմեքենաների, մեքենաների և սարքավորումների վերաարտահանման ծավալների կտրուկ աճով։
Ավելին, արտահանման տեսանկյունից ՀՀ-ն շատ խոցելի է, քանի որ արտահանման ծավալով ամենախոշոր ապրանքներից յուրաքանչյուրը հիմնականում արտահանվում է մեկ երկիր։ Օրինակ, 2023 թ-ին պղնձի հանքաքարի և խտանյութի 71.2%-ը արտահանվել է Չինաստան, կոնյակի 82.0%-ը՝ Ռուսաստան, ծխախոտը հիմնականում արտահանվել է Իրաք (46.2%) և ԱՄԷ (30.2%), ֆերոմոլիբդենը՝ Նիդեռլանդներ (73.7%), իսկ կիսամշակված ոսկին՝ ԱՄԷ (60.2%) և Հնդկաստան (37.8%)։ Այլ ապրանքների հետ կապված՝ 2023թ-ին Հայաստանը արտահանել է մեծ ծավալով ավտոմեքենա (ԱՏԳ ԱԱ 87) և մեքենաներ ու սարքավորումներ (ԱՏԳ ԱԱ 84)։ Այս ապրանքատեսակներից յուրաքանչյուրի ավելի քան 80%-ն ուղղվել է Ռուսաստան։
Ադեկվատ արձագանքի անհրաժեշտությունը
Հայաստանի՝ դեպի ծով ելք չունեցող դիրքը, չորս հարևաններից երկուսի հետ փակ սահմանները, ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները ու լոգիստիկան վնասում են արտաքին շուկաներում երկրի մրցունակությանը: ՀՀ-ի միջազգային առևտուրը հիմնականում հիմնված է հյուսիսային հարևան Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների վրա։ Սակայն, վերջերս շրջանառվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանի բացման հարցը, ինչը մի շարք միջազգային կազմակերպություններ դրական են գնահատում Հայաստանի համար։ Այսպես, օրինակ, ապրանքների տարանցման և արտահանման համար Թուրքիայի տարածքից օգտվելը կարող է զգալիորեն բարձրացնել առևտրի արդյունավետությունը և արտաքին շուկաներ մուտքի հնարավորությունները։ Այս հնարավորությունը օգտագործելու համար Երևանը պետք է Անկարայի հետ բանակցի՝ արտահանման նպատակով (օրինակ՝ դեպի ԵՄ) թուրքական միջանցքը նպաստավոր պայմաններով օգտագործելու համար։
Ռուս-ուկրաինական պատերազմին հաջորդած զարգացումները՝ ներառյալ Ռուսաստանից Հայաստան աշխատուժի և կապիտալի ներհոսքը, ինչպես նաև դեպի Ռուսաստան աճող վերաարտահանումը, ոչ միայն խթանել են տնտեսական աճը, այլև՝ հանգեցրել տնտեսության կառուցվածքային փոփոխությունների ու նաև խորացրել Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից։
Այս պարագայում անհրաժեշտ է մշակել և իրականացնել տնտեսության առաջնահերթ ոլորտներում կայուն աճի ապահովման քաղաքականություն, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արտահանմանն ուղղված ոլորտներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծառայությունների ոլորտի վրա: Այս նպատակով առաջարկվում է մշակել արտահանման համապարփակ ռազմավարություն, որը հաշվի կառնի փոփոխվող տնտեսական միջավայրը և այդ զարգացումներից բխող նոր հնարավորությունները։ Փաստաթուղթը պետք է ուղղված լինի նաև Եվրամիության հետ առավել հասցեական աշխատանքի իրականացմանը, այդ թվում նաև՝ սակագնային քվոտաների կիրառմանը։