Նոյեմբերի 9-ը՝ միայն թղթի վրա․  44-օրյա պատերազմի ավարտից 4 տարի է անցել

Լուրեր

12.03.2026 | 20:13
Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով Իրանում երեք միլիոն ներքին տեղահանված կա. ՄԱԿ
12.03.2026 | 20:00
Իրանի դեմ լայնածավալ պատերազմ է ԱՄՆ-ի ներգրավմամբ․ բնական կլինի «Թրամփի ուղու» ձգձգումը․ Գեորգի Միրզաբեկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 19:49
Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի պաշտպանության նախարարի հետ
12.03.2026 | 19:37
Իրանի նոր գերագույն առաջնորդը խոսել է ընտանիքի զոհված անդամների մասին
12.03.2026 | 19:25
Factor TV-ի անդրադարձից հետո սոցաշխատողն այցելել է տնակում ապրող ընտանիքին
12.03.2026 | 19:13
Փաստաթուղթ ենք փոխանցել վարչապետին ու դատախազություն. Հայրիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 19:00
Առաջին անգամ ենք գնում ընտրությունների, երբ Արցախը հայկական չէ, խոստումները չեն կատարել, 65%-ը չեն հավաքի․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 18:50
Ծեծից մինչև թմրաբիզնես․ ի՞նչն է մղում դեռահասներին հանցավորության
12.03.2026 | 18:38
Իրաքի ափերի մոտ հարձակման ենթարկված լցանավում 23 վրացի նավաստի է եղել
12.03.2026 | 18:29
Մայք Թայսոն. Հաճույքով կմենամարտեի Ուսիկի հետ
12.03.2026 | 18:20
Իսրայելական բանակին հրամայվել է պատրաստվել Լիբանանում գործողությունների «ընդլայնմանը»
12.03.2026 | 18:10
Հոգևոր խորհրդի 4 անդամ հարցաքննության է հրավիրվել // Առաջընթաց՝ ԵՄ վիզաների ազատականացման գործում․ ԼՈՒՐԵՐ
12.03.2026 | 18:01
Ինչ գործով են հարցաքննվել Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ 4 անդամները. մանրամասներ
12.03.2026 | 17:58
Աջափնյակում հնչած կրակոցների գործով ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
12.03.2026 | 17:57
Իրանի նոր գերագույն առաջնորդը խոստացել է շարունակել Հորմուզի նեղուցի փակումը․ նա առաջին հայտարարությամբ է հանդես եկել
Բոլորը

Այսօր լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտի 4-րդ տարին։ 2020-ին այս օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել: Փաշինյանը նշել էր, որ հայտարարության տեքստը, որն արդեն հրապարակվել էր, անասելի ցավոտ է իր և ժողովրդի համար:

Արցախյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելուց հետո գիշերը մի խումբ քաղաքացիներ, կոտրելով կառավարության շենքի պատուհանները և դռները, ներխուժել էին ներս։ Այդ օրերին ընդդիմադիր քաղաքական ուժերը Փաշինյանին մեղադրում էին «կապիտուլյացիոն փաստաթուղթ» ստորագրելու մեջ և պահանջում էին նրա հրաժարականը:

Եռակողմ հայտարարության ստորագրումից երեք օր անց՝ հոկտեմբերի 12-ին, Նիկոլ Փաշինյանը դիմեց ժողովրդին՝ պնդելով, թե այդ փաստաթուղթը սկզբունքային կարևոր նշանակություն ունի Արցախի հարցի վերջնական լուծման և կարգավիճակի հարցում:

«Այս մասով մեր անելիքները չեն փոխվում, և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն, և, ըստ էության, Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ», – հայտարարել էր վարչապետը:

Հետագա զարգացումները, սակայն ցույց տվեցին, որ ոչ միայն միջազգային ճանաչում չի լինելու, այլև ՀՀ իշխանությունները ստիպված են լինելու հրապարակավ հայտարարել, որ ԼՂ-ն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է։

Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումից երեք տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսեցին Արցախի նկատմամբ, որի բնակչությունը արդեն իսկ շուրջ 10 ամիս գտնվում էր շրջափակման մեջ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով արցախցիների անվտանգության երաշխավոր համարվող ռուս խաղաղապահների անգործության պայմաններում ռազմական գործողությունները երկար չտևեցին, Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքում Արցախի նախագահի պաշտոնը նոր ստանձնած Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթով Արցախի ՊԲ-ն վայր դրեց զենքերը, և հայտարարվեց Արցախի լուծարման մասին։ Ընդամենը մի քանի օրում ավելի քան 100 հազար արցախցիներ ստիպված եղան թողնել իրենց տները, և ԼՂ-ն ամբողջությամբ հայաթափվեց։

Արցախի կորստից շուրջ մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը այս տարվա օգոստոսին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց, որ արցախահայության՝ Արցախ վերադարձը ներկա պայմաններում իրատեսական չի համարում։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրմանը հաջորդած տարիներին հայկական կողմը բազմիցս անդրադարձել է խնդրին, որ դրա կետերը պայմանագրի մյուս կողմերը այդպես էլ չեն իրականացրել․ պաշտոնական Մոսկվան ու  Բաքուն իրենց հերթին  ՀՀ-ին մեղադրում են փաստաթղթի 9-րդ կետով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

«Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքավար Հանրապետության միջև կապի մասին է։ Ո՛չ, դա դրա մասին չէ»,- մայիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Փաշինյանը։

Ըստ ՀՀ վարչապետի՝ փաստաթղթի 9-րդ կետում գրված է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման պարագայում ՀՀ տարածքով ճանապարհներով բեռների և ուղևորների անվտանգության ապահովման երաշխավորը ՀՀ-ն է։

«Եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որևէ ակնարկ, գրառում, ձևակերպում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և իրավազորությունը որևէ ձևով սահմանափակվում են։ Չկա՛ այդպիսի բան, բացարձակ, էդպիսի բան գոյություն չունի։ Շահարկվում է և փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետի համաձայն երրորդ կողմը պիտի ապահովի անվտանգություն ՀՀ տարածքով։ Հաջորդը՝ նոյեմբերի 9-ի 9-րդ կետում չկա ոչ մի ձևակերպում նրա մասին, որ ՀՀ որևէ տարածք պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից և որևէ երրորդ կողմ, մանսավորապես, ՌԴ-ն այն պետք է վերահսկի։ Նման բան չկա, գոյություն չունի ուղղակի»,- ասել էր վարչապետը:

Եռակողմ փատաթղթի 9-րդ կետի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունները հաջորդում էին մեկը մյուսին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասում էր՝ Հայաստանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման համաձայնագիրը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ շեշտել էր, որ Հայաստանը պաշտոնապես դուրս չի գալիս եռակողմ հայտարարությունից և ստորագրությունը հետ չի կանչում, բայց, միևնույն ժամանակ, փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքում արդեն գրեթե երկու տարի առաջընթաց չկա։

«Դժվար է ստորագրությունը հետ կանչել մի բանից, որը, մեծ հաշվով, չի գործում։ Կամ ինչի մասին է խոսքը, որ ստորագրող 3 կողմից 2-ը մի շարք կետերով խախտել են հայտարարությունը»,- նոյեմբերի 9-ի հայտարարությունից Հայաստանի ստորագրությունը ետ կանչելու հարցին ի պատասխան ասել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անուղղակի պատասխանելով ՌԴ գործընկերներին։

Հայաստանի արտգործնախարարը պնդել էր, որ Հայաստանը որևէ միջանցքի ստեղծման  պարտավորություններ չի ստանձնել ո՛չ 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության 9-րդ կետով, ո՛չ 2021թ. հունվարի եռակողմ հայտարարությամբ։

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը կարծում է, որ Հայաստանը պետք է իր ստորագրությունը հետ կանչի նոյեմբերի 9-ի հայտարարությունից, քանի որ ՌԴ-ն անընդհատ շահարկում է եռակողմ պայմանագիրը, ՀՀ-ն էլ իր հերթին է բարձրաձայնում, որ պայմանագրի կողմերը չեն կատարում 1-8 կետերը: Նա, սակայն, հիմա ռիսկային է համարում եռակողմ պայմանագրի չեղարկումը:

«Ես կոչ էի անում հանել ստորագրությունը միջազգայնորեն ամրագրելով նոյեմբերի 9-ի վախճանը, որի մասին Պուտինն էլ էր հայտարարել, որ այդ պայմանագիրը չի գործում: Իրանն էլ է ասել այդ մասին: Պետք էր իրավական առումով ազատվել այդ պայմանագրից, մանավանդ, ես ռիսկեր էի տեսնում, որ ասում էին` արցախիների վերադարձը մենք ապահովում ենք։ Սակայն Թրամփն ընտվեց ԱՄՆ-ում: Ես միշտ նայում եմ վարչակազմերի քաղաքականությանը: Հայաստանը պետք է նոր իրողությունների ֆոնին հասկանա` արդյոք նոյեմբերի 9-ը չեղարկելուց հետո արևմտյան պայմանավորվածությունները, օրինակ, Պրահայի համաձայնագիրը ուժի մեջ կմնան, թե Թրամփը կասի` ես նոր բան եմ առաջարկում: Այս պահին ռիսկային քայլեր չպետք է կատարել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ քաղաքագետի` մեր իշխանությունների խնդիրն է դիվանագիտական աշխատանք տանելով հասկանալ` արդյո՞ք նոյեմբերի 9-ը չեղարկելով մենք ստանում ենք մեկ այլ լեգիտիմ փաստաթուղթ, թե`ոչ:

«Եթե ունես անվտանգության երաշխիքներ, որ Ադրբեջանին ԱՄՆ-ը կստիպի Պրահայի համաձայնագրով շարունակվեն բանակցությունները, մենք միանշանակ եռակողմ պայմանագիրը պետք է չեղարկենք: Այստեղ խնդիրը երաշխավորն է: Երաշխավորները պետք է լինեն անկողմնակալ երկրներ, որոնք կճնշեն Ադրբեջանին: Իմ կարծիքով կարող է Արևմուտքն այդ ճնշումը գործադրել»,- ասաց մեր զրուցակիցը:

Եռակողմ պայմանագրի ստորագրումից  չորս տարի անց Ադրբեջանը դեռ չի վերադարձրել բոլոր հայ գերիներին և պահվող անձանց, ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը։  ՀՀ-ն ու Ադրբեջանը շարունակում են բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Կողմերը թեև հայտարարում են՝ արդեն մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը և  տեքստի մոտ 80 տոկոսը համաձայնեցված է՝  ադրբեջանական կողմը շարունակում է տարբեր հարթակներից նախապայմանների մասին բարձրաձայնել։

 

Մանյա Պողոսյան