Գյուլենի մահից հետո Թուրքիան FETO շարժումը թուլացնելու, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորություն է տեսնում․ Al Monitor

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Մինչ Թուրքիան կշռադատում է հոկտեմբերի 21-ին ԱՄՆ Փենսիլվանիայում մահացած հայտնի կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO շարժման դեմ պայքարելու իր տարբերակները, թուրք պաշտոնյաները հնարավորություն են տեսնում թուլացնել խմբավորումը և լուծել Վաշինգտոնի հետ տարաձայնությունները: Այս մասին ասվում է Al Monitor-ի անդրադարձում։

83-ամյա Գյուլենը և նրա շարժումը մեղադրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության դեմ 2016 թվականի անհաջող հեղաշրջման փորձը կազմակերպելու, ինչպես նաև զուգահեռ պետություն ստեղծելու մեջ: Տարիներ շարունակ Թուրքիայում բանավեճեր էին՝ ինչ անել Գյուլենի և նրա շարժման հետ։ Նրա մահից հետո ուշադրությունն արդեն բևեռվել է գործչի հետևորդների վրա, որոնք ջանում են վերակառուցել խմբավորման կայսրության ղեկավարությունը, որը բաղկացած է բիզնեսներից, դպրոցներից, լրատվամիջոցներից և լոբբիստական ​​խմբերից:

Ըստ հրապարակման՝ քանի որ 1999 թվականից ի վեր Գյուլենի ինքնաքսորը Միացյալ Նահանգներում եղել է Անկարա-Վաշինգտոն հարաբերությունների հիմնական խնդրահարույց կետերից մեկը, որոշակի հույս կա, որ նրա մահը կարող է նվազեցնել լարվածությունը թուրք-ամերիկյան հարաբերություններում, որոնք դանդաղորեն բարելավվում են այս տարվա սկզբից:

Թուրք պաշտոնյաները, որոնք զրուցել են Al-Monitor-ի հետ, տեսնում են մի քանի գործոններ, որոնք կարող են ձևավորել հետգյուլենական շրջանը, այդ թվում՝ հակառակորդ խմբավորումները, որոնք այժմ, հավանաբար, միմյանց դեմ դուրս կգան։ Նրանք կարծում են, որ թուրքական կառավարությունը կարող է բազմակողմ ռազմավարություն հետապնդել ցանցերն է՛լ ավելի թուլացնելու համար:

Գյուլենը հավատացյալների համաշխարհային ցանցի առաջնորդն էր, որոնք իրենց շարժումն անվանում են «Հիզմեթ» (թուրքերեն՝ «ծառայություն»): Թուրքերի մեծամասնությունը նրանց անվանում է ֆեթուլլահիստներ, գյուլենականներ կամ ավելի հաճախ՝ FETO։ Գյուլենը հայտնի է դարձել Սառը պատերազմի ժամանակ կատաղի հակակոմունիստական ​​կրոնական և ազգայնական շրջանակների շրջանում: Նա լայն համբավ է ձեռք բերել 1990-ականներին՝ ձեռք բերելով լայն լսարան, հրապարակելով իր քարոզները ԶԼՄ-ներում, ստեղծելով հավատարիմ համախոհների բազա ոստիկանական, զինվորական, դատական ​​և քաղաքացիական ծառայության մեջ:

Գյուլենի համաշխարհային ժողովրդականությունը համընկավ 2000-ականների սկզբին Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) վերելքի հետ Թուրքիայում: Գյուլենականներն ու ԱԶԿ-ն ի սկզբանե համագործակցում էին, սակայն հետո տարաձայնություններ ունեցան, որն ավարտվեց 2016 թվականի հուլիսի 15-ին Էրդողանի իշխանության դեմ հեղաշրջման փորձով: Այն ճնշելուց հետո Գյուլենի հազարավոր հետևորդներ մեղադրվեցին և դատապարտվեցին։ Գրեթե 25,000 զինվորական սպաներ հեռացվեցին աշխատանքից ցանցի հետ կապերի կամ դրա կասկածների պատճառով, հարյուր հազարավոր մարդիկ ձերբակալվեցին հաջորդող տարիներին:

Մինչ այդ, Գյուլենն ու նրա ղեկավարած շարժումը հերքում են, որ հեղաշրջումը կազմակերպվել է իրենց կողմից։

«Մեծ կռիվ է լինելու նրա շուրջ, թե ով է վերահսկելու կազմակերպության փողերը և ինչպես է օգտագործվելու դրա ազդեցությունը»,- Al-Monitor-ին անանունության պայմանով ասել է Թուրքիայի անվտանգության ծառայությունների աշխատակիցը:

Անվտանգության նախկին բարձրաստիճան պաշտոնյան լրատվամիջոցին ասել է, որ ակնկալում է «մնացորդների նախագահություն», որը նման է Խորհրդային Միության վերջին օրերին․ «Եվ այդ ժամանակ մյուս կողմից կսկսվի իրական պայքար ազդեցության և փողի համար»:

Բուրսայի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների դոցենտ, Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախկին սպա Ալի Բուրաք Դարիչիլիի խոսքով՝ Գյուլենի մահն Անկարան հնարավորություն է տալիս մարգինալացնելու խմբավորումը:

«Գյուլենական շարժումը գործում է բազմաթիվ երկրներում ֆինանսական, հետախուզական և քարոզչական միջոցներով: Պետք է լինեն համահունչ ռազմավարություններ, որոնք դուրս են գալիս կառավարության փոփոխություններից։ Հանցագործների հետ պետք է վարվել իրավական և ժողովրդավարական նորմերի սահմաններում։ Վարչական հետաքննությունները պետք է իրականացվեն առանց անարդարություն առաջացնելու, և պետք է վերանա այդ պայքարի վերաբերյալ հասարակական բացասական ընկալումը»,- ասել է նա լրատվամիջոցին։

Դարիչիլին նշել է, որ չնայած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում զգալի թուլացմանը՝ գյուլենականների ցանցերը դեռևս ակտիվ են հայրենիքում։ Նա հավելել է, որ կարևոր է հետախուզական տվյալներ հավաքել կառույցի միջազգային կապերի մասին, հատկապես՝ ԱՄՆ-ում։

2016-ի հեղաշրջման փորձից հետո տեղեկություններ էին հայտնվել, որ, իբր, թուրքական բյուրոկրատիայի որոշ կոռումպացված պաշտոնյաներ կաշառք են վերցրել՝ FETO-ի հետ կապ ունեցող անձանց մասին տվյալները մաքրելու համար:

«Սրա մեծ մասը վերաբերում էր պետական ​​ծառայության կոռուպցիայի դժվարին սահմանմանը, որտեղ քաղաքացիական ծառայողները պարզապես մոռացել էին պետական ​​ծառայողի իրենց երդումը»,- ասել է պաշտոնաթող պաշտոնյան։

Աղբյուրի կողմից բարձրացված մեկ այլ խնդիր է այն, որ նույնիսկ գյուլենականների արտաքսումից հետո այլ ստվերային կրոնական ցանցեր մեծ տեղ են գրավել թուրքական բյուրոկրատիայում, ինչը շարունակվում է ներկայիս պետական ​​ծառայողների շրջանում:

«Եթե ԱԶԿ-ն լրջորեն է վերաբերվում FETO-ի դեմ պայքարին, ապա նրանք պետք է սկսեն առաջ մղել պետական ​​ծառայողների, որոնք հավատարիմ են սահմանադրությանը, օրենքի գերակայությանը և ժողովրդավարությանը: Չեմ կարծում, որ նրանք հիմա դա անում են»,- ասել է նա։

Այնուամենայնիվ, պաշտոնաթող պաշտոնյան հույս է հայտնել, որ Գյուլենի մահից հետո Թուրքիան կարող է ավելի շատ մանևրելու տեղ ունենալ միջազգային հարթակում, հատկապես՝ Միացյալ Նահանգների հետ:

«Գյուլենական մեծ սփյուռք կա Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և նույնիսկ Հնդկաստանում: Այդ գրգռիչի հեռացմամբ Թուրքիային և Ամերիկային նոր, ընդհանուր առմամբ, դրական զարգացումներ են սպասվում»,- ասել է աղբյուրը։

Անկարայի հնարավորությունները՝ Վաշինգտոնին համոզելու դադարեցնել ԱՄՆ-ում տեղակայված գյուլենականների գործունեությունը, կմեծանան, եթե ՆԱՏՕ-ի երկու անդամներն առաջընթաց գրանցեն իրենց երկկողմ հարաբերություններում, եզրափակում է պարբերականը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի