Ինչպես է Թրամփի և Ալիևի հետ կապեր ունեցող ադրբեջանցի մագնատը ստվերային միլիոններ ներդրել Բրիտանիայի KFC ռեստորանների ցանցում․ հետաքննություն

Լուրեր

22.11.2024 | 16:50
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ի եթերում
22.11.2024 | 16:37
Թուրքիայի ԱԳ նախարարը ողջունել է ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի կալանքի որոշումը
22.11.2024 | 16:24
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
22.11.2024 | 16:11
Բրիտանացի կրիպտոարժույթի մայների ընկերուհին աղբամանն է նետել 750 միլիոն դոլար արժողությամբ կոշտ սկավառակը
22.11.2024 | 15:55
«Հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելով»․ Հաջիև
22.11.2024 | 15:46
Խաղաղության ու կանանց մասին՝ պաթոսից անդին
22.11.2024 | 15:38
Պարզվել են Հյուսիսային պողոտայի տարածքում նախկին բնակիչներին պատկանող անշարժ գույքը խարդախությամբ ձեռք բերելու դեպքերի հանգամանքներ
22.11.2024 | 15:27
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի հետ
22.11.2024 | 15:15
Քաղաքապետարանը  չի թույլատրում լուսաբանել վարչության պետերի մրցույթը՝ խախտելով հրապարակայնության սկզբունքը
22.11.2024 | 15:07
Քննարկվել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը
22.11.2024 | 15:04
Զեյնալյանը մանդատը վայր է դնում, Լուկաշենկոն խոսել է 3-րդ համաշխարհային պատերազմից․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 14:54
Թրամփը ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է իր փաստաբան Փեմ Բոնդիի թեկնածությունը
22.11.2024 | 14:41
Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել
22.11.2024 | 14:28
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
22.11.2024 | 14:15
Եղանակը կցրտի․ առաջիկա օրերին բարձրադիր շրջաններում ձյուն է սպասվում
Բոլորը

Ադրբեջանցի մագնատ Անար Մամեդովը հայտնի է նրանով, որ պատրաստվում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ Բաքվում երկնաքեր կառուցել, միլիոններ էր ծախսում ԱՄՆ-ում լոբբիստների վրա, և որը հարստություն է կուտակել իր հզոր հոր կողմից վերահսկվող նախարարության հետ պետական ​​պայմանագրերով։ Արտահոսած նամակագրության մեջ ամերիկացի դիվանագետներից մեկը Մամեդով ավագին անվանել է «կոռումպացված պաշտոնյա՝ նույնիսկ ադրբեջանական չափանիշներով»: Այս մասին ասվում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննության մեջ, որը ներկայացնում է Current time-ը։

Թրամփի հետ համատեղ նախագիծը ձախողվել է, Վաշինգտոնում լոբբիստական ​​ներդրումները սակավացել են, սակայն Մամեդովը գտել է՝ որտեղ ներդնի իր կապիտալը՝ բրիտանական արագ սննդի ոլորտում:

Հետաքննությունը պարզել է, որ 43-ամյա Մամեդովը միլիոնավոր դոլարներ է ներդրել Անգլիայում՝ ամերիկյան KFC ցանցի մասնաճյուղի զարգացման համար, թեև երբեմն թաքցրել է իր մասնակցությունն օֆշորային ֆինանսական կառույցների խճճված ցանցում։ Մամեդովին պատկանող ռեստորանները, ի թիվս այլնի, գտնվում են Լիվերպուլում, Ուիգանում, Բոլթոնում և Փրեսթոնում։ Այս ներդրումները դարձել են նրա ակտիվների մի մասը Բրիտանիայում։

Մամեդովը նաև գնել է ավելի քան 30 միլիոն դոլար արժողությամբ գույք Լոնդոնի շրջաններում՝ համաձայն բրիտանական հողային ռեգիստրի փաստաթղթերի, որոնց հասանելիություն ունի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը, իսկ վերլուծել է «Ազատություն» ռադիոկայանը: Այդ ունեցվածքի մեծ մասը ձեռք է բերվել այն ժամանակ, երբ Անար Մամեդովի հայրը տրանսպորտի նախարար էր։ 2017 թվականին Մամեդով ավագին պաշտոնանկ է արել Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը, ում հարազատները նույնպես հարյուր միլիոնավոր դոլարներ են ներդրել բրիտանական անշարժ գույքի մեջ։

Մամեդովների ընտանիքի հարստության ծագման հարցը նախկինում բարձրացվել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պետական ​​կառույցների կողմից: Բրիտանական իշխանությունները վերջերս ավելի մեծ ուշադրություն են դարձնում կասկածելի ծագման կապիտալին, մասնավորապես, Ադրբեջանից։ 2022 թվականի վերջին ադրբեջանական լրատվամիջոցներում առաջին տեղեկությունը հայտնվեց, որ Մամեդովը գնել է KFC ցանցը Բրիտանիայում։

Այդ ժամանակ, սակայն, նրա հայրը՝ տրանսպորտի նախկին նախարար Զիյա Մամեդովը, հայտարարել էր. «Այս մասին գրողը թող գնա և գտնի այդ ռեստորանը, և ես այն կնվիրեմ նրան։ Արդեն 30 տարի գրում են ամեն հիմարություն։ Անարն Անգլիայում ռեստորաններ չունի»։

Սակայն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը պարզել է, որ Մամեդովն ունի KFC ցանցի առնվազն 20 ռեստորան Մեծ Բրիտանիայի հյուսիս-արևելքում, և այդ ներդրումներն ուղղվել են անանուն օֆշորային ընկերության միջոցով ավելի քան մեկ տասնամյակ առաջ: Մամեդով կրտսերի քաղաքական կապերը և նրա հարստության ակունքներն արդեն մտահոգություն են առաջացրել արևմտյան ֆինանսական կարգավորիչների և խորհրդարանականների շրջանում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իշխանությունը ժառանգել է հորից 2003 թվականին։ Տարիների ընթացքում նրա հարազատները դարձել են խոշոր կապիտալի տեր՝ ավիափոխադրումների, շինարարության և բնական պաշարների արդյունահանման ոլորտներում պետական ​​շահութաբեր պայմանագրերի շնորհիվ: Սակայն Ադրբեջանի որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես հարստացել են։ ԱՄՆ Պետքարտուղարության՝ երկրի ներդրումային միջավայրի վերաբերյալ անցյալ տարվա զեկույցում ասվում է, որ «տնտեսության մեջ գերակշռում է կառավարությանը կապված հոլդինգային ընկերությունների փոքր խումբը»:

2017 թվականին Անգլիայի խորհրդարանում «Փողերի լվացում և հարկերից խուսափում (Ադրբեջան)» թեմայով քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը նշել է, որ Անար Մամեդովն ընդամենը 20 տարեկան էր, երբ չորս միլիոն դոլարով տուն գնեց Լոնդոնում Բիշոփի պողոտայում, որը հայտնի է որպես «Միլիարդատերերի փողոց»։

Անար Մամեդովը չի պատասխանել Անգլիայում անշարժ գույքի և KFC ռեստորանների ցանցի վերաբերյալ հարցերին։ KFC-ին և նրա ամերիկյան մայր ընկերությանը՝ Yum Brands-ին ուղղված հարցումները նույնպես մնացել են անպատասխան։

Զիյա Մամեդովը հեռախոսազրույցում հրաժարվել է մեկնաբանել իր հասցեին հնչող քննադատություններին, երբ տրանսպորտի նախարար էր։

Trump Hotel-ից մինչև KFC

Անար Մամեդովն առաջին անգամ ներդրումներ է կատարել բրիտանական արագ սննդի ոլորտում 2013 թվականին՝ գնելով KFC օպերատորը, որն այժմ հայտնի է որպես 1st Rate Investment (UK) Limited: Հետագա տարիների ֆինանսական հաշվետվություններում մայր ընկերությունը կոչվում էր օֆշորային ընկերություն Վիրջինյան կղզիներում, իսկ վերջնական սեփականատերը նշվում էր որպես «անհայտ»: 2016 թվականի նոյեմբերից, այսինքն՝ գնումից երեք տարի անց, 1st Rate Investment-ը որպես սեփականատեր նշում է «Ա.Մամեդով»։ Այդ ժամանակ Մամեդովների ընտանիքն արդեն հարստություն էր կուտակել պետական ​​պայմանագրերից, այդ թվում՝ Տրանսպորտի նախարարության հետ, որը 2002 թվականից ղեկավարում էր Զիյա Մամեդովը։

Այդ տարիներին Մամեդովը գլխավորում էր Վաշինգտոնում գործող «Ադրբեջանական Ամերիկա դաշինք» կազմակերպությունը, որն ավելի քան 12 միլիոն դոլար է ծախսել Ալիևի կառավարության քաղաքական շահերի լոբբինգի համար։ Միայն 2012 թվականի գալա ընթրիքը, որին մասնակցել են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները և Կոնգրեսի 15 այլ անդամներ, արժեցել է 430,000 դոլար:

Մամեդովի ամենահայտնի նախագիծը, սակայն, Դոնալդ Թրամփի ընկերության հետ համագործակցությունն էր՝ Բաքվում շքեղ 33 հարկանի հյուրանոց կառուցելու համար, ինչպես ասվում է 2014 թվականի մամուլի հաղորդագրության մեջ՝ «քաղաքի և Կասպից ծովի գեղատեսիլ տեսարաններով»։ Այն բանից հետո, երբ Թրամփը 2016 թվականին ընտրվեց Միացյալ Նահանգների նախագահ, բիզնես նախագիծը մտահոգություն առաջացրեց Կոնգրեսում՝ Մամեդով ավագի նկատմամբ կոռուպցիոն կասկածների պատճառով: Դեռևս 2009-ին WikiLeaks-ը հրապարակել էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը, որում Զիյա Մամեդովին անվանում էին «ակնհայտ կոռումպացված պաշտոնյա նույնիսկ ադրբեջանական չափանիշներով»:

Մամեդովի համատեղ զարգացման նախագիծը Թրամփի հետ, ինչպես նաև ԱՄՆ-ում նրա լոբբիստական ​​ջանքերը, ոչնչի չեն հանգեցրել։ 2016 թվականի դեկտեմբերին, նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո, Trump Organization-ը դուրս եկավ հյուրանոցի նախագծից: 2018 թվականին այնտեղ հրդեհ է բռնկվել, իսկ 2022 թվականի դեկտեմբերին հյուրանոցը բացվել է, բայց Ritz-Carlton ապրանքանիշով։

Վաշինգտոնում Մամեդովի կազմակերպությունը ղեկավարած ամերիկացի նախկին կոնգրեսականը նույն տարում հեռացել է պաշտոնից՝ աշխատավարձերը չվճարելու պատճառով։ Այն բանից հետո, երբ 2017 թվականի փետրվարին Մամեդով ավագը հեռացվել է տրանսպորտի նախարարի պաշտոնից, նրա հարազատների համար պետական ​​պայմանագրերն ավարտվել են։

Այնուամենայնիվ, Մամեդովի KFC ռեստորանների ցանցը Բրիտանիայում շարունակել է զարգանալ։ Մեծ Բրիտանիայի հողային ռեգիստրը ցույց է տալիս, որ Մամեդովն օգտագործել է այս երեք դուստր ձեռնարկությունները՝ Amber Restaurants Limited, BJR Foods Limited և Colonel Foods Limited, 26 անշարժ գույք վարձակալելու համար: Վիրջինյան կղզիներում Մամեդովի կողմից վերահսկվող ընկերությունը, որը կոչվում է 1st Rate Investments Limited, ավելի քան 10 միլիոն դոլարի անտոկոս վարկեր է տրամադրել Բրիտանիայի իր KFC ցանցին՝ համաձայն վերջին հասանելի ֆինանսական հաշվետվությունների: Մամեդովը հետագայում վերադարձրեց այդ միլիոնները վարկերի վճարումների և շահաբաժինների տեսքով, ինչի մասին վկայում են ֆինանսական հաշվետվությունները:

1st Rate Investments Limited-ը կառավարվում է Գերնսիում գրանցված հավատարմագրային Hansard Limited ընկերության կողմից՝ համաձայն Պանամական փաստաթղթերի արտահոսքի։ Հենց Hansard Limited-ի և Մամեդովի համագործակցությունն է հետագայում գրավել ֆինանսական կարգավորիչների ուշադրությունը:

2021 թվականի դեկտեմբերին Գերնսիի ֆինանսական կարգավորիչը հարյուր հազարավոր դոլարների ընդհանուր գումարի մի քանի տուգանքներ է սահմանել Hansard-ին և նրա տնօրենների նկատմամբ այն հիմքով, որ ընկերությունը չի կարողացել վերահսկել հաճախորդների ֆինանսական հանցագործության ռիսկերը։ Hansard, ըստ հետաքննության, կապված է ոչ միայն Մամեդովի KFC բիզնեսի հետ, այլև Լոնդոնում նրա անշարժ գույքի հետ:

Մամեդովը նաև Եվրամիության երկրներից մեկի անձնագիր ստանալու անհաջող փորձեր է կատարել։ 2015 թվականին, երբ Ադրբեջանում մոլեգնում էր ֆինանսական ճգնաժամը, Մամեդովն ու նրա ընտանիքը դիմել են բրիտանական Henley & Partners ընկերությանը, որը մատուցում է «քաղաքացիության պլանավորման» ծառայություններ։ Մամեդովն ընկերությանն ասել է, որ կցանկանար ստանալ Մալթայի քաղաքացիություն, քանի որ այս դեպքում նա կկարողանար ազատ ճանապարհորդել, և շահագրգռված էր այս կղզի-պետությունում բիզնեսով զբաղվելու հարցում։

Henley & Partners-ին ուղղված իր դիմումում Մամեդովն իրեն անվանում է «KFC-ի մի քանի ցանցերի սեփականատեր»: Նա նաև ասել է, որ Սենթ Քիթս և Նևիս կղզիներից անձնագիր ստանալու իր փորձն անհաջող է եղել։

Համաձայն արտահոսած փաստաթղթերի՝ Henley & Partners-ը պատվիրել է վերլուծական զեկույց Մամեդովի գործունեության վերաբերյալ: Դրանում ասվում է, որ նրա հետ համագործակցությունը կապված է «չափազանց բարձր հեղինակության ռիսկերի» հետ և՛ ընկերության, և՛ Մալթայի իշխանությունների համար: Ընկերությունը ստացել է լրատվամիջոցի հարցումը Մամեդովի վերաբերյալ, սակայն պատասխան դեռևս չի տրամադրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի