Հակակոռուպցիոն դատարան՝ Բուրունդիի ու Պակիստանի օրինակով․ ինչ էին հայտարարում և ինչ ստացվեց

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Ինչպե՞ս մեկ օրում քաղաքական կերպարից վերափոխվել լիարժեք ապաքաղաքական կերպարի։ Այս հարցին, թերևս, կպատասխանի Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը։

2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը դռնփակ նիստում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին ներառեց Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցանկում։ Հունիսի 27-ին Դավթյանի լիազորությունները՝ որպես պատգամավոր, դադարեցին, քանի որ նա հրաժարականի դիմում ներկայացրեց։ Նույն օրը ԱԺ ամբիոնից ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը դեռ ժամեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի կենսագրությունը ներկայացրեց ԱԺ պատգամավորներին։

Մեկ օր անց՝ հունիսի 28-ին, միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայներով Արթուր Դավթյանն ընտրվեց Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանի քաղաքացիական պալատի դատական կազմի դատավոր։ Սա Հակակոռուպցիոն դատարանի այն պալատն է, որը քննում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պետական շահերի պաշտպանության և կոռուպցիոն բնույթ ունեցող այլ գործեր, որոնց թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գործերը։

2023 թվականի փետրվարի 27-ին ԲԴԽ-ն նախագահին առաջարկեց Արթուր Դավթյանին նշանակել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ, և Վահագն Խաչատուրյանը մարտի 3-ին ստորագրեց նրա նշանակման հրամանագիրը։

Factor TV-ն ուսումնասիրել է, թե Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանում ովքեր են դարձել դատավոր, ինչ կենսագրություն, ինչ կապեր ունի նրանցից յուրաքանչյուրը կամ ինչ պաշտոնից է ընտրվել որպես դատավոր։

Ինչու ստեղծվեց Հակակոռուպցիոն դատարանը

Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը ՀՀ 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության կարեւոր բաղադրիչներից էր։ Հղում կատարելով միջազգային փորձին՝ ռազմավարության մեջ նշվում էր, որ այսպիսի մասնագիտացված դատարաններ կան մի շարք երկրներում։ Աֆղանստան, Բանգլադեշ, Բոտստվանա, Բուլղարիա Բուրունդի, Կամերուն, Խորվաթիա, Ինդոնեզիա, Քենիա, Մալայզիա, Մադագասկար, Մեքսիկա, Շրի Լանկա, Նեպալ, Պակիստան, Պաղեստին, Ֆիլիպիններ, Սենեգալ, Սլովակիա, Ուկրաինա, Ուգանդա, Տանզանիա, Թաիլանդ․ ահա այն երկրների ցանկը, որոնց մասին նշված էր ռազմավարության մեջ:

Ըստ ռազմավարության՝ մասնագիտացված դատարաններ ստեղծելով՝ նպատակ էր դրվում ապահովել հակակոռուպցիոն գործերի քննության արդյունավետությունը, ամբողջականությունը և մասնագիտացվածությունը։

Ամբողջականության վերաբերյալ հիմնավորումներում նշվում էր, որ առանձին մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու միջոցով հնարավոր կլինի կոռուպցիայից և քաղաքական գործիչների ու ազդեցիկ շրջանակների անիրավաչափ ազդեցությունից զերծ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից կոռուպցիոն գործերով արդարադատություն իրականացնել։

Ստացվում է՝ Դավթյանին որպես Հակակոռուպցիոն վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրած Բարձրագույն դատական խորհուրդը, նրա թեկնածությունը հաստատած ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ու դատավոր նշանակելու հրամանագիրը ստորագրած նախագահ Վահագն Խաչատուրյանը հավատում են, որ ՔՊ-ից մեկ օր առաջ դուրս եկած Արթուր Դավթյանը կարող է քաղաքական գործիքների և ազդեցիկ շրջանակների ազդեցությունից զերծ, անկախ և անկողմնակալ դատավոր լինել։

Ռազմավարության մեջ նշվում էր նաև, որ նպատակ է հետապնդվում Հակակոռուպցիոն դատարանի դատավորների կազմում ներառելու առավել փորձառու դատավորների, ինչպես նաև փաստաբանների: Կրկին այլ երկրների փորձին հղում կատարելով՝ նշվում էր, որ, օրինակ, Ինդոնեզիայում միայն 10 տարվա փորձ ունեցող դատավորը կարող էր նշանակվել որպես առանձին կոռուպցիոն գործեր քննող դատավոր, Խորվաթիայում՝ միայն այն դատավորը, ով ունի փորձառություն՝ լսելու ամբողջական քրեական գործեր։

Բուլղարիայում, ըստ ռազմավարության, մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի դատավոր կարող է նշանակվել այն դատավորը կամ դատախազը, որն ունի առնվազն 10 տարի մասնագիտական փորձ: Իսկ Մասնագիտացված հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավորի համար պահանջներն էլ ավելի խիստ են․ այս դատարանում դատավոր կարող է նշանակվել այն անձը, որն ունի առնվազն 12 տարվա մասնագիտական ստաժ, որից առնվազն  8 տարին հանդես է եկել որպես դատավոր, դատախազ կամ քրեական գործեր քննող մագիստր։

Իսկ ովքե՞ր են Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանի դատավորները։

Վճռաբեկ Հակակոռուպցիոն պալատ

Վճռաբեկ Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության կազմ
Այս պալատում Արթուր Դավթյանից բացի, դատավոր են նաև Գևորգ Գյոզալյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Արման Կուրեխյանը, Լիզա Գրիգորյանը։

Գևորգ Գյոզալյանը երկար տարիներ փաստաբանական գործունեությամբ է զբաղվել, եղել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական գործերով Փաշինյանի փաստաբանը։ Դատավոր է նշանակվել 2022 թվականին։

Լիպարիտ Մելիքջանյանը Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ է եղել, երբ ԲԴԽ-ն նրան ներառել է այս պալատի դատավորի թեկնածուների շարքում։ Մելիքջանյանը ևս 2022-ին է դատավոր դարձել։

Արման Կուրեխյանը 2008 թվականից դատավոր է։

Լիզա Գրիգորյանը 2013 թվականից է դատավոր։

Այսինքն՝ այս կազմում գործող 4 դատավորից 2-ն են նախկինում դատավոր եղել։


Վճռաբեկ Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմ
Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմն այս պահին 4 դատավորով է գործում՝ Սերգեյ Չիչոյան, Ելիզավետա Դանիելյան, Արտակ Կրկյաշարյան, Դավիթ Վեքիլյան։ Այս պալատի դատավոր է եղել նաև Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազ Կարեն Բիշարյանը, սակայն վերջինս 2023-ի ամռանը, այսինքն՝ 1 տարի պաշտոնավարելուց հետո, հրաժարականի դիմում է ներկայացրել ու լքել Հայաստանը։ Բացի դրանից՝ այս պալատում մինչև վերջերս դատավոր էր Սերգեյ Մարաբյանը, որը իրավաբան գիտնական է, 2014-ին է նշանակվել դատավոր։ 2023-ի տարեվերջին Մարաբյանը նշանակվեց Վճռաբեկ Հակակոռուպցիոն դատարանի քրեական գործերի քննության կազմի դատավոր, սակայն ընդամենը 3 ամիս անց հրաժարականի դիմում ներկայացրեց՝ առհասարակ դադարելով դատավոր լինել։

Սերգեյ Չիչոյանը նույնպես, ինչպես Լիպարիտ Մելիքջանյանը, Հակակոռուպցիոն պալատի դատավոր է դարձել այն ժամանակ, երբ ԲԴԽ անդամ է եղել։ Վերջինս Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր, երբ ԲԴԽ-ն նրան ընտրեց որպես Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու։ Չիչոյանի՝ ԲԴԽ-ում պաշտոնավարման ժամանակահատվածում միայն ինքը չէ, որ առաջխաղացում է ունեցել: Նրա եղբորորդուն՝ Ժորա Չիչոյանին էլ ԲԴԽ-ն ընտրել է որպես Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Ընդ որում՝ երբ ԲԴԽ-ն Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին առաջարկել է Ժորա Չիչոյանին դատավոր նշանակել, նախագահը չի ստորագրել և առարկություններ է ներկայացրել, բայց ԲԴԽ-ն չի ընդունել առարկություններն ու իրավունքի ուժով Չիչոյանին դատավոր է նշանակել։ Չիչոյանը երդվել է ոչ թե նախագահականում, այլ ԲԴԽ-ում, որի անդամ էր նաև նրա հորեղբայրը, ավելին, այդ շրջանում հենց Սերգեյ Չիչոյանն էր ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը։

Դատավոր Արտակ Կրկյաշարյանը 2022-ին է դարձել այս պալատի դատավոր` միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների քվեով։ Մինչ այդ աշխատել է Քննչական կոմիտեում, եղել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Կրկյաշարյանի անունը կապվում է մի քրեական գործի հետ, որն առնչվում է Երևանի քաղաքապետարանի կողմից ապօրինի շինթույլտվություն տալուն: Այս թեմային անդրադարձել է Հետքը՝ նշելով, որ շինարարությունն իրականացնող ընկերությանը 100 % բաժնեմասը պատկանում է դատավորի կնոջը։

Դավիթ Վեքիլյանը եղել է Մարտի 1-ի գործով քննիչ, ապա՝ աշխատել որպես դատախազ։ Առաջին անգամ դատավոր է նշանակվել 2022 թվականի դեկտեմբերին։
Ելիզավետա Դանիելյանը դատավոր է 1991 թվականից։
Այսինքն՝ այս կազմում ևս 4 դատավորից 2-ն է նախկինում դատավոր եղել։

Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարան
Առաջին ատյանի կոռուպցիոն հանցագործությունները քննող դատավորները
Առաջին ատյանում կոռուպցիոն հանցագործությունները քննում են դատավորներ Խաչիկ Ղազարյանը, Գիվի Հովհաննիսյանը, Վահե Դոլմազյանը, Սուրեն Խաչատրյանը, Տիգրան Դավթյանը, Վարդգես Սարգսյանը, Սարգիս Դադոյանը, Արամ Գրիգորյանը, Վարդգես Ստեփանյանը։

Խաչիկ Ղազարյանը Հակակոռուպցիոն դատարանի նախագահն է: Մինչ 2022-ին դատավոր նշանակվելն աշխատել է Դատական դեպարտամենտում։ Այս դատավորի անունը շոշափվել է մի քրեական գործով, համաձայն որի՝ Դատական դեպարտամենտից յուրացում և վատնում է կատարվել: Ուշագրավ է այն հանգամանքը, որ վկայի կարգավիճակ ունենալով` Ղազարյանը հատուցել է հանցագործությամբ պատճառված վնասը: Նրանից բացի, գործով անցնող այլ անձինք ևս վնասի հատուցում են կատարել, և գործը կարճվել է:

Գիվի Հովհաննիսյանը փաստաբանական գործունեությամբ է զբաղվել։ 2008 թվականին եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի փաստաբաններից մեկը, երբ վերջինս անազատության մեջ է գտնվել։ Այդ դատավորի հայրն ու եղբայրը ևս 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ քրեական հետապնդման են ենթարկվել, և Հովհաննիսյանը եղել է նրանց փաստաբանը:

Իշխանափոխությունից հետո Գիվի Հովհաննիսյանը ստանձնել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով տուժող Դավիթ Սիմոնյանի շահերի պաշտպանությունը։

Հակակոռուպցիոն դատարանի քրեական գործեր քննող 4 դատավոր՝ Վահե Դոլմազյանը, Սուրեն Խաչատրյանը, Տիգրան Դավթյանը և Վարդգես Սարգսյանը Դատախազությունից են դատական համակարգ տեղափոխվել, երկուսը՝ Սարգիս Դադոյանը և Արամ Գրիգորյանը՝ քննչական մարմիններից։

Վահե Դոլմազյանը եղել է քննիչ, ապա՝ 2015-ից՝ դատախազ։ Դոլմազյանը եղել է գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատախազը։ Այս պահին նրա վարույթում մի շարք աղմկահարույց քաղաքական հնչեղություն ունեցող գործեր կան, ինչպիսիք են pաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի գործերը։

Սուրեն Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազությունում վարչության պետի տեղակալ է եղել, ավելի վաղ եղել է քննիչ:

Տիգրան Դավթյանը 2020-2022 թվականներին աշխատել է որպես դատախազ, իսկ մինչ այդ առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական: Այժմ նրա վարույթում է նախկին գլխավոր նատախազ Աղվան Հովսեփյանի գործը։

Վարդգես Սարգսյանը 2020-2022 թվականներին եղել է ավագ դատախազ, մինչ այդ եղել է քննիչ, հետաքննիչ: Վարդգես Սարգսյանը դատախազ եղած ժամանակ եղել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գործերից մեկով հսկող դատախազը, դատարանում պաշտպանել է Արամ Հարությունյանին ենթադրյալ օժանդակողների մեղադրանքը։ Բնապահպանության նախկին նախարարը, հիշեցնենք, մեղադրվում է գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու գործով:

Սարգիս Դադոյանը մինչև դատավոր նշանակվելը եղել է Ազգային անվտանգության ծառայության ավագ քննիչ: Դադոյանի վարույթում այժմ քննվում է դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը, որի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2019-ին ազատ արձակելուց և Սահմանադրական դատարան դիմելուց հետո։

Արամ Գրիգորյանը 2018-2021-ին աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ որպես ծառայության պետի խորհրդական։ Մինչ այդ եղել է դատախազ, քննիչ: Գրիգորյանի վարույթում այժմ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը։

Վարդգես Ստեփանյանը աշխատել է Ազգային ժողովում, դատավոր է նշանակվել 2023 թվականին։
Այսինքն՝ այս կազմի որևէ դատավոր նախքան Հակակոռուպցիոն դատարանում նշանակվելը, դատավորի փորձառություն չի ունեցել։

Քաղաքացիական գործեր քննող դատավորները

Առաջին ատյանի դատարանում Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերը, այսինքն՝ ապօրինի գույքի բռնագանձման, պետական շահերի պաշտպանության և այլ գործերը, քննում են դատավորներ Կարապետ Բադալյանը, Արշխեն Ղարսլյանը, Նարինե Ավագյանը, Լիլի Դրմեյանը և Ռուդոլֆ Ավագյանը:

Կարապետ Բադալյանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ 2020-ին է նշանակվել դատավոր։ Մինչ այդ զբաղվել է փաստաբանությամբ, ներկայացրել է Բուզանդի փողոցի բնակիչներից մեկի շահերը, երբ այլոց բնակարանների հետ, հանրային գերակա շահի պատճառաբանությանբ, պետությունը նրա բնակարանը ևս վերցրեց:
Բադալյանի վարույթում այժմ քննվում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգյանի, նրա անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Մհեր Սեդրակյանի և այլ նախկին պաշտոնյաների և ընտանիքների ենթադրյալ ապօրինի գույքի գործեր։
Աշխեն Ղարսլյանը 2014-ից աշխատել է Վճռաբեկ դատարանում: Մինչև դատավոր նշանակվելը եղել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նարինե Ավագյանը 2020-2022 թվականներին եղել է ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալը: Մինչ այդ աշխատել է արդարադատության նախարարությունում, Ազգային ժողովում, վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Լիլի Դրմեյանը Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Մամիկոն Դրմեյանի դուստրն է։ Դրմեյանի լիազորությունները դադարել են պաշտոնավարման ժամկետն ավարտվելու կապակցությամբ։ Լիլի Դրմեյանը 2018-ից մինչև 2022-ի նոյեմբեր, այսինքն՝ մինչև դատավոր նշանակվելը, աշխատել է նախ վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարաններում։

Ռուդոլֆ Ավագյանը 2023 թվականին է դատավոր դարձել։ Մինչ այդ՝ սկսած 2015 թվականից, տարբեր դատարաններում աշխատել է որպես դատավորի օգնական:

Այսինքն՝ այս կազմի դատավորներից միայն մեկն է ունեցել դատավորի 2 տարվա փորձառություն, մյուս բոլոր դատավորներն առաջին անգամ դատավոր են նշանակվել Հակակոռուպցիոն դատարանում։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան

2022 թվականին Հակակոռուպցիոն դատարանը ստեղծվեց 2 ատյանի կազմով՝ առաջին և վճռաբեկ, իսկ Վերաքննիչ դատարանում առանձնացվեցին դատավորներ, որոնք ստուգում էին առաջին ատյանի դատարանի գործերը։ 2023-ին, սակայն, Դատական օրենսգրում փոփոխություններ կատարվեցին և ստեղծվեց Վերաքննիչ հակակոռուցիոն դատարանը։

Քաղաքացիական գործերի քննության կազմ
Այս կազմում պաշտոնավարում են դատավորներ Գոռ Թորոսյանը, Դիանա Հովհաննիսյանը, Արմիդա Ոսկանյանը, Հովիկ Շահնազարյանը, Հայարփի Զարգարյանը, Գոռ Հարությունյանը։

Գոռ Թորոսյանը դատավոր է նշանակվել 2014-ին, մինչ այդ աշխատել է դատարանում, եղել փաստաբանական գրասենյակի տնօրեն։

Դիանա Հովհաննիսյանը 2018-ի օգոստոսի 10-ին է նշանակվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Մինչ այդ աշխատել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում տարբեր պաշտոններում, այդ թվում՝ որպես դատավորի օգնական:

Արմիդա Ոսկանյանը նույնպես 2018-ին է նշանակվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, երեք տարի անց դարձել է նույն դատարանի նախագահը:

Հովիկ Շահնազարյանը դատավոր է 2014 թվականից։ Հանդիսանում է նաև Դատավորների ընդանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ։

Հայարփի Զարգարյանը 2014 թվականից դատավոր է:

Գոռ Հարությունյանը 2019 թվականից դատավոր է, աշխատել է նախ՝ Շիրակի մարզում, ապա՝ տեղափոխվել վերաքննիչ ատյան։ Այժմ Հովհաննիսյանն է Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի նախագահը։
Այսինքն՝ այս կազմում ընտրված բոլոր դատավորները նախկինում ունեցել են դատավորի փորձառություն։

Քրեական գործերի քննության կազմ

Մեսրոպ Մակյանը 2022-ին է նշանակվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր: Նա ևս ԲԴԽ անդամ է եղել, երբ ընտրվել է, սակայն դատավոր է 2004 թվականից:

Կարեն Ամիրյանը մինչ դատավոր նշանակվելն աշխատել է գլխավոր դատախազությունում, եղել է ավագ դատախազ, վարչության պետի տեղակալ: Մինչ այդ աշխատել է նաև դատական դեպարտամենտում, Սահմանադրական դատարանում, առաջին ատյանի դատավորի օգնական։

Արմեն Հովհաննիսյանը, մինչև վերաքննիչ քրեական դատարանի դատավոր դառնալը, աշխատել է Արմավիրի մարզի դատարանում՝ որպես դատավորի օգնական: Աշխատել է նաև Վճռաբեկ դատարանում, Կառավարությունում:

Արթուր Նահապետյանը ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի տեղակալն է եղել, դատավոր է նշանակվել 2023 թվականին։

Անի Մարտիրոսյանը 2023-ի հունվարին նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ապա երկու ամիս անց տեղափոխվել Երևանի դատարան, իսկ 1 տարի անց՝ այս տարվա ապրիլի 8-ին, դարձել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

Ժենյա Մելիքսեթյանը 2023 թվականի հոկտեմբերին է նշանակվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և մեկ տարի անց դարձել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավոր:
Այսինքն՝ այս կազմում նշանակված միայն 1 դատավոր՝ Մեսրոպ Մակյանն է, որ ունի դատավորի երկարամյա փորձառություն, ևս երկու դատավոր 2023-ին է առաջին անգամ դատավոր նշանակվել և կարճ ժամանակ անց տեղափոխվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։

Այսպիսով՝ ստացվում է, որ ի սկզբանե նպատակ էր դրվել Հակակոռուպցիոն դատարանը համալրել փորձառու դատավորներով ու փաստաբաններով, սակայն առավելապես նշանակվել են նախկինում դատավորի փորձ չունեցող անձինք, քննիչներ ու դատախազներ։ Ինչ վերաբերում է այս մասնագիտացված դատարանը փաստաբաններով համալրելուն, ապա ընդհանուր առմամբ երեք փաստաբան է նշանակվել դատավոր, որոնցից երկուսը եղել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի փաստաբանները։

Դատարանի գործելուց 1 տարի, 9 ամիս անց

Հակակոռուպցիոն դատարանը սկսել է գործել 2022 թվականի օգոստոսից: Ըստ 2019-2022 թվականների ռազմավարության և դատարանը ստեղծելու նախագծի հիմնավորումների, Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու նպատակներից մեկը, , գործերի քննության այդյունավետությունը բարձրացնելն ու գործերի ավելի արագ քննությունն է եղել:

«Զարգացող կամ անցումային փուլերում գտնվող պետությունների արդարադատության համակարգերում շատ հաճախ գործերի քննությունը ձգձգվում է տարբեր պատճառներով։ Ընդ որում, նման իրավիճակը, նվազեցնելով հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ, առավել անցանկալի իրավիճակ կարող է ստեղծել հատկապես կոռուպցիոն գործերով։ Մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարում պետության իրավապահ համակարգի հետևողականությունը նշանակում է, որ արդարադատության իրականացման գործընթացում անընդհատ ձգձգումները կարող են կասկածի տակ դնել կոռուպցիայի դեմ պայքարում պետության կարողություններն ու հանձնառությունները։

Բացի այդ, կոռուպցիոն բնույթի գործերի դատական քննության էական ձգձգումները կարող են հանգեցնել մեղադրյալների կամ նրանց օժանդակող անձանց կողմից վկաների նկատմամբ անիրավաչափ ազդեցություն գործելու, ապացույցները թաքցնելու, ինչպես նաև արդարադատության իրականացմանը այլ կերպ խոչընդոտելու վտանգի։

Հետևաբար, մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը հնարավորություն կտա կենտրոնանալ միայն կոռուպցիոն բնույթ ունեցող հանցագործությունների վրա, կբարելավվի դատավոր-գործ հարաբերակցությունը, կնպաստի արդարադատության արդյունավետության բարձրացմանը»,- գրված է հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, որտեղ նշվում է նաև, որ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ ունեցող մի շարք պետություններում սահմանված են կոռուպցիոն բնույթի գործերի դատական քննության ժամանակային սահմանափակումներ։ Օրինակ՝ Մալայզիայում նախատեսված է գործերի դատական քննության մեկամյա, Ֆիլիպիններում՝ եռամսյա, Նեպալում՝ վեցամսյա, Պակիստանում՝ մեկամսյա ժամկետ։ Այս ժամկետներից մեկ տարին ռազմավարության մեջ ողջամիտ և իրատեսական ժամկետ է համարվում:

Նկատենք, որ 2022 թվականի օգոստոսից գործող Հակակոռուպցիոն դատարանում առնվազն հայտնի, հնչեղ քրեական գործերն, ինչպիսիք են, օրինակ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը , ինչպիսիք են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, նրա եղբայր Լյովա Սարգսյանի, գործարար Սամվել Մայրապետյանի, Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և այլ պաշտոնյաների գործերը դեռևս չեն ավարտվել՝ թեև արդեն մեկուկես տարի է՝ դատարանում են:

Թե 2022 թվականի օգոստոսից մինչև տարեվերջ որքան գործ են ստացել և ավարտել այս դատարանի դատավորները, Դատական իշխանության կայքից հնարավոր չէ պարզել, քանի որ վիճակագրություն առկա չէ այս մասին, բայց ուսումնասիրել ենք 2023-ին Հակակոռուպցիոն դատարան ստացված և մինչև տարեվերջ ավարտված գործերը:

Ըստ այդմ՝ առաջին ատյանի դատարանը 2022 թվականից 38 քրեական գործ փոխանցել է 2023 թվական: 2023 թվականի ընթացքում այս դատարանը ստացել է ևս 300 գործ: Մինչև 2023-ի տարեվերջ դեռևս 252 քրեական գործ անավարտ է եղել։

Ինչ վերաբերում է քաղաքացիական գործերին, 2022-ից 71 գործ փոխանցվել է 2023 թվական, 2023-ին ստացվել է ևս 352 գործ, և 2023-ի տարեվերջին դատարանում առկա է եղել 192 անավարտ գործ: Այսինքն՝ 2023-ին ստացված քրեական գործերի մեծամասնությունը և քաղաքացիական գործերի կեսն ավարտված չեն եղել, ինչից կարելի է եզրակացնել, որ այս գործերի քննության տեմպերը էականորեն չեն տարբերվում մյուս դատարաններում գործերի քննության տեմպերից:

Այսպիսով՝ թեև Հակակոռուպցիոն դատարան ստեղծելիս նպատակ է դրվել այն համալրել չեզոք, քաղաքական գործիչների ազդեցություններից զերծ, փորձառու անձանցով՝ դատարանը մեծամասամբ համալրվել է իշխող քաղաքական ուժի նախկին ներկայացուցիչներով ու մտերիմներով, դատավորի փորձ չունեցող անձանցով, քննիչներով ու դատախազներով: Բացի այդ՝ թեև դատարանը ստեղծելիս նպատակ է դրվել առավել արագ քննել կոռուպցիոն բնույթ ունեցող գործերը, և քննության համար մեկ տարի ժամկետը իրատեսական է համարվել՝ դրանք ամենևին էլ արագ չեն քննվում, աղմկահարույց քաղաքական գործերով չկան դատավճիռներ:

Արաքս Մամուլյան