Ադրբեջանը Թուրքիայում SOCAR-ի գրասենյակի դեմ հարձակումն Իրանի և Ֆրանսիայի կազմակերպած սադրանք է որակել

Լուրեր

11.12.2024 | 16:24
Կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
11.12.2024 | 16:12
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ
11.12.2024 | 16:03
Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
11.12.2024 | 15:55
Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արեգ Գևորգյանին կփոխարինի Աշոտ Սարգսյանը․ ԿԸՀ
11.12.2024 | 15:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է այցելել Թուրքիա՝ Սիրիայի հարցով Էրդողանի հետ քննարկումների
11.12.2024 | 15:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
Բոլորը

Ադրբեջանն արձագանքել է «Հազար երիտասարդներ Պաղեստինի համար» խմբի կողմից Ստամբուլում ադրբեջանական նավթագազային SOCAR ընկերության գրասենյակի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային, որի ժամանակ ցուցարները կարմիր ներկ էին լցրել շենքի մուտքի մոտ՝ պահանջելով դադարեցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով նավթային մատակարարումները Իսրայել: Ցուցարարները նաև փորձել էին ներխուժել գրասենյակ։

Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները հրապարակումներում «որոշ ուժերի» մեղադրել են «թուրք-ադրբեջանական հարաբերությունների և եղբայրության վրա ստվեր գցելու ցանկության մեջ»։

Մասնավորապես, APA գործակալությունը գրում է, թե վերջին ամիսներին Թուրքիայում «որոշակի խմբերի կողմից Ադրբեջանի և SOCAR-ի դեմ իրականացված արշավը հանգեցրել է Ստամբուլում ընկերության գրասենյակի վրա հարձակման»։

«Ապացուցված է, որ հարձակումը կազմակերպվել է Թուրքիայում տեղակայված խմբավորումների կողմից, որոնց աջակցում է Իրանը։ Այս խմբավորումները սոցցանցերի թուրքական հատվածում մի քանի ամիս շարունակ արշավ էին իրականացնում Ադրբեջանի դեմ՝ «SOCAR-ը նավթ է վաճառում Իսրայելին» կարգախոսով։ Ճշտված տեղեկատվությամբ՝ SOCAR-ը նավթ չի վաճառում Իսրայելին։ Նավթի համաշխարհային շուկայի բոլոր ընկերությունները վաճառում են իրենց արտադրանքը թրեյդերներին: Ընկերությունները չեն կարող վերահսկել, թե ում են վաճառում նավթը»,- գրում է լրատվամիջոցը։

Report գործակալությունն էլ գրում է, որ «հարձակումը ծրագրվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները փչացնել ձգտող ուժերի կողմից»։

«Սադրանքը գլխավորում էին խմբավորումները, որոնք գտնվում էին անմիջապես Թուրքիայում և վերահսկվում էին Իրանի որոշ ուժերի կողմից»,- ասվում է նույնանման հրապարակման մեջ։

Trend-ն իր հերթին փորձել է ցույցը կապել ոչ միայն Իրանի, այլև Ֆրանսիայի հետ։

«Ստամբուլում SOCAR-ի գրասենյակի դիմաց ակցիա անցկացնելու համար հավաքվածների թվում էր ֆրանսիացի լրագրող։ Ֆրանսիական լրատվամիջոցի ներկայացուցիչը գնացել է ոչ թե «Հազար երիտասարդներ հանուն Պաղեստինի» իրանամետ խմբավորման ցույցի մեկնարկից հետո, այլ ավելի վաղ։ Նա նախապես գիտեր, թե ինչ է լինելու SOCAR-ի շենքի դիմաց։ Սակայն փաստն այն է, որ ակցիան սկսվել է ավելի վաղ, քան հայտարարվել էր, ֆրանսիացի լրագրողը դեպքի վայր է մեկնել խմբի ղեկավարների հետ միասին, ավելի ուշ ուղիղ եթեր է հեռարձակվել դեպքի վայրից։ Թուրքիայի իրանամետ խմբավորման այս գործողության իրականացումն Ադրբեջանի դեմ Ֆրանսիայի հիբրիդային պատերազմի շրջանակում ցույց է տալիս, որ կրոնական և էթնիկական հողի վրա արմատականություն, անհանդուրժողականություն և ատելություն քարոզող ուժերը Փարիզի կողմից օգտագործվող աշխարհաքաղաքական գործիքներից են»,- ասվում է հրապարակման մեջ։

Հայտարարություն է տարածել նաև SOCAR Turkiye-ն (ադրբեջանական ընկերության Թուրքիայի գրասենյակը)՝  մեղադրանքներն անվանելով անհիմն։ Ընկերությունը հերքում է Իսրայելին նավթի մատակարարումները։

«Մեր ամբողջ գործունեությունն իրականացնում ենք միջազգային բիզնես համաձայնագրերի շրջանակում։ Այս համատեքստում պնդումները, թե SOCAR-ը ներկայում հում նավթ է վաճառում Իսրայելին, անհիմն են և միտումնավոր մոլորեցնում են հանրությանը: Նավթի համաշխարհային շուկան ունի իր առանձնահատկությունները, և արդյունահանվող հում նավթը վաճառվում է առևտրային ընկերությունների կողմից կամ նրանց միջոցով: Մատակարար ընկերությունները հնարավորություն չունեն վերահսկելու կամ միջամտելու, թե որ երկրներ են առաքում հում նավթը կամ ինչ նպատակներով են այն օգտագործում»,- ասվում է հայտարարության մեջ։

Իրականում, սակայն, Ադրբեջանն Իսրայել նավթի հիմնական մատակարարն է։ Կասպից ծովի պաշարներից նավթը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով հասնում է Ջեյհան նավահանգիստ, որտեղից լցանավերն այն տեղափոխում են Հայֆա: Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն ապահովում է Իսրայելի տարեկան հում նավթի սպառման շուրջ 40 տոկոսը։

Հունվարին Իսրայելն ադրբեջանական նավթի գլխավոր գնորդն էր․ այն ներմուծել է  523,500 տոննա վառելիք՝ 297 մլն դոլար ընդհանուր արժեքով: Իսրայելին նավթի մյուս նշանակալի մատակարարներն են Ղազախստանը և Նիգերիան:

Նախորդ տարի մայիսն էլ, Բաքվում ընդունելով Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկիրը Թել Ավիվի համար հում նավթի հուսալի մատակարար է։

«Ադրբեջանը երկար տարիներ շարունակում է համարվել Իսրայել հում նավթի հուսալի մատակարար։ Դա նաև հանդիսանում է էներգետիկ ոլորտում սերտ համագործակցության ցուցանիշ»,- ասել էր Ալիևը։

Էմմա Չոբանյան