Երևան-Արմավիր տրանսպորտը 1 տարի է չի գործում. ինչ կապ ունի Նորագյուղցի Բոգոյի ընկերությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
30.04.2024 | 19:30Արդեն շուրջ 1 տարի է՝ Երևանից Արմավիր և հակառակ ուղղությամբ կանոնավոր գործող տրանսպորտ չկա։ Երևանից ընդամենը 45 կմ հեռավորության վրա գտնվող Արմավիր քաղաք հասնելու համար կամ պետք է մեքենա ունենաս, կամ տաքսի նստես։ Արմավիրի բնակիչները վերջերս նոր խնդրի առաջ էին կանգնել․ տաքսու վարորդները, որոնք ամեն օր Կիլիկիա ավտոկայանում հավաքվող քաղաքացիներին հասցնում էին Արմավիր քաղաք, հրաժարվում էին երթևեկել։
«Երևան-Արմավիր գազել ընդհանրապես չկա քաղաքային, մեքենաները տաքսիի նման մեզ բոլորիս տանում, բերում էին, 7 տեղանոց, ճանապարհին բռնել են պարեկները և տուգանել, տարել են բաժին մարդկանց»,-նշեց քաղաքացիներից մեկը։
Սրանից շուրջ մեկ շաբաթ անց ևս Factor TV-ն այցելեց ավտոկայան՝ պարզելու՝ արդյո՞ք խնդիրը լուծված է, թե ոչ։ Ֆիքսեցինք, որ 7 տեղանոց մարդատարներով ուղևորներ տեղափոխողներ կան։ Թե ո՞ր ընկերությունն է կատարում ուղևորափոխադրումը, արդյո՞ք ունի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու թույլտվություն, թե ոչ, ու ինչու էին հրաժարվում օրեր առաջ քաղաքացիներին տեղափոխել, պարզ չէ։ Ավելին՝ մեզ թույլ չտվեցին տեղում նկարահանում իրականացնել ու զրուցել քաղաքացիների հետ՝ պատճառաբանելով, թե դա մասնավոր տարածք է։
Ի՞նչու Երևան-Արմավիր-Երևան երթուղին չի գործում, փոխարենն արդյո՞ք իրավունք ունեն ուղևորափոխադրում իրականացնելու 7 տեղանոց մեքենաներով, ովքե՞ր են ավտոկայանի տարածքում նկարահանումն արգելողները․ պարզվում է՝ մեր նկարահանումը խոչընդոտած անձը Դավիթ Սարգսյանն է՝ «Ընկերներ ՍՊԸ»-ի տնօրենը։ Այս ընկերությունը 2021 թվականի նոյեմբերին դիմել է մասնակցելու Երևան-Արմավիր-Երևան երթուղին սպասարկելու հայտարարված մրցույթին, սակայն հաղթող չի ճանաչվել։ Այնուամենայնիվ, ընկերությունը 7 տեղանոց մեքենաներով կատարում է ուղևորափոխադրում, ու քանի որ երթուղին սպասարկող այլ ընկերություն չկա, քաղաքացիները ստիպված են օգտվել այս մեքենաներից։
Երևան-Արմավիր-Երևան երթուղին շուրջ 15 տարի սպասարկել է Շուշանիկ Խաչատրյանին պատկանող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը։ 2021 թվականին կրկին մրցույթ է հայտարարվել երթուղու իրականացման համար։ Կրկին դիմել է «Գալակտիկա Տրանս սերվիս» ընկերությունը և «Ընկերներ» ՍՊԸ-ն։ Նախարարությունը 2 ընկերությունների դեպքում էլ խախտումներ է գտել, ու մրցույթում հաղթող չի եղել։ «Գալակտիկա Տրանս սերվիսի» տնօրենն այս պատմության մեջ դիտավորություն է տեսնում․ նշում է․ որևէ խախտում իրենք թույլ չեն տվել ու նախարարությունը նպատակաուղղված հաղթող չի ճանաչել իր ընկերությանը։
«Բացել են, նայել են, ստուգել են, ոչինչ չեն ասել, ոչինչ չեն արձանագրել, ամեն ինչ նորմալ ա եղել, 1,5 տոկոսը վճարված ա եղել, դաժե հանձնաժողովի նախագահը գնաց, ստուգեց՝ արդյո՞ք ճիշտ է վճարված գումարը, հետո ստուգեցին, տեսան, որ նորմալ է, մի քիչ էլ ավել է վճարված»,- պատմում է Շուշանիկը։
Խաչատրյանի խոսքով՝ դիմումի փաթեթը ներկայացնելիս որևէ խնդիր չի հայտնաբերվել, հետո իմացել է, որ հայտը մերժել են։
«Պատասխանն իմացանք, որ չեն տրամադրել, որովհետև վճարումը սխալ է արված։ Ոչ թե արված է ընկերությանանունից, այլ հիմնադրի անունից»։
Ընկերության տնօրենը փորձել է իր իրավունքները վերականգնել դատարանի միջոցով։ Առաջին ատյանի դատարանը բավարարել է նրա բողոքը, սակայն նախարարությունը դիմել է վերաքննիչ դատարան ու հաղթել։
«Վճարման ժամանակ նպատակ դաշտը նշված է, որ Գալակտիկա տրանս սերվիսի համար է վճարումն արված։ Դա ուղղակի կարամ ասեմ՝ անիմաստ մերժում էր իրենց կողմից, նույնիսկ կարծում եմ, որ մտածված կառչել են էդ մտքից իրենք»։
Շուշանիկ Խաչատրյանը դիմել է վճռաբեկ դատարան, վստահ է, որ իր դիմումի մեջ սխալմունք չի եղել։
«Եթե սխալ էր, դուք փաթեթը բացում եք, սխալմունք կար, 2 օր ժամկետ կար, ասեիք՝ ուղղեք, նոր փակենք։ Իրենք էդ ժամանակ ոչինչ չասացին ինձ։ Որովհետև դա ընդամենը կես ժամվա հարց է․ էդ հաշվից հանում ես, Գալակտիկայով ուղարկում ես»։
Բացի սրանից Խաչատրյանը մրցույթի հայտարարման ընթացքում խնդիրներ է նկատել․ օրինակ՝ մրցույթի հայտարարումից հետո պահանջներում փոփոխություններ են եղել։
Տարածքային Կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հակադարձում են․ բոլոր ընկերությունների նկատմամբ հավասար մոտեցում է ցուցաբերվել․
«Կարգի պահանջի խախտում է տեղի ունեցել, վճարումը չի կատարվել կազմակերպության հաշվեհամարից, որի վերաբերյալ տեղյակ են եղել կազմակերպության ներկայացուցիչները»,- նշում է ՏԿԵՆ ներկայացուցիչ Ռուզաննա Այվազյանը։
Իսկ արդյո՞ք հնարավոր չէր կազմակերպությանը տեղեկացնել, որ սխալմունք է եղել ու անհրաժեշտություն կա գումարը փոխանցելու ընկերության հաշվեհամարից։ Արդյո՞ք ընկերությանը տեղեկացվել է դրա մասին, նախարարությունից դժվարանում են պատասխանել․
«Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես հանձնաժողովում ներգրավված չեմ»,- նշում է նախարարության ներկայացուցիչը։
Ի՞նչ է առաջարկում նախարարությունը Երևանից Արմավիր ու հակառակ ուղղությամբ երթևեկող քաղաքացիներին։ Նախարարության ներկայացուցչի խոսքով, եթե մրցույթում հաղթող ընկերություն չի լինում, նոր մրցույթ պետք է հայտարարվի, որն այս դեպքում չի կարող լինել, քանի որ դատական պրոցես է ընթանում։ Իսկ մինչև այդ երթուղին պետք է սպասարկի այն ընկերությունը, որը մինչ այդ սպասարկում է իրականացրել․ այսինքն՝ Գալակտիկա Տրանս Սերվիսը․ սակայն այստեղ ևս խնդիր կա․ Տրանսպորտային միջոցների ժամկետները չի երկարացվում, քանի որ չեն անցել տեխնիկական զննություն։
Ընկերության տնօրենը հակադարձում է․ մեքենաների տեխզննության համար չի վճարելու, մինչև վստահ չլինի, որ թույլտվությունը ստանալու է։
«Այո, չեմ անելու, մինչև տեղեկանք չունենամ, որովհետև ԱՊՊԱ ունեի արած, ժամկետը լրացավ, գումարը ծախսեցի, վատնեցի, արել եմ, 3 ամիս չաշխատեցի, կորավ, տեխասմոտրը անեմ, ես հույս չունեմ, որ նախարարությունը այդ ամենը անելուց հետո կտրամադրի տեղեկանքը, դրա համար չեմ անում, համարում եմ դա գումարի ավելորդ վատնում»։
Իսկ մինչ ստեղծված թնջուկի լուծումը ի՞նչ է առաջարկում նախարարությունը քաղաքացիներին՝ ինչպես երթևեկեն Երևան-Արմավիր-Երևան։ Նախարարությունն այստեղ ասելիք չունի։
Իսկ ինչպես է ստացվում, որ նույն ընկերության մրցակից ընկերությունը մարդատար 7 տեղանոց մեքենաներով առանց դեղին համարանիշների ու թույլտվության կատարում է ուղևորափոխադրումներ ավտոբուսի գներով․ նախարարությունն այստեղ ևս ասելիք չունի։ Նշում են՝ իրենք վերահսկողություն չեն իրականացնում, դա Ոստիկանության և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տիրույթում է։
Նշենք, որ «Ընկերներ տրանս» ընկերությունը, որն այս պահին փաստացի տեղափոխում է քաղաքացիներին այս ուղղությամբ առանց մրցույթում հաղթելու, հիմնադրվել է 2021 թվականի հունիսի 8-ին ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու՝ Քաջիկ Գևորգյանի և ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի 84% բաժնետեր Էդգար Անտոնյանի կողմից։ Էդգար Անտոնյանը և Քաջիկ Գևորգյանն «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ում ունեցել են հավասարաչափ՝ 50% բաժնեմաս։ 2021-ի հուլիսի 28-ին Նահապետ Գևորգյանի որդին դուրս է եկել ընկերությունից, նրան փոխարինել է Կենտրոնական ավտոկայանի հարակից տարածքում բազմաթիվ ենթադրյալ ապօրինի շինություններ կառուցած Հովհաննես Սիմոնյանը։ Սիմոնյանը քրեական գործերով անցնող Ռուբեն Կոստանյանի (հայտնի է Նորագյուղցի Բոգո անվամբ) մտերիմն է, իսկ Կոստանյանը Սամվել Ալեքսանյանի մտերիմն է։
Նշենք նաև, որ շուրջ 1 տարի առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Արմավիր քաղաքից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների գործունեությանը չխոչընդոտելու դիմաց ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ դասակի առաջին ջոկի հրամանատար Ա. Ս.-ն կարգավարի գործունեություն իրականացնող անձանցից պահանջել և ստացել է կաշառք: Ոստիկանության պաշտոնյան, քաջատեղյակ լինելով Արմավիրի մարզի մի շարք վարորդների կողմից յուրաքանչյուր օր Արմավիրի ավտոկայանի հարակից տարածքից դեպի Երևանի կենտրոնական ավտոկայան և հակառակ ուղղությամբ առանց համապատասխան լիցենզիայի առկայության ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին, կաշառք ստանալու դիմաց չի արձանագրել վարչական իրավախախտումները: