Երիտասարդների 50%-ից ավելին չի աշխատում․ ինչ գործոններ են ազդում մտահոգիչ վիճակագրության վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
Բոլորը

2022 թ.-ին 15-29 տարեկան իգական սեռի երիտասարդների գրեթե 37%-ը և արական սեռի երիտասարդների 16%-ը չեն սովորել և չեն աշխատել: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից։ 

Գրաֆիկում արտացոլված է չսովորող և չաշխատող երիտասարդների համապատասխան տարիքային խմբի և սեռի բնակչության տոկոսը, որոնք հետազոտությանը նախորդող չորս շաբաթվա ընթացքում ո՛չ զբաղված են եղել որևէ եկամտաբեր տնտեսական գործունեությամբ, ո՛չ էլ ներառված են եղել ֆորմալ կրթության մեջ:

Այսպիսով, եթե գումարենք չսովորող և չաշխատող կանանց և տղամարդկանց ցուցանիշները, ստացվում է, որ Հայաստանում երիտասարդների 53 %-ը չի աշխատում։

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ մի քանի գործոն կան, որոնք ազդում են երիտասարդության շրջանում աշխատանքով զբաղվելու վրա․

«Երիտասարդները ձանձրացած են, հետաքրքրություններ չունեն արդյունաբերության հանդեպ, իրենք կեղտոտ, աղմկոտ, ծանր միջավայներում չեն սիրում աշխատել, դրա պատճառով նաև շինարարություններում քիչ են։ Օրինակ՝ օդափոխության համակարգեր, այլ տիպի ծառայություններ, ազդանշանային համակարգերի տեղադրում, շատ լավ երիտասարդ ինժեներներ կան, դրանք գրասենյակային աշխատանքներ են, և նաև գալիս են որոշակի տեխնիկական աշխատանքներ կատարելու, բայց զուտ շինարարություն, որ բետոնի մեջ աշխատի, ամրակներ կապի, այլ ծանր բաներ անի, խուսափում են։ Մի մասը նաև ունի առողջական խնդիր։ Դա էլ է կարևոր․ կախված սննդից, կախված՝ ինչպես են մեծացել, ինչ պայմաններում, ինչ տան մեջ՝ խոնավություն է եղել, թե չի եղել, մի մասն ունի ողնաշարի խնդիր, մյուս մասն ունի այլ դժվարություններ: Այսօր երիտասարդները շատ առողջ չեն, ցավոք սրտի, ու դա պետք է մտահոգի մեր պետությանը։ Նաև շատ երիտասարդներ բանակում են խնդիրներ ձեռք բերում, որը էլի կարևոր է, որ պետք է ընդգծենք։ Ու ստացվում է, որ երիտասարդները ստիպված սկսում են խուսափել շատ տարբեր տեղեր աշխատելուց։ Իրենք սիրում են էսպես թեթև, հանգիստ, զվարճանք։ Երբ իրենք գնում են պրակտիկայի կամ աշխատանքի, որոշ տեղերում իրենց ռիթմը նման է բուհում սովորելու ռիթմին։ Այս հոգեբանությունը պետք է փոխվի»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց Մակարյանը։

Նրա խոսքով՝ այստեղ կրթական համակարգը լուրջ դերակատարում ունի, աշխատաշուկայի մասին պետք է տրամադրել ինֆորմացիա, որպեսզի երիտասարդները կարողանան ինտեգրվել։

«Պետք է գործատուների մոտ պրակտիկաների որակը լավացվի, աշխատանքի վրա հիմնված ուսուցումը պետք է խթանվի։ Այլ երկրներում նույնպես այդ խնդիրը կա, բայց, օրինակ, Գերմանիայում, Ճապոնիայում, Ֆրանսիայում ունեն հետաքրքիր մոտեցումներ․ իրենք մոտիվացման գործիքներ են ստեղծում։ Հայաստանում ես քոլեջներ գիտեմ՝ տարիներ շարունակ եռակցողի մասնագիտացման խումբ չի ձևավորում, ոչ ոք չի ցանկանում եռակցող դառնալ, այդ մասնագիտությունն արդեն քանի տարի է՝ չի դասավանդվում, վերացել է։ Այսինքն՝ մեզ մոտ առաջացել է մի իրավիճակ, որ բոլոր այդ տեխնիկական մասնագիտությունները սկսում են հետ նահանջել ու գնում ենք հումանիտարի կողմը՝ ավելի շատ գեղարվեստ, հաշվետար, հաշվապահություն, իրավագիտություն, մարկետինգ, լրագրություն, հոգեբանություն, մանկավարժություն, բայց փոքր շուկայում այդքան հումանիտար մասնագետներին աշխատանքի տեղավորել հնարավոր չէ։ Փրկություններից մեկը տուրիզմն է, բայց ինչքան էլ տուրիզմը զարգանա, ուզենան վերցնել ծառայությունների ոլորտում, տարբեր մասնագիտության մարդիկ են անհրաժեշտ։ Արդեն մի քանի տարի է՝ մոտ 20 մասնագիտությունների դեֆիցիտ ունենք աշխատաշուկայում՝ եռակցող, մետաղամշակող, խառատ, ֆրեզերային հաստոցներ, տեխնոլոգիական հոսքագծերի սպասարկման օպերատորներ, էլեկտրոնիկայի կարգավորողներ, էլեկտրիկներ, շինարարներ, տեխնոլոգներ ու քանի գնում՝ դեֆիցիտը մեծանում է։ Նաև աշխատողների տարիքային ցենզը բարձրանում է»,- նշում է Մակարյանը։

Նա Կառավարության կողմից գործուն քայլեր չի տեսնում խնդիրների լուծման ուղղությամբ․

«Հիմա Կառավարությունը բյուջեի նախագծում գրել է, որ 5 տարվա ընթացքում պետք է արտադրողականությունը բարձրացնի 100 %-ով։ Դա կնշանակի 2 բան․ առաջինը՝ աշխատուժը պետք է մոդեռնիզացվի, հմտությոuնները լավանան, երիտասարդները նոր գործիքներով, նոր տրամաբանությամբ աշխատեն, և արտադրողական լինեն, երկրորդը՝ կարևոր է արդյունաբերական սարքավորումների, տեխնոլոգիաների մոդեռնիզացիան։ Պետությունը ուրեմն պիտի ինչ-որ գործիքներով 2 ուղղությամբ էլ օգնի։ Հիմա կրթական համակարգը դեռ հույսեր չի ներշնչում այդ առոմով, արդյունաբերականն էլ լավագույն դեպքում 1970-80 թվականների սարքավորումներ են մեծ մասում ու դրանց մոդեռնիզացիան բավականին ռեսուրսներ է պահանջում՝ էժան վարկեր, լիզինգային նոր սխեմաներ, ներդրումային ծրագրեր, ներդրումների խթանում։ Այսինքն՝ այդտեղ շատ անելիքներ կան։ Ես չգիտեմ՝ 5 տարում ինչպես է հաջողվելու այդ 100 %-ը ստեղծել, բայց դրանք բավականին խնդրահարույց հարցեր են»,- նշում է Մակարյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում ներկայացրեց Կառավարության աշխատանքը՝ ուղղված այս խնդիրների լուծմանը։

«Մենք դեկտեմբերի 1-ից ունենք նոր կարգավորում, որը հնարավորություն է տալիս ուսանողներին կամ նորավարտներին գործատուների մոտ որպես փորձնակ լինել, ինչը հնարավորություն կտա մինչև 2 ամիս ժամանակահատվածով փորձառություն ձեռք բերել և հետագայում առավել հեշտ գտնել աշխատանք։ Երկրորդը՝ վերջերս կատարված մի փոփոխությունն է՝ Կամավոր աշխատանքի մասին օրենքն է, իսկ մենք գիտենք, որ երիտասարդությունն է հիմնական շահառուն կամավորությամբ զբաղվելու, և դա ևս շատ մեծ հնարավորություններ է ընձեռում, որ հետագայում կարողանան հեշտ աշխատանք գտնել։ Օրենսդրության տեսանկյունից 2 մեծ փոփոխություններ են կատարվել ընդամենը մի քանի ամսում,  որը հնարավորություն է տալու երիտասարդներին ավելի արագ մտնեն աշխատաշուկա։ Երիտասարդների չզբաղված լինելու խնդիրը փորձի բացակայույթունն է, որովհետև գործատուները սովորաբար ցանկանում են արդեն փորձով աշխատանք։ Երրորդ քայլը, որն իրականացրել ենք, պետական աջակցությունն է, որպեսզի երիտասարդներն անցնեն ուսուցում, պրակտիկա, և հետագայում հեշտ ինտեգրվեն աշխատաշուկայում»,- նշեց Սարգսյանը։

Խնդրին վերջերս անդրադարձավ նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ ՀՀ անապահովության համակարգում 40 հազարից ավելի աշխատունակ տարիքի մարդ կա․

«Պետք է մարդկանց աշխարհայացքի վրա աշխատենք և փորձենք մարդուն դուրս հանել նպաստների «քարանձավից» և ասել, որ աշխատանքով է հնարավոր փոխել կարգավիճակը։ Մենք նաև օրենքում ենք փոփոխություն նախատեսում, որպեսզի մարդը խրախուսվի աշխատանքի համար։ Սահմանափակումները հնարավորինս թուլացնելու ենք աշխատանքը խրախուսելու համար»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է երիտասարդների չաշխատելուն, նրա խոսքով՝ մեր երկրում ունենք 19-30 տարեկան չաշխատող և չսովորող շուրջ 150 հազար քաղաքացի։

«Մի կողմից շուկայի պահանջարկը, մյուս կողմից՝ առկա հմտությունները, մասնագիտությունները հաճախ չեն համընկնում։ Մենք այս ուղղությամբ ռազմավարություն ենք մշակում, որպեսզի կարողնանանք այս կառուցվածքային խնդիրը լուծել։  Սա բավականին մեծ թիվ է  և ռազմավարությունից բխող միջոցառումներով փորձելու ենք խնդիրը լուծել և այդ խնդիրը միայն աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարության խնդիրը չի, դա ԿԳՄՍ նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, ՏԿԵ նախարարության  միջգերատեսչական մոտեցմամբ է հնարավոր այս խնդիրը լուծել»:

Նշենք, որ սրան զուգահեռ միայն 2022 թվականին Հայաստանում աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության իրավունք է ստացել 7 758 օտարերկրացի։ Նրանց մեծ մասը՝ 5 770-ը, ՌԴ քաղաքացիներ են, 343-ը՝ Հնդկաստանի և 521-ը՝ Իրանի քաղաքացիներ։

3 279 օտարերկրացի էլ Հայաստանում ստացել է մշտական բնակության իրավունք։ Նրանցից 693-ը՝ ձեռնարկատիրական գործունեություն վարելու հիմքով։

Անժելա Պողոսյան