Ուր էր տեղափոխվելու Իրանից ուղարկված  350 կգ հերոինը, և  ինչ կապ ունեն հայկական ընկերությունները դրա հետ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

2 տարի առաջ Իրանից Հայաստան տեղափոխված 350 կգ  «հերոին» տեսակի թմրամիջոցի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ է կայացրել և ամբաստանյալ Ալի Շաշանիին դատապարտել 9 տարի ազատազրկման։

Մեղավոր ճանաչված 56-ամյա Ալի Բայազիդի Շաշանին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, հաշվառված է ԻՀՀ-ում, ունի վեցամյա կրթություն, ամուսնացած է, նախկինում դատապարտված չի եղել։

Վերջինս, ըստ մեղադրանքի,  նախնական համաձայնության գալով ԻԻՀ-ում բնակվող Մոհսեն Աբդոլրահման Ղադերի Մոկրիի հետ, օժանդակել է Իրանից մաքսանենգ ճանապարհով  Հայաստան տեղափոխված առանձնապես խոշոր չափերի՝ 351.060 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոցը ՀՀ-ից Նիդերլանդների Թագավորություն ապօրինի տեղափոխելու գործընթացում:

Այսպես՝ Մոհսեն Աբդոլրահման Ղադերի Մոկրին գործով չպարզված հանգամանքներում ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ 351.060 գրամ թմրամիջոցը և ՀՀ տարածքով Նիդերլանդների Թագավորություն մաքսանենգությամբ ապօրինի տեղափոխելու նպատակով կազմակերպել դրա փաթեթավորումը խմորիչ արտադրող իրանական մի քանի ընկերությունների ապրանքանիշի փաթեթներով 33 արկղի մեջ և իբրև չոր խմորիչ, նույնատիպ փաթեթավորմամբ չոր խմորիչի 1715 արկղերի հետ միասին բարձել իրանական «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան, առաքել ՀՀ՝ այդ կերպ թաքցնելով թմրամիջոցը:

Ընդհանուր 17.480 կգ չոր խմորիչով և թմրամիջոցով բարձված ավտոմեքենան 2021 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 15:41-ին, ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցման կետով ժամանել է ՀՀ:

Ալի Շաշանին թմրամիջոցը ՀՀ տարածքով Նիդերլանդների Թագավորություն մաքսանենգությամբ ապօրինի տեղափոխելու Մոհսեն Ղադերի Մոկրիի հանցավոր մտադրությանն օժանդակելու նպատակով անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, բեռի ու դրանում առկա թաքցված թմրամիջոցի գտնվելու վայրի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու, անհրաժեշտության դեպքում խոչընդոտները վերացնելու, վերահսկելու, արտահանման գործընթացը կազմակերպելու նպատակով միջոցներ տրամադրելու համար, նախապես խոստացված պարտակման շրջանակներում ուղեկցելով բեռը՝ այն Մեղրիի  մաքսակետը հատելուց և ՀՀ տարածքում գտնվելուց  ժամեր անց՝ 2021 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 23:07-ին, ժամանել է ՀՀ։

Ավտոմեքենան հայկական «Մեթ» ընկերության անվամբ ձևակերպված ընդհանուր 17.480 կգ չոր խմորիչով և թմրամիջոցով բարձված,  արտահանման գործընթացն ապահովելու նպատակով, «Մեղրի» մաքսակետից տեղափոխել է բեռի նշանակման վայր՝ Երևանում գործող «Մետեքսիմ Տերմինալ» ՍՊ ընկերության մաքսային պահեստ:

Մոհսեն Ղադերի Մոկրիի հանձնարարությամբ Ալի Շաշանին այդ ընթացքում Երևանում հանդիպել է վերջինի ծանոթ Մոհամմադհուսսեին Մոհամմադ Ալի Յուսեֆզադգավիդելիին, նրանից ստացել ընդհանուր 14.700 ԱՄՆ դոլար գումար, որից 3700 ԱՄՆ դոլար գումարը պահել է իր մոտ, իսկ 11.000 ԱՄՆ դոլար գումարը կրկին Մոհսեն Ղադերի Մոկրիի հանձնարարությամբ, բեռի ձևակերպման գործընթացն ապահովելու համար, փոխանցել է նրա ծանոթ Մոհամմադ Ջաֆար Սուլեյմանի Ռահբարիին, որից մի մասը՝ 3000 ԱՄՆ դոլարը, օգտագործվել է արտահանման մաքսային ձևակերպումների ժամանակ:

Այնուհետև, 2021 թվականի փետրվարի 25-ին և 26-ին, Ալի Շաշանին բեռի նշանակման վայրում՝  «Մետեքսիմ Տերմինալ»  ՍՊ ընկերության մաքսային պահեստում, մասնակցել և վերահսկել է բեռի՝ թմրամիջոցով և չոր խմորիչով բարձված արկղերի բեռնաթափման, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորություն արտահանման նպատակով վրացական  ավտոմեքենա բարձման գործընթացին։ Մոհսեն Ղադերի Մոկրիին տեղեկատվություն տրամադրելու նպատակով Ալի Շաշանին  կատարել է տեսաձայնագրություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով՝ չի կարողացել ավարտին հասցնել թմրամիջոցը ՀՀ տարածքով Նիդերլանդների Թագավորություն մաքսանենգությամբ ապօրինի տեղափոխելու Մոհսեն Ղադերի Մոկրիին օժանդակելու իր մտադրությունը, քանի որ թմրամիջոցը հայտնաբերվել է ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից՝ արտահանման նպատակով վրացական ավտոմեքենայում բարձված բեռի զննությամբ:

Այսինքն՝ Ալի Բայազիդի Շաշանիին մեղսագրվում են Նախկին քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 35-38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարում, այսինքն՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութերի մաքսանենգության, իրացման և մաքսանեոնգության նախապատրաստությանն օժանդակելը։

Նշենք, որ թմրանյութի հայտնաբերումից հետո՝ 2021 թվականի մարտի 2-ի   Կարեն և Սամվել  Կեսոյանները , վրացական մեքենայի վարորդ  Գելա Ջվարիձե Միխելին, Մոհամմադ Ջաֆար Սուլեյմանի Ռահբարին, Գևորգ Ասպետի Հովհաննիսյանը  նույնպես  մեղադրյալ  են ներգրավվել նույն հոդվածներով;

Մոհսեն Աբդոլռահման Ղադերի Մոկրին, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորության քաղաքացի Մահմուդ Բարահոուին նույնպես գործով որպես մեղադրյալ են ներգրավվել, և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

2022 թվականի հունվարի 8-ին քրեական գործից անջատվել և առանձին վարույթում առանձնացվել է մեղադրյալ Ալի Բայազիդի Շաշանիի մասը և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան, իսկ մյուս անձանց վերաբերյալ նախաքննությունը դեռևս շարունակվում է։

 

Ալի Շաշանիի ցուցմունքները

 

Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ալի Բայազիդի Շաշանին առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում ապրելու ընթացքում սովորել է մինչ 7-րդ դասարան, սեփական այգում զբաղվել է այգեգործությամբ և գյուղատնտեսությամբ, ինչպես նաև ունեցել է սառնարանային համալիր, որտեղ խնձորներ են պահել։

Առաջին իսկ օրից հայտնել է, որ իր քեռորդին՝ Մոհսենը, իրեն պարտք է եղել 950․000․000 իրանական թուման։ Դեռևս երեք տարի առաջ, երբ Մոհսենն աշխատում և գործունեություն էր ծավալում Հայաստանում, մասնավորապես՝ Մոհհամադի հետ խմիչքի գործ էր անում, ինքն իր կնոջ, մոր և քեռու հետ միասին եկել է Հայաստան՝ նաև այդ գումարի պահանջով, որպեսզի վերջինն այն վերադարձնի:

Մոհսենն անընդհատ իրեն ասել է, որ գումարը  կվերադարձնի, սակայն չի վերադարձրել, ինչի մասին տեղյակ է նաև սույն գործով անցնող վկա Մոհհամադը։ Այնքան է հետաձգվել գումարի վճարումը, մինչև հասել է նրան, որ Մոհսենն իրեն ասել է, որ բեռ ունի՝ մոտ 10 մեքենա խմորիչ, որի համար յուրաքանչյուրին 2000 դոլար կտա՝ իր պարտքը մարելու համար, ինչպես նաև իրեն հավելյալ 1000 դոլար կտա, որպեսզի գա Հայաստան և նկարի բեռի տեղափոխման գործընթացը։ Նկարահանման իմաստն այն է եղել, որ Մոհսենը տեսնի բեռնատարն առհասարակ Հայաստան եկել է, թե՝ ոչ, Մոհհամադն իրեն ստում է, թե՝ ոչ, այնուհետև տեսնի մաքսազերծման գործընթացը՝ բեռնատարի բացումը, բեռների տեղափոխումը, և այլն։ Ինչպես նաև իրեն հանձնարարված էր մաքսային գործերն անելը։

Շաշանին հայտնել է, որ քանի որ այդ ընթացքում իրանական թումանը գնալով արժեզրկվում էր, համաձայնել է Մոհսենի առաջարկին․ դրանով և՛ իր պարտքը կմարվեր, և՛  որոշակի գումար կաշխատեր։

Շաշանին ցուցմունք է տվել, որ երբ բեռը Իրանից ճանապարհվել է դեպքի Հայաստան,Մոհսենի ծանոթ  Մոհհամադն իրեն հայտնել է, որ բեռնատարի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել․ Մոհսենն ինչ-որ բժշկական փաստաթուղթ պետք է ուղարկեր  Մոհսենի մեկ այլ  ծանոթ Գևորգի անունով, սակայն ուղարկել է Մոհհամադի անունով, ինչից էլ խնդիրներ են առաջացել։ Մոհհամադից նաև տեղեկացել է, որ բեռները քաշերի տարբերություն են տալիս, իսկ Մոհսենն իրենց պարզաբանել է, որ Իրանի գործարանում դրանք կշռվել են առանց բեռների տակ դրվող փայտերի, այնուհետև տեղադրվել են  «պադոններ»-ի վրա, որի հետևանքով էլ քաշի տարբերություն է եղել։

Դատարանում  հրապարակվել է ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը, որի համաձայն՝ բեռի մաքսազերծման հարցերով պետք է զբաղվեին Մոհսենի ծանոթներ  Մոհհամադը և Գևորգը։

Տեղեկանալով, որ բեռնատարն արդեն Երևանում է՝ Մոհհամադն ու Գևորգը մեքենայով եկել են իր հետևից, միասին ավտոմեքենայով գնացել են մաքսային տերմինալ։ Մոհսենն իրեն հայտնել էր, որ պարտք է Մոհհամադին և որպեսզի Մոհհամադն իր ուղարկած գումարները չվերցնի և չասի, որ դա իր պարտքի մարումն է, իրեն ասել է, որ համապատասխան վճարումները կատարելու համար նախատեսված գումարները կուղարկի իրեն։ Ըստ Շաշանիի ցուցմունքի՝  ընդհանուր առմամբ Մոհսենից ստացել է 14․600-14․700 (հստակ չի հիշել) ԱՄՆ դոլար գումար, որից 11․500-11․600 (հստակ չի հիշել) ԱՄՆ դոլարը տվել է Մոհհամադին, 2 հատ 50․000․000 իրանական թուման քարտով է փոխանցել, և իր մոտ մնացել է 2200 ԱՄՆ դոլար գումար, որը ՀՀ նախաքննական մարմինն իրենից առգրավել է։

Շաշանին հայտնել է, որ բեռնատարի մաքսազերծման և սահմանի հատման, հարկերի վճարման, փաստաթղթերի ձևակերպման հետ կապված որևէ գործողություն չի կատարել և դրանցից առհասարակ տեղյակ չի եղել։
Անգամ բեռնատարի վարորդին չի ճանաչել և նրան առաջին անգամ հանդիպել է Իրանում՝ այն սառնարան-պահեստում, որտեղից փաթեթավորված բեռները պետք է բարձեին բեռնատարի մեջ,  իսկ հետո նրան արդեն հանդիպել է Հայաստանում։

Ալի Շաշանիի  բջջային հեռախոսում հայտնաբերվել են նաև բեռների տեղափոխման, մաքսազերծման գործընթացը պատկերող  հոլովակներ․ ասել է, որ դրանք ինքն է նկարել։ Հայտնաբերվել է նաև  Նիդերլանդների Թագավորությունում բնակվող պարսիկի անձնագրի լուսանկար։ Այս առնչութամբ հայտնել է, որ Մոհհամադը ցանկանում էր իմանալ, թե ով է բեռի հասցեատերը, ուստի ինքն այդ մասին ասել է Մոհսենին, վերջինս լուսանկարն ուղարկել է, ինքն էլ այն ուղարկել է Մոհհամադին։

Շաշանին հայտնել է, որ բեռները ստուգելու օրն իրեն կասկածելի է թվացել այն հանգամանքը, որ  բեռը ստուգողները շների հետ էին եկել, ուստի միանգամից զանգել է Մոհսենին ու հայտնել դրա մասին ու  կրկին հարցրել՝ արդյոք բեռը խնդիրներ չունի, իսկ Մոհսենն ասել է, որ որևէ խնդիր չկա։ Երբ թմրամիջոցներն արդեն հայտնաբերվել են, դրանից հետո չի կարողացել կապվել Մոհսենի հետ, իսկ իր հեռախոսը վերցրել են։ Դրանից հետո իր հարազատներն են կապվել Մոհսենի հետ և վերջինն ասել է, որ որևէ բանից տեղյակ չէ։

Վկա Մոհամմադհուսսեին Մոհամմադ Ալի Յասեֆզադ Գավիդելը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է ամբաստանյալ Ալի Բայազիդի Շաշանիին, սակայն վերջինի հետ որևէ հարաբերության մեջ չի գտնվում։

Հայաստանի Հանրապետությունում ապրում և աշխատում է «Իրանցի առևտրականների պալատում»։ Վաղուց ճանաչել է Մոհսեն անունով իրանցի բիզնեսմենի, ով 7 տարի աշխատել է ՀՀ-ում, մասնավորապես՝ գործարար Սամվել Ալեքսանյանից գնել է գառան միս, երբեմն նաև գնել է կարտոֆիլ և դեղորայք ու արտահանել Իրան և Իրաք։ Երբևէ չի իմացել, որ բացի վերոհիշյալ մթերքներից, Մոհսենը արտահաներ նաև խմորիչ։ Մեկ անգամ Մոհսենը զանգել է իրեն և օգնություն է խնդրել։ Այդ ժամանակ Իրան որոշակի սանկցիաների մեջ էր և հարկավոր էր, որպեսզի ինքը 15․000 ԱՄՆ դոլար փոխանցի Մոհսենին, որ վերջինը ՀՀ-ից դեղորայք գնի, տեղափոխի Իրան, ապա գումարը փոխանցի իրեն, իսկ արտահանման մաքսազերծման ծախսերի մասին խոսք չի գնացել։ Մոհսենը հայտնել էր, որ իր մարդը պիտի գա ու գումարը վերցնի, որի անունը Ալի է եղել, սակայն Մոհսենը որևէ այլ բան չի ասել, մասնավորապես, թե իր ինչն է հանդիսանում Ալին։ Պայմանավորված օրը ինքը զանգ է ստացել, այնուհետև Ալի Շաշանին եկել է իր գրասենյակ, ներկայացել է որպես Մոհսենի ուղարկած մարդը, վերցրել է գումարը և գնացել։ Իրենց մեջ այլ խոսակցություն չի եղել։ Ինչ վերաբերում է իր գումարին, ապա հետագայում ինքը այն ստացել է։

Այդ գործարքից որևէ օգուտ չի ունեցել, պարզապես օգնել է հայրենակցին։ Եթե Մոհսենի փոխարեն այլ անձ իրեն զանգեր, ապա բնականաբար չէր օգնի, իսկ Մոհսենի մասով հանգիստ էր, քանի որ նա հայտնի էր որպես Հայաստանում աշխատող պարսիկ բիզնեսմեն, առավել արժանահավատ էր այն փաստը, որ վերջինն աշխատում էր պարոն Սամվել Ալեքսանյանի հետ, ուստի խնդիր չէր կարող լինել։

Այս դեպքից հետո իրեն հրավիրել են Ոստիկանություն, որտեղից   դուրս գալուց հետո միանգամից գնացել է Իրանի դեսպանատուն, հայտնել կատարվածի մասին, որին ի պատասխան՝ իրեն հայտնել են, որ տեղյակ են կատարվածի մասին և խորհուրդ են տվել հեռու մնալ Մոհսենից, քանի որ վերջինը շատ վտանգավոր մարդ է, օրենքի հետ խնդիրներ ունի, խաբեբա է, ով 7 տարի շարունակ բազում մարդկանց է ստել։ Մոհսենի՝ ներկայում գտնվելու վայրի, կամ գործունեության մասին որևէ տեղեկություն չունի։

 

Գևորգ Հովհաննիսյանի ցուցմունքը

 

Այլ գործով մեղադրյալ Գևորգ Հովհաննիսյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ ՀՀ-ում երկար տարիներ ղեկավարում է մի կազմակերպություն, որը զբաղվում է ՀՀ-ից Իրան գառան միս արտահանելով։ Այդ կազմակերպությունը գրանցված է իր աղջկա անունով։ Քանի որ ՀՀ-ում նման գործունեությամբ զբաղվող որպես այդպիսին առաջին կազմակերպության ղեկավարն է, 30 տարիների ընթացքում բազմիցս շփվել և գործ է ունեցել մաքսային ծառայության հետ, հմտացել է, և թեև մաքսային օրենսդրությանը չի տիրապետում՝  կարողանում է գործնականում կիրառել ու կազմակերպել բեռների մաքսազերծման օրինական գործընթացները։ Նաև ունեցել է տուրիստական ընկերություն, որի ղեկավարումն ապահովելու ընթացքում սովորել է պարսկերեն, որին լավ տիրապետում է։ Նման պայմաններում ձեռք է բերել մի շարք պարսիկ գործընկերներ և վայելում է վերջինների վստահությունը։ Եղել են դեպքեր, երբ ինքն է եղել ծանր վիճակում և իրեն աջակցել են իր պարսիկ ընկերները։

Պարսիկների հետ հանդիպել է սպանդանոցում, քանի որ վերջինները միշտ հավաքվում էին այնտեղ սպանդի ժամանակ, միասին սեղան էին նստում։ Հերթական սպանդի ժամանակ հանդիպել և ծանոթացել է մի պարսիկի հետ՝ Մոհսեն անունով, ով հետաքրքրվել է, թե ինքն ինչով է զբաղվում։ Ներկայացրել է իր գործունեությունը, որից հետո եկել են որոշակի պայմանավորվածության և Մոհսենն իր միջոցով մոտ 5-6 մեքենա կարտոֆիլ է Հայաստանից արտահանել Իրաք, սակայն այդ ընթացքում անգամ հեռախոսահամարներով չեն փոխանակվել։ Իր միջոցով ասվածը վերաբերում է արտահանման թղթաբանությամբ զբաղվելուն։ Արտահանումն իրականացվել է անմիջապես գյուղացու անունով, քանի որ օրենքը դա թույլ է տալիս։

Այդ գործարքից հետո երկար ժամանակ չեն շփվել, քանի որ 2021 թվականին մահացել է իր մայրը և այդ ժամանակ հոգեպես ի վիճակի չի եղել աշխատելու, մարդկանց զանգերին պատասխանելու։ Մի օր պատասխանել է Մոհսենի զանգին, ով իրեն ասել է, որ նոր գործ է ուզում սկսել և Հոլանդիա արտահանել խմորիչ։ Այդ ժամանակ ՀՀ-ի սահմանը փակ է եղել, ինքը հարցրել է, թե ինչու արտահանումը չեն կազմակերպում Ադրբեջանի տարածքով, իսկ Մոհսենը նշել է, որ Ադրբեջանում վստահելի գործընկեր չունի։ Հարցին, թե ով է արտահանվող բեռի հասցեատերը, պատասխանել է, որ Հոլանդիայում ապրող մի պարսիկ է, անհատ ձեռնարկատեր, ով ապրանքը ցանկանում է գնել գարեջրի գործարանի համար, իսկ Հոլանդիայում խմորիչի գինն ավելի բարձր է, ուստի առավել հարմար է այն գնել Պարսկաստանից։ Ի վերջո, եկել են պայմանավորվածության, որ ինքը կօգնի Մոհսենին և Հայաստանում բեռնատար կգտնի, քանի որ պարսկական բեռնատարները չեն կարող սահման հատել և կզբաղվի թղթաբանությամբ։

Երբ սկսել է զբաղվել թղթաբանությամբ, նկատել է, որ Մոհսենի կողմից ուղարկված փաստաթղթերում առկա են որոշակի անհամապատասխանություններ։ Մասնավորապես՝ փաստաթղթերում առկա է եղել ոչ թե  «բրենդային ինվոյս», այլ՝ սովորական, ինչպես նաև բացակայել է անվտանգության սերտիֆիկատը։ Այնուհետև՝ նկատել է, որ բեռներն առհասարակ իր կազմակերպության անունով չեն ուղարկվել։

Զանգահարել է Մոհսենին և ասել, որ պարզաբանի, թե ինչ է կատարվում։ Մոհսենը հայտնել է, որ ինվոյսի սովորական լինելը պայմանավորված է նրանով, որ խմորիչն սկզբից եղել է պարսկական շուկայի համար, իսկ այլ կազմակերպության անունով լինելը պայմանավորված է նրանով, որ մինչև իրեն զանգելը նաև այլ հայ գործընկերների հետ է կապվել, և, ըստ էության, նրանց անունով է ուղարկվել։ Ինքը հայտնել է Մոհսենին, որ նման պայմաններում հնարավոր չէ մաքսազերծում իրականացնել, քանի որ մաքսատանը թույլ չեն տա, որ ՀՀ սահմանը հատվի։ Բացի այդ, այդ ժամանակ մաքսակետում առավել զգոն էին, քանի որ Հայաստանում հետպատերազմյան իրավիճակ էր։

Գնացել է  «Մետեքսի մաքսատուն», հանդիպել է մաքսատան տեսուչ Շամշյանին և հայտնել է նրան, որ ստացված բեռներում անհամապատասխանություններ է նկատել, բացի այդ, ապրանքն ուղարկողն իր մտերիմը չէ, ինքը ևս չի կարող վստահություն ունենալ, ուստի խնդրել է բեռնաթափում իրականացնելիս շատ ուշադիր լինել։

Մաքսատանը խոսելուց հետո գնացել և հանդիպել է Մուհամադին և Սամվել Կեսոյանին, ովքեր ղեկավարում էին այն կազմակերպությունը, որի անունով Մոհսենն ուղարկել էր բեռները։ Վերջիններին պատմել է եղելությունը և նրանք ասել են, որ իր մտավախությունները տեղին են և անհրաժեշտ է հետևողական լինել, փաստաթղթերը հավաքել ըստ օրենքի։ Սամվել Կեսոյանն իրեն ասել է, որ առավել նպատակահարմար կլինի, որ ինքը զբաղվի մաքսազերծմամբ, քանի որ ավելի լավ է հասկանում այդ գործընթացից, սակայն, քանի որ բեռները ՀՀ են մտել իր անունով, ապա կազմակերպության տնօրենը կմասնակցի բոլոր գործընթացներին։ Այդ ժամանակ առաջին անգամ տեսել է Ալի Շաշանիին, ում Մոհամադը ներկայացրել է որպես Մոհսենի կողմից ուղարկված մարդ, վստահված անձ։ Ինքը նորմալ է համարել այդ հանգամանքը, քանի որ պարսիկները գործարք առաջին անգամ կատարելիս երբեք չեն վստահում, մեկ-երկու անգամ ուղարկում են վստահված անձանց։

Գևորգ Հովհաննիսյանը  հայտնել է, որ ինքը կազմակերպել է բեռների բացումը, կշռումը և նմուշների ստացումը, որպեսզի նմուշներն ուղարկվեն փորձաքննության և ստանան անվտանգության փաստաթղթերը։ Նմուշների ստացման և կշռման գործընթացում պարզել է, որ ապրանքների քաշը նախնական փաստաթղթերի հետ տալիս է 300 կիլոգրամի տարբերություն։

Բեռները կշռվել են ամբողջ ծավալով՝ փաթեթավորված, «պադոնների» վրա դրված, որը կշռման բրուտո տարբերակն է։ Բեռը կշռվել է  նաև  առանց «պադդոնի», սակայն որևէ բան չի փոխվել, կրկին նույն արդյունքն է գրանցվել։

Զանգահարել է Մոհսենին, հայտնել տարբերությունների մասին և Մոհսենն իրեն ասել է, որ տեղյակ չէ, հիմա կճշտի և կզանգի, որից էլ հասկացել է, որ իրականում բեռները լրիվ այլ անձի են պատկանում, իսկ Մոհսենն ընդամենը միջնորդ է։Այդ խոսակցությունից հետո Մոհսենի հեռախոսահամարն այլևս գոյություն չի ունեցել։

 

Մոհհամադ Ջաֆար Սոլեիման Ռահբարի ցուցմունքը 

 

Դատաքննության ընթացքում այլ գործով մեղադրյալ Մոհհամադ Ջաֆար Սոլեիման Ռահբարը ցուցմունք է տվել, որ արդեն 21 տարի է,  ինչ ապրում և ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում Հայաստանում, հանդիսանում է ՀՀ-ում գործող «Պարսկական համայնքի հիմնադրամի» հիմնադիրը։ Հիմնադիրն ունի նաև այլ բաժնետերեր, որոնցից մեկը Սամվել Կեսոյանն է։

Շատ երկար տարիներ ծանոթ է եղել Մոհսեն անունով մի մարդու հետ, ավելի կոնկրետ՝ Մոհսենն անգամ նրան պարտք է եղել 18․000 ԱՄՆ դոլար։

Մոհսենը մի անգամ իրեն հայտնել է, որ գործ կա, որն ուզում է սկսել։ Խոսքը Եվրոպայում գործող մի գարեջրի գործարանի մասին էր, որին պետք է մատակարարվեր խմորիչ։ Մոհսենին հարցրել է, թե ինչ շահույթ կարող է ինքն ունենալ այդ գործից, որին ի պատասխան՝ վերջինն իրեն հայտնել է, որ ամեն մեկն այս գործից կստանա 2000 ԱՄՆ դոլար գումար, որից իրեն հասանելիք մասի 1000 դոլարը Մոհսենը պետք է դուրս գար պարտքից։ Այնուհետև՝ գնացել և խոսել է Սամվել Կեսոյանի հետ, ներկայացրել է Մոհսենի առաջարկը։ Ուսումնասիրել են առաջարկը, ապրանքի տեսակը և որոշել են համաձայնվել համագործակցել։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրանքի հասցեատերը Եվրոպայում է, իսկ Մոհսենին ծանոթ էր ոչ թե լավ տեսանկյունից, այլ վատ՝ հայտնել են, որ կդառնան գործարքի մի մասը, կկնքեն պայմանագիրը և ձեռնամուխ կլինեն բեռների մաքսային արժեքների ճշտմանն ու հաշվարկների կատարմանը միայն երեք պայմանների առկայության դեպքում։ Այդ պայմանների համաձայն՝ հասցեատեր կազմակերպության հետ պետք է կնքվեր պայմանագիր, բեռները ողջ ընթացքում պետք է ուղեկցվեին Մոհսենի կողմից ուղարկված վստահելի անձի կողմից, ով պետք է մասնակից լիներ բոլոր գործընթացներին և ամենակարևորը՝ բեռները պետք է մաքսազերծումից առաջ ստուգվեին։

Մոհսենը համաձայնել է ներկայացված պահանջներին, ուղարկել է գործարանի կողմից տրված փաստաթղթերը, իրենք Հայաստանում սկսել են զբաղվել գործարքի նախապատրաստական աշխատանքներով, սակայն հասկացել է, որ Մոհսենը կորել է և այլևս կապ չի հաստատում իրենց հետ։ Մի քանի անգամ փորձել են կապվել վերջինի հետ, սակայն ապարդյուն։ Տասն օրից ավել ոչ մի լուր չստանալուց հետո մտածել են, որ վերջ, այլևս գործարք չի կատարվելու, սակայն այդ ժամանակ իրենց հետ կապվել է Գևորգ անունով մի մարդ և հայտնել, որ Մոհսենի կողմից ուղարկված բեռների մաքսազերծումն է իրականացնում, սակայն գործընթացի ապահովումն իրականացնելն անհնար է, քանի որ բեռը 10 օրից ավել Մեղրիի անցակետում է, իսկ Մոհսենն իրենց կազմակերպության անունով է ուղարկել փաստաթղթերը։

Գևորգը գնացել է իրենց գրասենյակ, խոսել, քննարկել են,  հաշվարկներ են կատարել, տրանսպորտի ծախսերն են հաշվարկել, եկել են համաձայնության, որ մաքսազերծման գործընթացով զբաղվելու է Գևորգը։ Հայտնել է նաև, որ իրենք  կանչել են Ալի Շաշանիին և հարցեր տվել, հարցրել են՝ արդյոք Մոհսենը որևէ անօրինական բան չի անում, իսկ Ալին այդ օրը երդվել է իր ընտանիքով, որ եթե մեկ տոկոս էլ կասկածեր Մոհսենի ազնվությանը և գործի օրինականությանը, ապա երբեք չէր գա Հայաստան։ Նույն երդումը նաև Մոհսենն է տվել Գևորգին։Մոհամմադ Ռահբարը ցուցմունք տալիս  կարծիք է հայտնել, որ եթե բեռներում իրապես բացառապես խմորիչ լիներ, ապա ոչ մի շահույթ չէր ստացվելու, Մոհսենը զրոյական հարաբերակցությամբ էր դուրս գալու գործարքից, քանի որ Պարսկաստանի և Եվրոպայի շուկայում եղած խմորիչների միջև առանձնապես տարբերություն չկա։

Դեպքից հետո Մոհսենին և Ալիին չի զանգել, սակայն գործի ելքը մեկն էր՝ ինքը Հայաստանում խայտառակ եղավ, քանի որ իր մասին պատմեցին անգամ հեռուստատեսությամբ և ստիպված եղավ նաև դուրս գալ իր հիմնած կազմակերպությունից։  Մոհսենի մասին միայն լսել է, որ հիմա վերջինն ինչ-որ քրեակատարողական հիմնարկում է պահվում, բայց թե ինչ արարքի կատարման համար՝ չգիտի։

 

Սամվել Կեսոյանի ցուցմունքը 

 

Այլ գործով մեղադրյալ Սամվել Կեսոյանը դատաքննության  ընթացքում ցուցմունք է տվել, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է միայն Ալի Շաշանիին, սակայն իրենց հարաբերություները չեն կարող ազդել իր ցուցմունքի օբյեկտիվության վրա։

Մոհհամադին ճանաչում է դեռևս 2013 թվականից, վերջինը սովորում էր Երևանի պետական Կոնսերվատորիայում և բավական նորմալ տղա էր։ Որոշել են միմյանց հետ գործ սկսել, հիմնել են կազմակերպություն, որը պետք է Ուրմիայից Հայաստան ծովի աղ ներկրեր։ 

Ինքը դրանից բացի նաև այլ գործարարական գործունեությամբ է զբաղվում և իր որդու անունով կազմակերպություն է բացել, որը պետք է մասնակցեր մսի արտահանման իրականացման ոլորտում, սակայն տենդերը չեն շահել։ Մոհհամադն իրեն հայտնել է, որ մեկ այլ գործ կա՝ Պարսկաստանից Հայաստանի սահմանով ցանկանում են խմորիչ արտահանել Եվրոպա, որի համար փնտրում են Հայաստանում գործող ընկերություն, որը կկազմակերպի առաքման գործընթացը։ Այդ գործարքն առաջարկում էր Մոհսեն անունով մի պարսիկ գործարար, ում խոսքով արտահանումը պետք է իրականանար շաբաթական երկու անգամ, ինչի փաստաթղթաբանության ապահովման համար իրենցից յուրաքանչյուրը պետք է ստանար 2․000 ԱՄՆ դոլար գումար։

Մոհհամադի հաշվարկների արդյունքում ստացվում էր, որ ամեն անգամ իր որդուն որպես եկամուտ մնալու էր 500 ԱՄՆ դոլար գումար, ինչն իր գնահատմամբ Հայաստանի պայմաններում նորմալ գործարք էր։ Ուստի, տվել է իր համաձայնությունը և տրամադրել է համապատասխան փաստաթղթերը՝ գործարքը սկսելու համար։ Մեղադրողի հարցին ի պատասխան հայտնել է, որ եթե բեռներում բացառապես խմորիչ հայտնաբերվեր, ապա ինքը, այնուամենայնիվ, դրա արտահանման մեջ իմաստ կգտներ, քանի որ այստեղ խմորիչը մետաղադրամների արժեք ունի, իսկ Եվրոպայում դրա գինը տատանվում է 4-6 Եվրոյի մեջ, ուստի ստացվում է, որ արտահանվող յուրաքանչյուր փաթեթից գնորդն ունենում էր 1-2 Եվրոյի չափով շահույթ։

Գնահատելով գործում առկա ապացույցները՝  դատարանը եկել է  եզրահանգման, որ Ալի Բայազիդի Շաշանին կատարել է իրեն մեղսագրվող արարքները և  Շաշանիին մեղավոր է  ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 35-38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով Շաշանիի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 9 տարի ազատազրկումը։

 

Արաքս Մամուլյան