Հաջորդ քայլն ԱԺ-ինն է. ՍԴ-ն Հռոմի ստատուտը Սահմանադրությանը համապատասխան է համարում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը
08.07.2026 | 02:51
ԱԱ-2026. Քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը հաղթեց 11-մետրանոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 23:20
«Ընտրական կոռուպցիայի ծանր ժառանգություն»․ ՍԴ-ի գնահատականը ԱԺ ընտրությունների գործով 
07.07.2026 | 23:16
Գետը վարարել է. Դիլիջանում ժամանակավորապես դադարեցվել է ջրամատակարարումը
07.07.2026 | 23:00
Եվրախորհրդարանը հաստատել է ուղևորների իրավունքների նոր համաեվրոպական կանոնները․ ինչ է այն ենթադրում
07.07.2026 | 22:51
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ոսկե մեդալակիր. Մ-20 ԵԱ
07.07.2026 | 22:34
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.07.2026 | 22:21
Arca-ն ներկայացրել է ազգային վճարային համակարգի զարգացման արդյունքներն ու առաջիկա ծրագրերը
07.07.2026 | 22:07
ԱԱ-2026․ Արգենտինայի անհավանական «քամբեքը» Եգիպտոսի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 22:03
Թուրքական Roketsan-ն Ադրբեջանում կստեղծվի ձեռնարկություն, որը ներդրում կունենա հրթիռների արտադրության ոլորտում
07.07.2026 | 21:54
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:50
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
07.07.2026 | 21:37
«Ո՞վ է կերել 700 միլիարդը»․ հայտնի զրույցի 2 հերոսների գույքը 13 տարի անց բռնագանձվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:30
Իշխանությունը յուրացրել է իրեն զսպող միակ մեխանիզմը՝ ընդդիմությունը հաշտվել է դրա հետ, ասել՝ կաշխատենք մանդատի շրջանակում. Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:21
Սամարայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից
Բոլորը

Ստորագրելուց 25 տարի անց Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթաց է սկսում։ Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց որոշում, համաձայն որի՝ Հռոմի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը։

«Սահմանադրական դատարանը՝ կազմով դատավորներ Դիլանյանի, Գրիգորյանի, Թովմասյանի, Թունյանի, Խունդկարյանի, Հովակիմյանի, Շաթիրյանի, Սաֆարյանի, Վաղարշյանի, գրավոր ընթացակարգով քննության առնելով 1998 թվականին ստորագրված Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց․

1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում և 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանը, Արայիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը հայտնել են հատուկ կարծիք»,- բարձր դատարանի որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը։

Հռոմի ստատուտի նկատմամբ հանրային հետաքրքրությունը մեծացավ այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվեց։ Սա նշանակում է, որ Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկրները պարտավոր են Պուտինին ձերբակալել՝ իրենց տարածք մուտք գործելու դեպքում։

Կանոնադրության վավերացման գործընթացը կանգ էր առել 2004 թվականին, երբ Հայաստանի Սահմանադրական դատարանը դրանով սահմանված պարտականությունները հակասող էր ճանաչել այն ժամանակ գործող Սահմանադրության մի քանի դրույթներին։ 2022-ի տարեվերջին, սակայն, Կառավարությունը որոշեց, որ պետք է կրկին դիմել Սահմանադրական դատարան՝ կանոնադրության դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցով։

Հռոմի կանոնադրությամբ նպատակ է դրվել առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությունը բացառել և դրանով նպաստել այդպիսի հանցագործությունների կանխումը։ Կանոնադրության հիման վրա ձևավորվել է միջազգային իրավասուբյեկտությամբ օժտված մշտական հիմունքներով գործող Միջազգային քրեական դատարանը, որը կոչված է քրեական արդարադատություն իրականացնել միջազգային հանրության մտահոգությունը հարուցող առավել ծանր հանցագործությունների համար պատասխանատու ֆիզիկական անձանց նկատմամբ։

Դատարանը կարող է քննել ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված, պատերազմական հանցագործությունները, ընդ որում` ոչ միայն միջազգային բնույթ ունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական, այլև միջազգային բնույթ չունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև ագրեսիայի հանցագործությունը:

Կանոնադրության վավերացման անհրաժեշտությունն ու հրատապությունը, ըստ Կառավարության, առաջին հերթին պայմանավորված է Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ դրսևորած ագրեսիայով, քանի որ պայմանագրի վավերացումը հնարավորություն կտա պատերազմական հանցագործությունների գործերով Ադրբեջանին պատասխանատվության կանչել Միջազգային քրեական դատարանում։

Ըստ Կանոնադրության նախաբանի 10-րդ մասի և հոդված 1-ի՝ Միջազգային քրեական դատարանը լրացնում է ներպետական քրեական իրավազորության մարմինների համակարգը: 2004 թվականին Սահմանադրական դատարանը հենց այստեղ էր սահմանադրականության խնդիր տեսել։

Դատարանը գտել էր, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում ամրագրված այն պարտավորությունը, ըստ որի՝ Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 91 և 92 հոդվածներին: Խոսքը, ըստ էության, Սահմանադրության այն դրույթների մասին է, համաձայն որոնց՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։

Բացի այդ, Դատարանը գտել էր, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 105 հոդվածի դրույթներով ստանձնած պարտավորությունները, որոնցով բացառվում է դատապարտված անձանց ներպետական ընթացակարգով ներման իրավունքի և համաներման հնարավորության իրացումը, չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության մի քանի դրույթներին։

Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը դեռևս չի հրապարակվել, թե ինչ հիմնավորումներ են դրվել այժմ դրա հիմքում, հայտնի չէ։ Հրապարկված չեն նաև ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանի, Արայիկ Թունյանի և Երվանդ Խունդկարյանի հատուկ կարծիքները, սակայն հանգամանքը, որ նրանք հատուկ կարծիք են հայտնել, փաստում է այն մասին, որ համաձայն չեն եղել ՍԴ մեծամասնության որոշման հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան