Շուրջ 380 մլն դոլար․ ո՞ւմ փողերն ու գույքն է պետականացման ենթակա՝ ըստ Դատախազության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
21.03.2023 | 19:5159 անշարժ գույք, տրանսպորտային 4 միջոց, 30 ընկերությունում մասնաբաժին և շուրջ 21 միլիարդ դրամ՝ ապօրինի եկամտի մնացորդ. սա ապօրինի գույքի բռնագանձման գործով Գլխավոր դատախազության պահանջի միայն մի մասն է նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանից և նրան փոխկապակցված 10 անձից: Թեև Ազգային ժողովի նախատիպով կառուցված այս գերշքեղ առանձնատունը չի մտնում Դատախազության ցուցակում, սակայն այս դղյակի մասին խոսակցությունները վերջին շրջանում կրկին ակտիվացել են։
Երևանի Ազատության պողոտա 1/6 հասցեում գտնվող տունը կառուցել է Հովիկ Աբրահամյանի ընտանիքը։ Առանձնատան սեփականատերը նախկին պաշտոնյայի որդին էր՝ Արգամ Աբրահամյանը։ Նախորդ տարի նա տունը վաճառել էր նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանին։ Ըստ լրատվամիջոցների՝ գործարքի գինը 2.5 միլիարդ դրամ է եղել, որից 48 միլիոն դրամը կանխավճար է եղել, իսկ հիմնական մասը Նարեկ Նալբանդյանի կինն Արգամ Աբրահամյանին պետք է վճարեր մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը։ Գործարարի կինը սահմանված ժամկետում չի վճարել 2 միլիարդ 452 միլիոն դրամը, այդ իսկ պատճառով 2023 թվականի փետրվարի 8-ին փոփոխություն է կատարվել առքուվաճառքի պայմանագրում։ Հենց վաճառքով պայմանավորված է, որ Աբրահամյանների գերշքեղ առանձնատունը Դատախազության կողմից չի ընդգրվել ապօրինի գույքերի ցանկում։
Արդյո՞ք առանձնատան կառուցման համար օգտագործված միջոցներն ապօրինի են․ այս հարցի պատասխանը դեռևս տարիներ առաջ բանավեճի առիթ էր դարձել այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանի և ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև։
Թեև գերշքեղ առանձնատունն այսօր ներառված չէ Դատախազության ներկայացրած ցուցակում, սակայն գերատեսչությունը նշում է՝ ներկայացված բռնագանձման հայցերից ամենախոշորը վերաբերում է հենց Հովիկ Աբրահամյանին:
Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքն ուժի մեջ մտավ 2020 թվականի մայիսից։ Դատախազությունում հիմնվեց համապատասխան վարչություն, որը դիմումների հիման վրա ուսումնասիրում է ու դիմում դատարանին։ Վերջինս թույլ է տալիս կամ մերժում գույքի բռնագանձումը՝ ապօրինի ծագման հիմքով։ Օրենքի ընդունումից գրեթե 3 տարի անց վարչության կողմից կատարվել է 379 ուսումնասիրություն, ևս 274-ը շարունակվում է։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ուշադրության կենտրոնում հիմնականում նախկին իշխանության օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք են՝ նախագահից մինչև մարզպետ. մարդիկ, որոնց անուններն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր չեն իջնում լրատվամիջոցների գլխավոր էջերից։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից՝ ապօրինի միջոցներով ձեռք բերված գույք են դիտարկվել և հօգուտ ՀՀ-ի բռնագանձման են ենթակա «Արարատ բանկ» ընկերությունում ներդրված 107 միլիոն 998 հազար 656 ՀՀ դրամ ավանդի ամբողջ գումարը և ավանդի դիմաց 2018 թվականից կուտակված տոկոսները՝ 44 միլիոն 280 հազար 352 ՀՀ դրամ: Սաթենիկ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձման ենթակա է Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանը և նույն փողոցի հասցեում գտնվող երկու ավտոտնակները: Փաստացի, ըստ Դատախազության, Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող գույքը 38 տոկոսով համարվել է «ապօրինի ձեռք բերված»։
Եթե Սերժ Սարգսյանը և նրա ընտանիքն անձամբ չեն ներկայանում դատարան, ապա ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայցի ներկայացման ժամանակ ոչ միայն անձամբ, այլև առանց ներկայացուցիչների էր դատարան գնացել։ «Լեքսուս» ավտոմեքենա, խոշոր անշարժ գույքեր Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցում, Վահագնի թաղամասում, զավթված 1 հա ափամերձ տարածք Սևանա լճի մերձակայքում, ինչպես նաև 1 միլիարդ 78 միլիոն դրամ. ըստ Գլխավոր դատախազության` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գույքից և ֆինանսական միջոցներից այսքանը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով։ Օհանյանը չի ընդունում ներկայացված հայցով առաջադրված պահանջները։
Սյունիքի մարզը 12 տարի ղեկավարած, այժմ հետախուզվող Սուրիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքի անդամները դատարանում պետք է ապացուցեն, որ ավելի քան 19 միլիարդ դրամի գույքն ու դրամական միջոցները ձեռք են բերել օրինական ճանապարհով։ Ըստ Դատախազության՝ Խաչատրյանը կասկածելի ծագման 5 անշարժ գույք ունի Երևանում ու Գորիսում, նաև՝ 3 մեքենա։ Եթե դատարանն ապացուցված համարեց Դատախազության կասկածները, ապա նախկին մարզպետն ու ընտանիքի անդամները կա՛մ պետք է պետությանը վերադարձնեն այդ գույքը, կա՛մ էլ, դրա անհնարինության դեպքում, վճարեն միջին շուկայական գինը՝ 1.5 միլիարդ դրամ։ Բացի անշարժ գույքից՝ իրավապահները կասկածի տակ են դնում նաև ավելի քան 7.5 միլիարդ դրամ, այդ թվում՝ օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10 միլիարդ դրամ գումարի ծագումը։
12 տարի ոստիկանական համակարգում, որից 7 տարին՝ ոստիկանապետի պաշտոնում աշխատած Վլադիմիր Գասպարյանը և նրա ընտանիքը ևս անմասն չեն մնացել Դատախազության տեսադաշտից։ Ապօրինի գույքի բռնագանձման վարչության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գասպարյաններից հօգուտ պետության պետք է բռնագանձել 4 անշարժ գույք Երևանում՝ մեկ բնակելի տուն, 2 բնակարան և մեկ ավտոտնակ, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում՝ արտադրական նշանակության 1 անշարժ գույք, 1 բնակելի տուն և 1 հողամաս, 3 տրանսպորտային միջոց, անհնարինության դեպքում՝ բռնագանձել անշարժ և շարժական գույքի շուկայական արժեքը, որը կազմում է ավելի քան 2 միլիարդ 135 միլիոն դրամ։ Հայցն այս պահին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
Շուրջ 2 տասնամյակ պետական պաշտոններ զբաղեցրած Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ևս դատարանում պետք է ապացուցի, որ օրինական ճանապարհով է միլիարդների տեր դարձել։ Հակառակ դեպքում, պետությունը կարող է բռնագանձել ունեցվածքը՝ 3 միլիարդ դրամ, 33 բնակարան Երևանում, տարածքներ, շինություններ, ավտոհանգրվաններ։ Դատախազության տվյալներով՝ դրանց մեծ մասը մայրաքաղաքի թանկարժեք Հյուսիսային պողոտայում են, մյուսները՝ կենտրոնական մյուս հատվածներում։ Դատարան են կանչվել նաև Բեգլարյանի կինն ու որդին, նրանք էլ պետք է ապացուցեն, որ 11 միլիարդ դրամանոց գույքն ու MERSEDES-BENZ S600Լ մակնիշի ավտոմեքենան ձեռք են բերել օրինական ճանապարհով։
Այս շարքը շատ երկար կարելի է շարունակել և մատնանշել նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, գործարար Սամվել Մայրապետյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանի և այլոց անունները։ Ուշագրավ է, որ բռնագանձման գործով անցնում են, այսպես կոչված, նախկինները, Փաշինյանի իշխանությունից որևէ անձի մասով այս պահին տեղեկություն հայտնի չէ։
Փաստաբանների պալատի անդամ Հայկ Մարտիրոսյանն այս հարցի մասով մեջբերում է նախորդ տարեվերջին Վենետիկի հանձնաժողովի կողմից Սահմանադրական դատարան ուղարկված պատասխանը։ Հանձնաժողովը երկու կարևոր դիտարկում էր կատարել՝ շեշտելով, որ չպետք է խտրական վերաբերմունք դրսևորվի վարչության կողմից։
ՍԴ ներկայացված խորհրդատվական կարծիքում Վենետիկի հանձնաժողովն անդրադարձ է կատարել նաև բռնագանձման ենթարկա գույքի ձեռքբերման օրինականության հետ կապված փաստաթղթերին։ Մարտիրոսյանը բացատրում է՝ պաշտոնյայի կողմից հեշտ է այդ գումարները վերագրել տատիկի կողմից ստացած ոսկիների կամ գումարների նվիրատվությանը, որի օրինականությունը ստուգելն անհնար է։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետը, սակայն, հերքում է խտրական մոտեցումը։ Նշում է՝ ուսումնասիրություն սկսելու հիմք է հանդիսանում կոռուպցիոն բնույթի հանցանք կատարած անձի նկատմամբ քրեական հետապնդումը և կասկածը, որ անձն ունի ապօրինի ծագում ունեցող գույք։
Հետագա քայլերով Դատախազությունն արդեն տեղեկացնում է անձին և նրա հետ փոխկապակցված անձանց ուսումնասիրության մասին՝ հրավիրելով վարչություն՝ դիրքորոշում ստանալու, ինչից հետո գործն ուղարկվում է դատարան, եթե կողմը հաշտեցման չի գնում։ Այս գործընթացը կարող է մինչև 1 տարի տևել, գերատեսչության դիտարկմամբ՝ սա է պատճառը, որ գործերի արդյունքը դեռևս ձգձգվում է։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, սակայն, նկատում է՝ արդյունքը ոչ միայն չի երևում, այլև կամայական մոտեցում է ցուցաբերվում այս կամ այն պաշտոնյայի նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան