Արյուն, ապօրինություն, ինքնագործունեություն․ ՀՀ-ում ՌԴ սահմանապահների 30 տարին

Լուրեր

20.11.2024 | 18:30
Կարինե Քոչարը՝ Ռուբեն Քոչարի մեղադրանքների մասին
20.11.2024 | 18:19
Ռուսական ինքնաթիռից 250 կգ-անոց ռումբն ընկել է ՌԴ Բելգորոդի շրջանի դպրոցի վրա
20.11.2024 | 18:19
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանին
20.11.2024 | 18:11
Անկարան «Զանգեզուրի միջանցքը» Բաքվի հետ կարևոր տրանսպորտային նախագիծ է համարում, օդային տագնապ Կիևում․ ԼՈՒՐԵՐ
20.11.2024 | 18:09
Հաջորդ տարի կունենանք համապարփակ զեկույց․ ՀՀ-ում մեկնարկում է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի գնահատման գործընթաց
20.11.2024 | 18:00
Կրեմլը մերժել է Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու տարբերակը
20.11.2024 | 17:52
Փաշինյանը Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը
20.11.2024 | 17:44
ԱՄՆ-ն Ուկրաինայի ԶՈՒ-ին թույլատրել է բրիտանական Storm Shadows-ներով հարվածել Ռուսաստանի խորքին․ Times
20.11.2024 | 17:35
Քաղաքապետարանի նախկին գլխավոր մասնագետը ՀՀ-ին կվերադարձնի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վճիռ
20.11.2024 | 17:31
Պահանջում ենք դադարեցնել Ադրբեջանի դեմ քայլերը․ Բաքուն իր հերթին է Ֆրանսիայի դեսպանին կանչել ԱԳՆ
20.11.2024 | 17:25
Դավիթ Խուդաթյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից
20.11.2024 | 17:17
Ովքեր են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության եզրափակիչ  դուրս եկած Հայաստանի հավաքականի  մարզիկները
20.11.2024 | 17:05
Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսության․ ՀՀ նախագահը՝ դեսպանին
20.11.2024 | 16:54
«Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտի ամենամեծ նախագիծն է․ Թուրքիայի տրանսպորտի նախարար
20.11.2024 | 16:46
Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային հարձակման տագնապ է հայտարարվել
Բոլորը

1992 թվականի սեպտեմբերի 30-ին կնքվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին» պայմանագիրը։ Դրանով ՀՀ-ն լիազորում էր ՌԴ սահմանապահ զորքերին վերահսկել Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ սահմանները։

Միևնույն ժամանակ, սակայն, պայմանագրով սահմանվում էր, որ ՀՀ-ն «հաջորդաբար իր պահպանության տակ է վերցնում Թուրքիայի և Իրանի հետ սահմանները՝ կազմակերպելով դրանց պաշտպանությունը»։ Այսինքն, ռուս սահմանապահները ժամանակավորապես պետք է վերահսկեին հայ-թուրքական ու հայ-իրականական սահմանները։

Տարիների ընթացքում, սակայն, ռուսների կողմից հայկական սահմանները վերահսկելու գործընթացում այնպիսի զարգացումներ եղան, որոնք հակասել ու խախտել են վերոհիշյալ պայմանագրի դրույթները։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ամփոփել է ռուս սահմանապահների 30-ամյա գործունեությունն ու դրա խնդրահարույց դրվագները։

30 տարում ՀՀ-ն այդպես էլ չի վերահսկել Թուրքիայի և Իրանի հետ սահմանը

ԻՔՄ-ն, ուսումնասիրելով ռուս սահմանապահների վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագիրը, պարզեց, որ դրանով նախատեսված մի շարք միջոցառումներ ու գործողություններ այդպես էլ կյանքի չեն կոչվել։

Դրանցից ամենաակնառուն, թերևս, պայմանագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված գործողությունն է․ այն է նախատեսում է, որ ՀՀ-ն, սեփական սահմանապահ կառուցվածքների ստեղծմանը համընթաց, պետք է իր պահպանության տակ վերցներ իր արևմտյան ու հարավային սահմանների վերահսկողությունը։ Սակայն վերոհիշյալ պայմանագիրը կնքելուց 30 տարի անց էլ Իրանի և Թուրքիայի հետ սահմանի որևէ հատված չի անցել ՀՀ պահպանության տակ։

Ի պատասխան ԻՔՄ-ի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրված հարցմանը, թե ինչու ՀՀ-ն պայմանագրի կնքումից ի վեր չի վերահսկել նշված սահմանները կամ գոնե դրանց որոշ հատվածներ, գերատեսչությունից հայտնել են, որ «բարձրացված հարցը գտնվում է ՀՀ ԱԱԾ լիազորությունների շրջանակից դուրս»։

ԻՔՄ-ն նույն հարցը վերահասցեագրել է նաև ՀՀ կառավարությանը։ Պատասխանը ստանալուն պես այն կտեղադրվի հրապարակման մեջ։

Նույն հոդվածի 1-ին կետը նախատեսում է, որ պայմանագրի ստորագրման պահին ՌԴ սահմանապահ զորքերի «տեղաբաշխման վայրերը պահպանվում են մինչև ՀՀ և ՌԴ միջև հատուկ համաձայնագրերի կնքումը»։

Ի պատասխան ԻՔՄ հարցմանը, թե արդյո՞ք վերոհիշյալ պայմանագիրը կնքվել է, ԱԱԾ-ից բացասական պատասխան են տվել․ «հատուկ համաձայնագիր չի կնքվել»։

ԻՔՄ-ն պարզեց նաև, որ կյանքի չի կոչվել պայմանագրի 29-րդ հոդվածը, որը նախատեսում էր պայմանագրի կիրառման հետ կապված հարցերի լուծման համար Խառը հանձնաժողովի ստեղծում։ Դրա կազմում պետք է նշանակվեին կողմերից 3-ական ներկայացուցիչներ։ Հանձնաժողովը պետք է տեղակայվեր Երևանում։

Պայմանագրով նախատեսված միջոցառումներից մեկը, այնուամենայնիվ, իրականացվել է․ խոսքը 10-րդ հոդվածի մասին է, որով նախատեսվում է ռուս սահմանապահների ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովման հարցերի մասին համաձայնագրի կնքում։ Համապատասխան գործողությունն իրականացվել է 1994 թվականի հունվարի 25-ին։

Ուշագրավ է համաձայնագրի 1-ին հոդվածը, որը սահմանում է՝ «ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի ֆինանսավորումն իրականացնում են կողմերը մասնային մասնակցության հիման վրա (ռուսական կողմ՝ 50%, հայկական կողմ՝ 50%)»։

Ռուս սահմանապահների՝ Պայմանագրին հակասող գործողությունները 

«Զվարթնոցում» անձնագրեր ստուգող ռուս սահմանապահները

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մեկնող և ժամանող քաղաքացիների անձնագրային ստուգումները հաճախ ՀՀ ԱԱԾ սահմանապահների փոխարեն իրականացնում են մեր երկրում գտնվող ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահները:

Այս խնդրին ԻՔՄ-ն անդրադարձել է դեռևս 2015 թվականին։ Այն ժամանակ ԱԱԾ-ից մեր հարցմանն ի պատասխան պնդել էին, թե ՌԴ ԱԴԾ սահմանապահները ծառայություն են իրականացնում 1992 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված պայմանագրով:

Սակայն այդ պայմանագրի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ չկա այնպիսի մի դրույթ, որը ՌԴ սահմանապահներին իրավունք կտար որևէ ծառայություն իրականացնել Հայաստանի որևէ օդանավակայանում:

Փոխարենը, պայմանագրի 3-րդ հոդվածում հստակ ամրագրված է, որ «Թուրքիայի և Իրանի հետ սահմանի պահպանության հետ չկապված այլ խնդիրների կատարմանը (բացառությամբ տարերային աղետների, վթարների և այլ աղետների վերացման աշխատանքների) ՌԴ սահմանապահ զորքերը չեն ներգրավվում»:

Ավելին՝ նույն պայմանագրի 6-րդ հոդվածն ասում է․ «ՌԴ սահմանապահ զորքերը  մարդկանց, փոխադրամիջոցների, բեռների, ապրանքների և այլ իրերի բացթողումը իրականացնում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանի վրա գտնվող անցումային կետերով»:

Խոսքն այստեղ բացառապես Թուրքիայի և Իրանի սահմանների անցակետերի մասին է, և որևէ խոսք չկա օդանավակայաններում գործող անցակետերի մասին:

Անցակետ՝ Մեղրի-Ագարակ ճանապարհին

2022 թվականի օգոստոսին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին անցակետ տեղադրեցին՝   կանգնեցնելով ու ստուգելով ՀՀ քաղաքացիներին, ապա նոր թույլատրելով նրանց ազատ տեղաշարժը Մեղրիից դեպի Ագարակ։

Ըստ դաշնային ծառայության պարզաբանման՝ անցակետի տեղադրումը  «պայմանավորված է Իրանից ՀՀ թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ, ինչը ստեղծել է լարված օպերատիվ իրավիճակ»։ Ծառայությունից անգամ պնդեցին, թե «նախորդ տարի զինյալների սահմանախախտման փորձեր են արձանագրվել»։

Չնայած ռուսական կողմը խոսում էր պետական սահմանի մասին, սակայն անցակետերը տեղադրվել էին փաստացի ՀՀ բնակավայրերի միջև ՀՀ տարածքով անցնող ճանապարհի վրա։ Բարձրացված աղմուկի արդյունքում այդ անցակետերը դադարեցին գործել (բայց շարունակեցին գործել Մեղրի-Շվանիձոր ճանապարհի անցակետերը):

ԻՔՄ-ն այս հարցով դիմեց ԱԱԾ, թե իրավական ի՞նչ կարգավորումների հիման վրա է տեղադրվել նշված անցակետը։ Ծառայությունից հայտնեցին, թե Մեղրի և Ագարակ համայնքների միջև ճանապարհը գտնվում է հայ-իրանական պետսահմանի «սահմանային շերտում»։

Ապա, հղում անելով 1992-ի պայմանագրին և չնշելով որևէ հստակ դրույթ, պնդեցին, թե «սահմանային շերտում ՌԴ զորքերի կողմից վերահսկիչ կետերի տեղադրումը մտնում է սահմանի պահպանության ուղղությամբ իրականցվող գործողությունների շրջանակի մեջ»։ Պարզվեց նաև, որ ռուսաստանցի սահմանապահների առջև այդպիսի գործողությունները ՀՀ կառավարության կամ էլ որևէ այլ պետմարմնի հետ համաձայնեցնելու պահանջ դրված չէ։

Իրականում, 1992 թվականի համաձայնագրում ռուսաստանցի սահմանապահների նմանօրինակ գործունեությունը կարգավորող որևէ դրույթ չկա։ Նշված արարքը հակասում է միջպետական պայմանագրին և անօրինական է։

Արյուն և ապօրինություն միջադեպեր՝ ՌԴ սահմանապահների մասնակցությամբ

 

Սպանություններ, բռնություն

Ռուս սահմանապահների մասնակցությամբ արյունալի միջադեպ տեղի ունեցավ 1999 թվականին, երբ ռուսաստանցի երկու սահմանապահներ զինված դուրս եկան Գյումրիի փողոցներ և կրակ բացեցին պատահական անցորդների վրա։ Զինված միջադեպի հետևանքով զոհվեց ՀՀ երկու քաղաքացի։

2013 թվականին Սյունիքի մարզում միջադեպ գրանցվեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ռուսաստանցի սահմանապահների միջև։

Այդ ժամանակ համանուն կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ ՌԴ ԱԴԾ աշխատակիցները խոչընդոտել են Փոստանջյանի ու կուսակցության՝ Մեղրիում քարոզարշավ իրականացնող մյուս անդամների ազատ տեղաշարժվելու իրավունքը։

Նշված միջադեպի համար որևէ սահմանապահ պատասխանատվության այդպես էլ չենթարկվեց։

Ռուս սահմանապահները փախցնում են մարդասպան Պերմյակովին

2015 թվականի հունվարին ռուսաստանցի սահմանապահները Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտակայքից ՀՀ իրավապահներից փախցրեցին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար որոնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին։

Այս գործողությունը խախտում էր միջպետական մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ նաև 1992-ի սեպտեմբերի 30-ի՝ ռուս սահմանապահների վերաբերյալ պայմանագիրը՝ մասնավորապես դրա 3-րդ հոդվածը։ Դրանով սահմանվում է, որ սահմանապահների համար գերակա է Հայաստանի օրենսդրությունը, և եթե հակասություն կա Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրությունների միջև, ապա իրենք պետք է առաջնորդվեն ՀՀ օրենսդրությամբ:

Պայմանագիրը սահմանում է՝ սահմանապահները չեն կարող ներգրավվել որևէ գործունեության մեջ՝ բացառությամբ հայ-թուրքական, հայ-իրանական սահմանների պաշտպանության և բնական ու այլ տիպի աղետների հետևանքների վերացման:

Ներխուժում տներ, անձնական տվյալների արտահոսք

2015 թվականին ռուսաստանցի սահմանապահներն իրենց իրավունք վերապահեցին  ներխուժել Իրաքում պատերազմի հետևանքով տեղահանված և ՀՀ Արմավիրի մարզի Արաքս գյուղում օրինականորեն հաստատված եզդի փախստականների տուն, հավաքել նրանց անձնագրերը։

2016-ին պրոռուսական խմբերը հրապարակեցին ՀՀ սահմանային անցակետերը հատած քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների մասին տվյալները։ Համաձայն մամուլում հետաքննությունների՝ հիմնավոր կասկածներ կան, որ արտահոսքը կազմակերպվել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից, որը, ինչպես բացահայտվեց այդ օրերին, հայկական կողմի թողտվությամբ անարգել հասանելիություն ունի ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգին, այն է՝ ՀՀ սահմանը հատող բոլոր քաղաքացիների անձնական տվյալներին։

Այս հարցով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ժամանակին դիմել էր ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։

2017 թվականին ռուսաստանցի սահմանապահները Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի բնակիչներին չթույլատրեցին մոտենալ իրենց վերահսկողության տակ գտնվող՝ խմելու ջրի պոմպակայանին՝ այն վերանորոգելու նպատակով։ Դրա հետևանքով գյուղը 20 օր մնաց առանց խմելու ջրի։

Նանե Մանասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»