Եթե Մոսկվային հաջողվի «ծեծել» իր արևմտյան հարևանին, դա ուղերձ կլինի մյուսներին, թե ինչ կարող է պատահել իրենց հետ, եթե շեղվեն ռուսական օրակարգից․ էմիլ Ավդալիանի

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում միտումը կայուն լարվածության մեջ մնալն է, և եթե անգամ Ռուսաստանը ստանա էական զիջումներ, ինչպիսին է Կիևի կողմից պաշտոնապես ՆԱՏՕ-ից հրաժարվելը, Մոսկվան դժվար թե երկարաժամկետ հեռանկարում բավարարվի դրանով: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Վրաստանի Եվրոպական համալսարանի պրոֆեսոր, վրացական «Geocase» վերլուծական կենտրոնի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Էմիլ Ավդալիանին։

«Նպատակն Ուկրաինան ամուր կերպով ռուսական ազդեցության տակ առնելն է։ Բայց պատերազմի վախն իր հետևանքները կունենա նաև Ուկրաինայից շատ հեռու տարածաշրջանների վրա»,- նկատեց նա։

Ստեղծված իրավիճակը, Ավդալիանիի գնահատմամբ, փորձարկում է Հյուսիսատլանտյան վճռականությունը, նրա միասնությունը և ՆԱՏՕ-ի հիմքերը:

«Ռուսական հնարավոր ռազմական քայլը կանխելու ձախողումը կամ նման քայլի դիմելու ցանկության բացակայությունը, հավանաբար, կհանգեցնի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ներսում ներքին տարաձայնությունների սրմանը»,- նշեց նա։

Ըստ փորձագետի՝ հիմա ավելի կարևոր խնդիր է այն, որ եղած դժկամություններն ու երկմտանքը կազդեն այն երկրների վրա, որոնք ձգտում են դառնալ արևմտյան կազմակերպությունների անդամ, կամ որոնք Արևմուտքը դիտարկում են որպես արտաքին քաղաքականությունում հավասարակշռող գործիք ռուսական ազդեցության դեմ:

«Ուկրաինայի շուրջ սրացումներին հետևում են սևծովյան տարածաշրջանը և Հարավային Կովկասի երկրները, որոնք առավել խոցելի են Ռուսաստանի ազդեցության նկատմամբ: Ռուսական հարձակումը կանխելու ձախողումը և, ամենակարևորը, Կիևին վախեցնելու՝ Մոսկվայի ջանքերը ձախողելը խորը ազդեցություն կունենան արևմտամետ Վրաստանի և Մոլդովայի վրա՝ այդպես նաև որոշակի նշանակալի հետևանքներ ունենալով Կասպից և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների համար»,- ասաց նա:

Ավդալիանին ներկայացրեց այս երկրներում ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը՝ նկատելով, որ Ուկրաինա-Ռուսաստան դիմակայության հետևանքների վերաբերյալ հանրային բանավեճ հիմնականում այս տարածաշրջաններում չկա:

«Օրինակ, Վրաստանում քաղաքական գործիչներից քչերն են անկեղծ արտահայտվում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում: Պատճառները տարբեր են. վրացական քաղաքականության մեջ ներքին քննարկումները, անկասկած, շարժիչ ուժ կարող են լինել: Երկրորդ պատճառը կարող է լինել այս աշխարհաքաղաքական պայքարի մեջ ներքաշվելուց խուսափելը․ գուցե Թբիլիսին կարծում է, որ կարող է քիչ օգուտ ստանալ: Երրորդ պատճառը, այնուամենայնիվ, ռուսական հնարավոր հաշվեհարդարից վախն է»,- ասաց նա։

Անդրադառնալով Մոլդովային՝ Էմիլ Ավդալիանին նշեց՝ հետխորհրդային այս երկիրն էլ քիչ բան կարող է անել և, փաստորեն, երկիրը զգուշորեն նավարկում է՝ Մոսկվայի զայրույթը չառաջացնելու համար:

«Հայաստանն ու Ադրբեջանն ավելի շատ զբաղված են իրենց սահմանային և տրանսպորտային միջանցքի հարցերով։ Նրանցից յուրաքանչյուրը չի ցանկանում արժանանալ Ռուսաստանի բացասական վերաբերմունքին՝ Մոսկվայի գլխավորած երկաթուղու վերածննդի շուրջ ընթացող եռակողմ բանակցություններում»,- նշեց նա՝ նկատելով, որ այստեղ խնդիր է այն, որ Արևմուտքն է հեռու։

Վրացի վերլուծաբանի խոսքով՝ առավել շատ շահում են Հեռավոր Արևելքը, Կենտրոնական Ասիան, քանի որ հեռու են Ռուսաստան-Ուկրաինա «առեղծվածից»: Այնուամենայնիվ, ըստ նրա, այստեղ նույնպես, ռուսական ներխուժման դեպքում, երկրները կարող են ավելի շատ սպառնալիքներ ստանալ, քան օգուտներ, եթե դիվանագիտական աջակցություն ցուցաբերեն կողմերից որևէ մեկին։

«Ղազախստանը հատկապես խոցելի է ռուսական ճնշման նկատմամբ և հաճախ զայրանում է ռուս քաղաքական գործիչների ազգայնական հայտարարություններից, ըստ որոնց՝ Ղազասխտանը թույլ պետություն է»,- ասաց նա։

Էմիլ Ավդալիանին կարծում է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ռմբակոծումը շատ ավելի մեծ թափ կհաղորդի Կրեմլին, քան կարծում են շատ վերլուծաբաններ Արևմուտքում:

«Դա ազդեցության վերահաստատման տարբերակ է, որը դուրս է գալիս Ուկրաինայի սահմաններից և մոտավորապես ընդգրկում է այնպիսի տարածք, ինչպիսին ժամանակին կազմում էր Խորհրդային կայսրությունը: Եթե Մոսկվային հաջողվի «ծեծել» իր արևմտյան հարևանին, ապա դա ուղերձ կլինի այն մասին, թե ինչ կարող է պատահել մյուս հարևանների հետ, որոնք կշեղվեն ռուսական աշխարհաքաղաքական օրակարգից»,- ընդգծեց նա։

Հիմա, ըստ նրա, Մոսկվան հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ պատերազմի վախը նաև Չինաստանի կողմից կօգտագործվի որպես ուշադրությունը շեղելու միջոց՝ Թայվանի շուրջ ճնշումն ուժեղացնելու կամ, գուցե, նույնիսկ ավելի մեծ նպատակ դնելու համար:

«Չինաստանից եկող մարտահրավերը վճռորոշ է Վաշինգտոնի համար, և դրա վրա կենտրոնանալն իմաստ ունի: Բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանի քայլերի անտեսումն էլ կարող է ավելի տրավմատիկ լինել, քանի որ կբարձրանա չինական քաղաքականության արդյունավետությունը: ԱՄՆ-ի համար գնալով ավելի ու ավելի մեծ խնդիր է դառնում երկու ճակատների միջև ընտրություն կատարելու հարցը, և սա ենթադրում է ոչ թե պարտադիր ռազմական երկու ճակատ, այլ ընդհատվող ճնշում երկու ճակատների վրա»,- եզրափակեց վերլուծաբանը՝ նկատելով, որ այդ ճնշումները բաց հակամարտության չեն վերածվի, առավել հավանական է՝ խնդիրների կարգավորումը բանակցային ճանապարհով լինի։

Հռիփսիմե Հովհաննիսյան