Ուկրաինա ներխուժելն ամբողջությամբ կախված է մեկ մարդուց՝ Պուտինից, որն ապրում է իր իրականությունում․ մեծ է հավանականությունը, որ նա դեռ չի կայացրել այդ որոշումը․ վերլուծաբան

Լուրեր

15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
Բոլորը

Համաշխարհային ուշադրությունն այս պահին ուղղված է դեպի Արևելյան Եվրոպա։ Ուկրաինայի սահմաններում ռուսական տեխնիկայի կուտակումն Արևմուտքի անհանգստությունն է առաջացրել։ ԱՄՆ-ը շարունակում է պնդել՝ Ուկրաինա ներխուժումն «աղետալի է լինելու» Ռուսաստանի համար։ Մոսկվան էլ մեղադրում է Արևմուտքին սադրանքներ հրահրելու ցանկության մեջ և իր անվտանգության համար երաշխիքներ պահանջում։ Factor.am-ը ստեղծված իրավիճակի մասին զրուցել է «Ջեյմսթաուն» հիմնադրամի վերլուծաբան Քսենյա Կիրիլովայի հետ։

-Տիկի՛ն Կիրիլովա, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը վստահեցնում է, թե պատերազմ չի ուզում, զորքեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կարծում է՝ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա։ Որքանո՞վ եք հավանական համարում, որ Ռուսաստանն իսկապես այս անգամ ներխուժի Ուկրաինա:

-Շատ դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին, հատկապես, երբ խոսքը գնում է մի որոշման մասին, որն ամբողջությամբ կախված է միայն մեկ մարդուց, առավել ևս, որ նա ապրում է իր իսկ ստեղծած զուգահեռ իրականությանում։ Բացի այդ, մեծ է հավանականությունը, որ այդ անձը (իհարկե՝ խոսքը Վլադիմիր Պուտինի մասին է – Ք․Կ․) դեռ մինչև վերջ չի կայացրել այդ որոշումը։ Մի բան կարող ենք վստահաբար ասել, որ Կրեմլը լրջորեն մտածում է նման ներխուժման մասին և իսկապես պատրաստվում է դրան։ Հարցը միայն այն է՝ իր մտադրությունը կիրականացնի՞, թե՞ ոչ:

Առայժմ մենք կարող ենք վերլուծել միայն այն փաստերը, որոնք դրա հնարավորության վերաբերյալ դեմ կամ կողմ են խոսում: Բացի սահմանին զորքերի աննախադեպ կենտրոնացումից՝ հնարավոր ներխուժման օգտին խոսում է հենց Պուտինի մտածելակերպը։ Նրա բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ նա ինքն է հավատում անվերապահ թշնամու առկայության մասին իր շրջապատի և քարոզիչների ստեղծած առասպելին։ Նա ունի համոզմունք, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները վճռական են՝ ոչնչացնել Ռուսաստանը՝ անկախ նրանից, թե ինչ է նա անում: «Ինչ էլ անենք, մեզ դեռ կմեղադրեն և կոչնչացնեն» դիրքորոշումը հանգեցնում է նրան, որ Ռուսաստանի իշխանությունները հիմնականում չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են իրենց գործողությունները փոխում աշխարհում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը։

Հատկանշական է, որ ոչ միայն հեռուստատեսային քարոզիչները, այլ նույնիսկ ռուսական վերլուծական կենտրոնների փորձագետները, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի դասախոսները իրենց զեկույցներում սկզբունքորեն չեն նշում ռուսական ագրեսիայի գործոնը և դրա հետևանքները։ Թերևս, հենց դա էր, և ոչ Մայդանը, որ հանգեցրեց նրան, որ Ուկրաինան և այլ երկրներ այսօր թշնամաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Անվերապահ թշնամու այս հայեցակարգը սարսափելի է, քանի որ Պուտինը կարող է անկեղծորեն վստահ լինել, որ կորցնելու ոչինչ չունի, որ պատերազմով կամ առանց պատերազմի, Ռուսաստանը կկործանվի, և դա հնարավոր է միայն ուժով կանխել։

Երկրորդ՝ Պուտինը մարդկանց և ամբողջ ազգերին ընկալում է ոչ թե որպես սուբյեկտներ, այլ որպես ազդեցության օբյեկտներ, որոնք չունեն սեփական կամք։ Ելնելով դրանից՝ նա կարծում է, որ ԱՄՆ-ը կարող է իրեն «հատկացնել» ինչ-որ երկիր՝  ամբողջությամբ անտեսելով նրա բնակիչների կամքը, ինչը, բնականաբար, անհնար է ժամանակակից աշխարհում։ Երրորդ՝ Պուտինն իր ճորտատիրական տրամաբանությամբ այդպես է վերաբերում այն ամենին, ինչ ժամանակին ասոցացվում էր Ռուսաստանի հետ՝ լինեն դրանք Խորհրդային Միության տարածքներ, թե Ռուսաստանի նախկին քաղաքացիներ։ Աշխարհի մասին իր պատկերացումներում այդ ամենը պատկանում է Ռուսաստանին, քանի որ ճորտերը ժամանակին պատկանում էին հողատերերին, այդ «պատկանելությունից» փախչելու փորձը նրա կողմից դիտվում է որպես դավաճանություն։

Մտահոգիչ է նաև ռուսական քարոզչական հայեցակարգի փոփոխությունը, ավելի ճիշտ՝ երկու հասկացությունների համակեցությունը։ Դրանցից մեկը ռուսական ագրեսիան արդարացնելու կամ թաքցնելու՝ արդեն իսկ սովոր փորձերն են՝ առասպելներ ստեղծելով այն մասին, թե ինչպես է «նենգ Արևմուտքը» բացարձակապես անհիմն մեղադրում «խաղաղասեր» Ռուսաստանին ագրեսիայի մեջ։ Բայց սրան զուգահեռ՝ սկսվեց կոնկրետ պատերազմի քարոզչությունը։ Ռուսական հեռուստաալիքները մանրամասն քննարկում են Ուկրաինայի հնարավոր գրավման մանրամասները՝ այն անվանելով «ռազմաքաղաքական» կամ «ռազմապոլիսական» օպերացիա, իսկ քարոզիչներն անկեղծորեն խոստովանում են, որ Եվրոպայում պատերազմն այժմ չափազանց ոչ շահավետ է ամերիկացիների համար։ Սակայն նրանք կոչ են անում «անցնելու հարձակման»՝ պատերազմը համարելով «Ռուսաստանի ինքնիշխանությունն ամրապնդելու» և «աշխարհաքաղաքականության սուբյեկտ դառնալու» միակ ճանապարհը։

-Արևմուտքը հայտարարում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Ուկրաինա ներխուժման դեպքում։ Ձեր կարծիքով՝ սա կարո՞ղ է զսպող գործոն դառնալ Մոսկվայի համար։

-Այն համոզմունքը, որ Արևմուտքի պատժամիջոցները բավականաչափ կտրուկ չեն լինի, հատկապես՝ Ուկրաինա «փոքր» ներխուժման, ինչպես, օրինակ, Դոնեցկի և Լոգանսկի Ժողովրդական Հանրապետությունների սահմանների ընդլայնման դեպքում, կարող է նաև ուժեղացնել Պուտինի վճռականությունը։ Գերմանիայի դիրքորոշումն իր հերթին հստակ ցույց է տալիս, որ Եվրոպան միատարր չէ ռուսական ագրեսիային դիմակայելու վճռականության հարցում։ Բացի այդ, ՆԱՏՕ-ի երկրներին միտումնավոր անիրագործելի վերջնագիր ներկայացնելու փաստը, ավելի ճիշտ՝ այդ վերջնագրի կատարումից հրաժարվելը կարող է ներխուժման պատրվակ ծառայել։

Ներխուժման դեմ են այն փաստերը, որ Պուտինը հոգեբանորեն բավականին կախված է հենց ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացից։ Նա ինքնահաստատվում է․ ԱՄՆ-ն իր հետ, որպես իրավահավասար գործընկերոջ, քննարկում է նոր աշխարհակարգ։ Նա արդեն հասել է զենքի տեղակայման հարցում ԱՄՆ-ի զիջելու առնվազն պատրաստակամությանը, սակայն նրա հիմնական նպատակն է՝ ապահովել, որ Ուկրաինան երբեք չկարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Եթե ​​նրան թվում է, թե այդ նպատակին հասել է առանց անմիջական ռազմական միջամտության, ապա հավանականություն կա, որ բախում չի լինի։ Բացի այդ, Պուտինի օլիգարխներն ակնհայտորեն չեն ոգևորվի պատերազմի գաղափարով, իսկ ռուսական հասարակության մեջ մեծ պահանջարկ կա խաղաղության ու կայունության, և ոչ ամենևին ռազմական արկածախնդրության։

Խնդիրն այն է, թե կոնկրետ ի՞նչը կարող է Պուտինին համոզել, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Նա խոսքերին չի հավատում, իսկ արևմտյան երկրներն իրենց հերթին չեն կարող հրաժարվել Դաշինքի «բաց դռների» քաղաքականությունից։ Եվ սա կարող է դառնալ մեծ փակուղի, որից ելքը Մոսկվան տեսնում է միայն իր ավանդական «դրույքաչափերի բարձրացման» միջոցով։

-ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ իր հերթին հայտարարեց «շատ կոշտ տնտեսական պատժամիջոցների» մասին, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։ Կարո՞ղ է Պուտինին կանգնեցնել այս պատժամիջոցների մասին հայտարարությունը։

-Եթե ​​այդ պատժամիջոցները չներառեն SWIFT-ից (Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն) անջատում, չանդրադառնան «Հյուսիսային հոսք 2»-ի վրա, չնախատեսեն արտասահմանում գտնվող, ագրեսիայի մեջ ներգրավված որոշ անձանց ձերբակալություններ, մի խոսքով, պարզվի՝ ավելի մեղմ են, քան ի սկզբանե նախատեսված էր, ապա Պուտինը կարող է դրանք համարել ընդունելի գին ներխուժման համար:

-ՆԱՏՕ-ի երկրներն այժմ զենք են տրամադրում Ուկրաինային։ Սա ընդամենը ուժի ցուցադրությո՞ւն է, թե՞ Արևմուտքը մինչև վերջ կաջակցի Կիևին բոլոր հարցերում։

-Կախված է այդ հանգամանքից, թե ինչ ենք հասկանում՝ «աջակցություն բոլոր հարցերում» ասելով: Ուկրաինային զենքի մատակարարումները շատ իրական են և կարող են առանցքային դեր խաղալ, քանի որ դրանք կտրուկ մեծացնում են այն գինը, որը Ռուսաստանը պետք է վճարի հնարավոր ներխուժման դեպքում: Բայց Արևմուտքը չի թաքցնում, որ չի կռվի հենց Ուկրաինայի համար, իսկ ուկրաինացի զինվորականները, օրինակ, միշտ գիտեն դա՝ չունենալով պատրանքներ այդ հարցում։ Հիմնական խնդիրը պատժամիջոցներն են, որոնք պատրաստ է կիրառել Արևմուտքը նոր ներխուժման դեպքում։ Եթե ​​դրանք բավական լուրջ լինեն, ապա դա կարող է լինել Կրեմլին զսպող միակ արդյունավետ միջոցը:

-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գրավոր երաշխիքներ է պահանջում, ինչպես, օրինակ, ՆԱՏՕ-ին անդամակցությունից Կիևի հրաժարումն է։ Ինչ եք կարծում՝ ինչպիսի՞ն է Արևմուտքի դիրքորոշումն այս հարցում։

-Ինչպես ասացի՝ Արևմուտքը կառուցված է իրավական սկզբունքների վրա, որոնք անհնարին են դարձնում նման երաշխիքներ տալը։ Նախ՝ ոչ մի այլ երկիր իրավունք չունի Ուկրաինայի փոխարեն որոշելու՝ արդյո՞ք նա պետք է ձգտի ՆԱՏՕ-ին անդամակցության, թե՞ ոչ։ ՆԱՏՕ-ի երկրները կարող են չընդունել Ուկրաինային Դաշինքի կազմում, բայց միայն Կիևն է որոշում՝ դիմե՞լ նման անդամակցության: ԱՄՆ-ն իր հերթին չի կարող որոշել ՆԱՏՕ-ի մյուս անդամների փոխարեն, թե ովքեր պետք է կառույցի անդամ դառնան: Այս հարցը քննարկվում է համատեղ:

Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ Արևմտյան Եվրոպայի երկրները չեն թաքցնում, որ մոտ ապագայում պատրաստ չեն դաշինքում տեսնել Ուկրաինային և Վրաստանին, թեկուզ այն պատճառով, որ այս երկու երկրներն էլ արդեն ռազմական հակամարտության մեջ են Ռուսաստանի հետ, և նրանց տարածքի մի մասն օկուպացված է Մոսկվայի կողմից։ Ուստի, ՆԱՏՕ-ի կազմում այդ երկրների ընդգրկումը ինքնաբերաբար նշանակում է, որ նրանց նկատմամբ պետք է կիրառվի Դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածը։ Այսպիսով, ՆԱՏՕ-ի մյուս երկրները ստիպված կլինեն պատերազմել Ռուսաստանի հետ, ինչը, բնականաբար, նրանք չեն ցանկանում։ Բայց դժվար թե Արևմուտքը պատրաստ լինի ավելի հեռուն գնալ, քան զգուշավոր հայտարարություններն են այս պահին ՆԱՏՕ-ում այդ երկրներին ընդունելու աննպատակահարմարության մասին։ Ի դեպ, եթե չլիներ 2014 թվականի ռուսական ագրեսիան, ուկրաինացիները երբեք չէին փորձի անդամակցել ՆԱՏՕ-ին։ Եվ սա հասկանում են բոլորը՝ բացի Պուտինից։

-Տիկի՛ն Կիրիլովա, ինչ եք կարծում՝ Ռուսաստանը կներգրավի՞ ՀԱՊԿ-ին Ուկրաինայի հետ իր հակամարտությունում, ինչպես դա արեց Ղազախստանի դեպքում։ Ձեզ համար որքանո՞վ է հավանական, որ ՀԱՊԿ անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, ներգրավված կլինեն Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններում։

-Կարևոր է հասկանալ, որ իրականում ՀԱՊԿ չկա։ Նույնիսկ կրեմլամետ որոշ վերլուծաբաններ ընդունում են, որ գոյություն ունի միայն աշխարհաքաղաքական հորինվածք։ ՀԱՊԿ-ում բացակայում են հիմնական ենթակառուցվածքները՝ շտաբներ, հրամանատարության և կառավարման համակարգեր, հաղորդակցություն, կապի և կառավարման ընդհանուր ստանդարտներ և այլն։ Սա, ըստ էության, ինչ-որ կազմակերպչական ծածկույթ է նույն ռուսական բանակի համար, գումարած՝ բելառուսականը, որը, ըստ էության, արդեն քիչ է բաժանված Ռուսաստանից։ Բայց այո՛, իր գործողությունները լեգիտիմացնելու համար Ռուսաստանը կարող է լավ օգտագործել ՀԱՊԿ-ը, ինչպես դա եղավ Ղազախստանում։ Ի դեպ, հակառակ տարածված կարծիքի, թե, իբր, Չինաստանը ստիպել է Ռուսաստանին հեռանալ, Ղազախստանից իմ աղբյուրները հայտնում են, որ ռուսական ուժերի զգալի մասը մնացել է երկրում, և հենց նրանք են այժմ վերահսկում «զտումները», որոնք տեղի են ունենում Ղազախստանի ուժային կառույցներում։

Հռիփսիմե Հովհաննիսյան