ԵՄ-ում գնալով ավելի լավ են հասկանում, որ ՀՀ-ն կանգնած է ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առջև․ ի՞նչ ուղերձներ էր պարունակում Եվրախորհրդարանում քննարկումը

Լուրեր

15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Երեկ Եվրախորհրդարանում Արցախյան 44-օրյա պատերազմի և դրանից հետո ստեղծված իրավիճակի թեմայով կարծիքների փոխանակում էր։ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպմանը նախորդած այս քննարկմանը, կարծես թե, ուրվագծվում էին եվրոպացի քաղաքական գործիչների և պաշտոնյաների մոտեցումներն ու մտավախությունները Արցախյան վերջին պատրազմից հետո իրենց հարևանությունում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցողի վերաբերյալ։

Եվրոպացի պատգամավորներին հուզող հարցերից էին Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության աճն այս տարածաշրջանում, ռազմագերիների ճակատագիրը և այն, թե, ի վերջո, ինչ դիրքորոշում է որդեգրելու Եվրամիությունը Արցախյան պատերազմից հետո «ճնշող թեմա» դարձած, այսպես կոչված, «միջանցքների» վերաբերյալ։  Քննարկմանը եվրոպացի գործիչների ելույթներում հստակորեն և անընդհատ հնչում էր հարցադրումը՝ ի՞նչ և ինչպե՞ս պետք է անի Եվրամիությունը՝ մեր տարածաշրջանում առավել ակտիվ լինելու, իրավիճակը կայունացնելու համար։ Այստեղ միակարծիք էինք՝ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ, դրա կարգավորման գործընթացը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

ԵՄ պատգամավորների և պաշտոնյաների ելույթներից հատվածներ

Իսպանիայի Սոցիալ-աշխատավորական կուսակցությունից պատգամավոր Սանչես Ամորը քննարկմանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփման գիծը պետք է դառնա ընդունված պետական սահման։

«Մեր շատ գործընկերներ նշում են, որ մեզ դուրս են թողել բանակցություններից, սակայն մենք այնտեղ էինք։ Այնպես որ՝ մենք չէինք կարող դուրս մնալ: Մենք այժմ պետք է վերադասավորենք Մինսկի խումբը։ Մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք Ռուսաստանին ընդունում ենք որպես միջնորդ, թե՞ ոչ։ Մենք ցանկանո՞ւմ ենք նրա հետ միասին միջնորդ լինել։ Մենք ցանկանո՞ւմ ենք ընդունել փաստը, որ ՌԴ-ն միակ միջնորդն է և պայմանագրի միակ պահապանը, մենք պետք է հստակեցնենք մեր դիրքորոշումը։ Անկասկած, մենք կարող ենք մեր օգնությունը տրամադրել մեր հարևանների ծրագրի շրջանակներում՝ փորձելով առաջ մղել օրակարգի որոշ հարցեր։ Ըստ իս՝ շփման գիծը պետք է դառնա ընդունված պետական սահման՝ խնդիրը լուծելու համար։ Կցանկանայի մեր գործընկերներին հարցնել «միջանցքների մասին»։ Դուք համարո՞ւմ եք, որ միջանցքի գաղափարն ընդգրկված է եղել անցյալ տարվա համաձայնագրի մեջ, թե՝ ոչ։ Ո՞րն է մեր դիրքորոշումը»,- հարցեր հնչեցրեց նա։

Պատգամավորներից Բերնարդ Գետտան (Ֆրանսիա) նկատեց, որ ԵՄ-ն չափացանց ցածր ներգրավվածություն ունի պատերազմից հետո եղած խնդիրների լուծման գործընթացներում։

«Ինչպես մյուս ելույթ ունեցողները՝ ես նույնպես խորհուրդ եմ տալիս կենտրոնանալ ռազմագերիների ու ականների խնդրի վրա։ Դա մեզ հնարավորություն կտա խնդրել Ադրբեջանին ու Հայաստանին՝ անել ինչ-որ բան»,- հայտարարեց պատգամավորը՝ նշելով, որ այս հակամարտության արմատները գնում են դեպի Խորհրդային միության տարիներ, երբ, Ստալինի որոշմամբ, սովետական մի հանրապետությունից բնակչության մի մասը տեղափոխվում էր մեկ այլ հանրապետություն։

«Ճգնաժամը լուծելու համար բանակցությունների սեղանին պետք է դրվի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Նախիջևանի հարցը»,- ասաց նա։

Իռլանդիան ներկայացնող Միք Ուոլեսն էլ հարց հնչեցրեց՝ արդյո՞ք ԵՄ-ն ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ շփումներ ունի Թուրքիայի հետ։

«Մի փոքր զարմացած եմ, որ այսքան քիչ է խոսվում Թուրքիայի մասին։ Թուրքիան ԵՄ գործընկերն է։ Թուրքիան այդ հարցում կարևոր դեր է խաղում։ Իմ հարցը կայանում է նրանում՝ արդյո՞ք այս հարցի վերաբերյալ ԵՄ-ն Թուրքիայի հետ շփումներ ունի»,- հարցրեց նա։

Էստոնացի պատգամավոր, Կովկասում ԵՄ պատվիրակության անդամ Մարինա Կալիուրանդն էլ, որը տեսակամուրջով էր միացել քննարկմանը, հայտարարեց, որ հրադադարից մեկ տարի անց իրավիճակը վատացել է։

«Ես երկկողմ հանդիպումներ եմ ունեցել ՀՀ արտգործնախարարի, Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ: Եվ կարող եմ իմ սուբյեկտիվ կարծիքը հայտնել, որ այսօր այնքան էլ մեծ ախորժակ չեմ տեսնում հաշտեցման համար»,- ասաց նա։

Եվրոպացի պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանի կողմից նոր միտում է նկատվում․ այն մերժում է բանակցությունների օրակարգում դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, նրանք փորձում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունն ավելի ընդարձակ ներկայացնել։

«Հայաստանի ու Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին վերջին միջադեպերի միտումը ևս մտահոգիչ է։ Դեռևս կան ռազմագերիներ ու այլ պահվող անձինք, իսկ վերջին ռազմական գործողություններից հետո դրանց թիվն ավելացել է»,- հայտարարեց Մարինա Կալիուրանդը։

Այսպես կոչված, «միջանցքների» մասին հայտարարությունները, ըստ նրա, ճնշում են առաջացնում գործընթացի վրա։

«Ի՞նչ կարող ենք մենք ավելին անել։ Իհարկե, ուժը նրա ձեռքում է, ով զորք ունի այնտեղ, բայց դա մեզ չի ազատում պարտավորությունից։ Գերիների հարցը, սահմանային լարվածության հարցը որոշվում է  Ռուսաստանի միջնոդությամբ, ԵՄ-ն կողքից է նայում։ Իմ հարցը հետևյալն է՝ որտե՞ղ, ի՞նչ և ինչպե՞ս մենք պետք է անենք ավելի լավ»,- ասաց նա՝ հայտարարելով, որ պետք է ընդունվի նաև, որ ԼՂ հիմնահարցը դեռ լուծված չէ, և հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Հարկ է նկատել, որ Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դևինն իր խոսքում բավականին հասցեական արտահայտվեց՝ հայտարարելով, որ հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերն անհանգստացնող են։

«Միջադեպերը գրանցվել են ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանին»,- նկատեց նա՝ նշելով, որ դրանց ԵՄ ինստիտուտները համապատասխան արձագանք են տվել։

Անդրադառնալով «միջանցքի» վերաբերյալ Բաքվից հնչող պնդումներին՝ Եվրամիության արտգործնախարարության ներկայացուցիչն ընթերցեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ փաստելով, որ այնտեղ խոսվում է ոչ թե միջանցքի, այլ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։

««Միջանցքն» ընդունելի չէ Հայաստանի համար, քանի որ Հայաստանը կորցնում է այդ ճանապարհի վրա վերահսկողությունը, որը պետք է միացնի Ադրբեջանը Նախիջևանին, իսկ հետագայում՝ նաև Թուրքիային»,- նկատեց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի այն հայտարարություններին, թե ԼՂ հակամարտությունն այլևս կարգավորված է, Լյուկ Դևինը նշեց․ «Չնայած Ադրբեջանը հայտարարում է, որ հակամարտությունը լուծված է, սակայն վերջին բախումները հակառակը ցույց տվեցին»։

Քաղհասարակության ներկայացուցչի խոսքով՝ Եվրամիության պաշտոնյաներն այսուհետ ավելի հետևոական կլինեն իրենց քաղաքականությունում

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ Եվրամիությունում գնալով ավելի լավ են հասկանում, թե այստեղ ինչ է տեղի ունենում, և որ Հայաստանը կանգնած է ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առջև։ Factor.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ ԵՄ-ում նաև սկսել են հասկանալ, որ Ադրբեջանն ընդամենը գործիք է դարձել Ռուսաստանի ձեռքում՝ Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու հարցում։ Նա նման գնահատականներ հնչեցրեց՝ հաշվի առնելով նաև Եվրախորհրդարանում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ եղած գնահատականները։

«Կարծում եմ, որ Եվրամիության պաշտոնյաներն այսուհետ ավելի հետևողական կլինեն իրենց քաղաքականության մեջ»,- ասաց նա։

Եվրամիության կողմից դիրքորոշման հստակեցման հարցում, ըստ նրա, դեր խաղաց նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվությունը եվրոպական հարթակներում։

«Հայտնի է, որ վերջերս Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն էր տարածել՝  քննադատելով նաև Եվրամիության պասիվ կեցվածքը և իրավիճակին համարժեք գնահատական չտալը։ Նաև այս օրերին, արդեն երեք օր է, տեղի է ունենում ԱլԳ ՔՀ ֆորումի տարեկան առցանց համաժողովը, որի ընթացքում կա հնարավորություն հանդիպելու եվրոպացի պաշտոնյաների հետ թե՛ ընդհանուր հարթակներում, թե՛ առանձին հայաստանյան պլատֆորմի ձևաչափերով։ Երկու դեպքում էլ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բավականին ակտիվ էին և քննադատում էին Եվրամիության պաշտոնյաներին՝ պասիվ դիրքորոշման համար։ Սա ևս իր դրական ազդեցությունը կթողնի Եվրամիության դիրքորոշման վրա»,- ասաց նա։

Հովսեփ Խուրշուդյանը նկատեց, որ մինչև հիմա, մասնավորապես, Եվրահանձնաժողովի Արտաքին գործողությունների ծառայությունը հայտարարում էր, որ ԵՄ-ն մաս չի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում, այն ամբողջությամբ տրված է ԵԱՀԿ-ին։

«Մենք՝ քաղհասարակության ներկայացուցիչներս, մշտապես պնդում ենք, որ նման հայտարարությունն ընդամենը կարող է իրենց պասիվությունն արդարացնելու նպատակ հետապնդել։ Այն, որ Եվրամիությունը պաշտոնապես հիմնախնդրի կարգավորման մաս չի կազմում, ճշմարիտ է, բայց պետք է հաշվի առնել, որ Եվրամիության Արևելյան գործընկության ծրագրի մաս են թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը։ Եվ Ադրբեջանն ունի ստանձնած պարտավորություններ Եվրամիության առջև։ Դեռ չեմ խոսում Եվրախորհրդի ու ԵԱՀԿ-ի շրջանակում նրա ստանձնած պարտավորությունների մասին, որոնք եթե չի կատարում, ուրեմն Եվրամիությունը պետք է կոշտ արձագանքի դրան՝ կա՛մ պատժամիջոցներ կիրառի, կա՛մ առնվազն հստակ գնահատականներ տա»,- ասաց նա՝ նկատելով, որ, կարծես թե, վերջինն այս պահին արվում է․ Եվրամիության գնահատականները Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ ավելի հստակ ու հասցեական են դառնում։

Ըստ նրա՝ եթե Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն ու քայլերը շարունակվեն, Եվրամիության հաջորդ քայլը կլինի պատժամիջոցներ կիրառելը։

«Միանշանակ, Հայաստանի համար բարեպաստ իրավիճակ է ստեղծվել․ վերջապես Եվրամիությունը սկսեց նաև ավելի հստակ կեցվածք ընդունել, այսպես կոչված, «միջանցքի», Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի ծավալած գործողությունների մասին։ Չեմ ցանկանում դա որակել որպես հայանպաստ դիրքորոշում․ այն միջազգային իրավունքին և եվրոպական չափանիշներին համապատասխնող դիրքորոշում է»,- ասաց նա։

Հովսեփ Խուրշուդյանը սակայն ցավով նկատեց, որ Եվրամիությունից եկող ազդակներին դեռևս հայկական կողմից եղած արձագանքներն են շատ պասիվ։

«Շատ կրավորական են Հայաստանի իշխանությունների քայլերը ստեղծված հնարավորություններից օգտվելու համար, հատկապես՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացներում Եվրամիության և ԵԱՀԿ փորձագետներին ներգրավելու տեսանկյունից, ինչը Հայաստանի համար խիստ կարևոր է։ Մենք ունենք շատ լավ միջազգայնագետներ, քաղաքագետներ, միջազգային իրավունքի մասնագետներ, որոնք փորձում են Հայաստանի իշխանություններին հասցնել տարբեր բանաձևեր, ներկայացել ձևաչափեր, որոնք Հայաստանը կկարողանա իրականացնել և հնարավորինս չբախվել Ռուսաստանի հետ կապված ռիսկերին: Բայց Հայաստանի իշխանությունները հիմնականում անհաղորդ են մնում դրանց: Տպավորություն է, որ նրանք կարծում են, որ լավագույն միջազգայնագետները, քաղաքագետներն իրենք են, ոչ մեկի կարծիքը լսելու կարիքը չունեն և գցել-բռնելով են որոշումներ կայացնում, իսկ դա անընդունելի է»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե հաշվի առնելով արդեն եղած միտումները, ի՞նչ է կարծում դեկտեմբերի 15-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը ԵՄ-ն առաջարկներ կողմերին անելու է, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահը նշեց․ «Առաջարկ անողը մե՛նք պետք է լինենք, մե՛նք ենք ներգրավված հակամարտությունում և մե՛նք պետք է մեր գործընկերներին՝ թե՛ Եվրամիությանը, թե՛ Միացյալ Նահանգներին առաջարկներ անենք։ Այնպես չի լինի, որ մենք ոչինչ չանենք, բայց մեր փոխարեն մեր գործն անեն։ Եվրամիությունը բարեգործական հիմնադրամ չէ։ Հասկանալի է, որ Եվրամիության համար միջազգային իրավունքը շատ կարևոր է, բայց այն միակողմանի պաշտպանել հնարավոր չէ, մենք ինքներս պետք է միջազգային իրավունքի շրջանակում մեր երկրի իրավունքները պաշտպանելու քաղաքական կամք ցույց տանք, որ իրենք էլ օգնեն մեզ։ Դրա պատրաստակամությունը նրանք անընդհատ հայտնում են։ Շառլ Միշելի հանդիպումն էլ այդ պատրաստակամության դրսևորումներից է»։

Հռիփսիմե Հովհաննիսյան