Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները. պե՞տք է վստահել Էրդողանին
Քաղաքականություն
11.09.2021 | 14:33Սեպտեմբերի 8-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Թուրքիայի նախագահի հայտարարություններում տեսնում է հարևան երկրի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն։ Նրա այս հայտարարությունը դարձավ բուռն քննարկման թեմա հայ քաղաքական, վերլուծական շրջանակներում՝ պատճառ դառնալով երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման տապալված փորձերի մասին հիշողության թարմացման։
Factor.am-ը ուսումնասիրել է երկու երկրների հարաբերություններում վերջին տասնամյակներում առկա խնդիրները, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառները։ Ներկայացնում ենք նաև հայ և թուրք վերլուծաբանների գնահատականը հայ-թուրքական հնարավոր հաշտեցման վերաբերյալ։
Հայ-թուրքական հարաբերությունները անկախության առաջին տարիներին
Թուրքիան առաջին երկրներից է, որ 1991 թվականին դե ֆակտո ճանաչել է Հայաստանի անկախությունը, սակայն հրաժարվել է դե յուրե ճանաչումից՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց։ Հրաժարվելով նաև գործարկել թուրք-հայկական երկու սահմանադռները՝ Ալիջան-Մարգարան և Դողուքափր-Ախուրիկը, առաջ է քաշել երկու նախապայման․ Հայաստանը պետք է ճանաչի հայ-թուրքական սահմանը, որը հաստատվել էր Կարսի 1921թ․ պայմանագրով, այսինքն՝ հրաժարվի տարածքային պահանջներից և դադարեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։
Հարաբերությունների հաստատման համար երրորդ և ամենահիմնական նախապայմանը՝ Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքների հանձնումն է Ադրբեջանին, որը Թուրքիան առաջ է քաշել 1993-ից հետո, երբ հայկական ուժերը մտան Քարվաճառ։
2001-2006 թթ. հայ- թուրքական հաշտեցման փորձ է արվել երկու երկրների անկախ գործիչներից կազմված հանձնաժողովի կողմից։ 2001 թվականին Ժնևում հայտարարվել էր բարձր մակարդակի հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ստեղծման մասին։ Հանձնաժողովը հրապարակել էր իր գործունեության հիմնական սկզբունքները, որոնք համաձայնեցված էին 2001 թվականի հուլիսի 9-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հայերի և թուրքերի միջև, որոնք, հանդես գալով անձնական նախաձեռնությամբ, համաձայնել էին ստեղծել Հաշտեցման հանձնաժողով։ Հաշտեցման հանձնաժողովի նպատակն էր խթանել թուրքերի ու հայերի միջև փոխըմբռնման ու բարի կամքի զարգացումը, նաև խրախուսել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը։ Հանձնաժողովի հիմնադիր-անդամներից էր ՀՀ նախկին փոխարտգործնախարար, այժմ Դանիայի թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ Նախաձեռնությունը չկարողացավ ապահովել սպասված արդյունքները՝ թուրքական կողմի ոչ կառուցողական մոտեցման, Հայց ցեղասպանության ժխտման քաղաքականության պատճառով։
Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման փորձերը
1991-ից ի վեր Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերությունների հաստատման մի շարք փորձեր են արել, որոնք ձախողվել են, քանի որ Անկարայի կողմից առաջ են քաշվել նախապայմաններ։
Առաջին փորձը արվել է 1992-1993 թթ.։ Հայ և թուրք դիվանագետների կազմած հարաբերությունների հաստատման արձանագրությունը կիսատ մնաց այն բանից հետո, երբ հայկական ուժերը 1993-ի ապրիլին մտան Քարվաճառ, որին ի պատասխան Թուրքիան փակեց Հայաստանի հետ կիսաբաց սահմանը:
Երկրորդ փորձը տեղի ունեցավ 2005-2007 թթ., երբ հայ-թուրքական խորհրդապահական բանակցություններն ընթանում էին փոխարտգործնախարարների մակարդակով: Այս ընթացքում տեղի էին ունենում նաև արտգործնախարարներ Աբդուլլահ Գյուլի և Վարդան Օսկանյանի հանդիպումները։ Այս անգամ էլ Թուրքիան կրկին բանակցությունների օրակարգ բերեց նախապայմանները:
Երրորդ փորձը տեղի ունեցավ 2008-2009 թթ: Նախաձեռնել էր նախագահ Սերժ Սարգսյանը։ Պատմության մեջ այդ գործընթացը մնաց «ֆուտբոլային դիվանագիտություն» անվամբ․ որպես հաշտեցման դրսևորում՝ նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Սերժ Սարգսյանը փոխայցելություններ կատարեցին Երևան և Բուրսա՝ միասին դիտելու Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումները։
2009-ի հոկտեմբերին էլ Ցյուրիխում ստորագրվեցին հարաբերությունների կարգավորման երկու արձանագրությունները, սակայն Թուրքիան հրաժարվեց վավերացնել դրանք՝ կրկին առաջ քաշելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող իր նախապայմանները։
Արձանագրությունները ստորագրելուց 9 տարի անց Սերժ Սարգսանը հիշեցրեց, որ ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Թուրքիան շարունակի իր քաղաքականությունը՝ չկատարի իր ստանձնած պարտավորությունները, Հայաստանը «2018 թվականի գարուն առանց արձանագրությունների է մտնելու»։ 2018 թվականի մարտի 1-ին էլ երրորդ նախագահը կատարեց իր խոստումը՝ «առ ոչինչ» ճանաչելով դրանք։
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը
2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մինչ պատերազմը խուսափել է Թուրքիայի հասցեին կոշտ գնահատականներ տալուց։ Մեկ անգամ չէ, որ Երևանից հնչել է պատրաստակամություն՝ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Թուրքիայի հետ հարաբերությունների ավելի հստակ տեսլականը պարզ դարձավ մինչ 44-օրյա պատերազմը, երբ Անվտանգության խորհուրդը հրապարակեց ՀՀ անվտանգության նոր հայեցակարգը, որտեղ ներկայացված էր Թուրքիայի հետ մեր հարաբերությունների մասին ներկայիս իշխանությունների վերաբերմունքը։
Այստեղ նշված էր, որ Թուրքիան Հայաստանի հանդեպ վարում է «ոչ բարիդրացիական» քաղաքականություն՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, հրաժարվելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց նախապայմանների, ժխտելով, իսկ առանձին դեպքերում նաև արդարացնելով Հայոց ցեղասպանությունը։
«Միաժամանակ, Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունն Ադրբեջանին ավելի է ուժեղացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի հավակնությունները։ Հատկապես խնդրահարույց է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնման դեպքում Թուրքիայի քողարկված կամ բացահայտ միջամտության պատրաստակամությունը»,- նշված էր հայեցակարգում։
Նաև ներկայացված էր՝ հարևան երկրների և ժողովուրդների հանդեպ Թուրքիայի կողմից անօրինական ուժի կիրառումն իր հերթին վտանգում է ավելի լայն տարածաշրջանի կայունությունը և առավել անկանխատեսելի է դարձնում նրա հնարավոր գործողությունները Հայաստանի հանդեպ:
Անվտանգության հայեցակարգի համաձայն՝ Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել մեզ համար այն դեպքում, երբ կվերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը:
Նախորդ տարի սեպտեմբերին Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Թուրքիան ուներ իր անմիջական և նշանակալի մասնակցությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել՝ ակնհայտ է, որ Թուրքիան է պատերազմի հովանավորը։
Հայ-թուրքական հաշտեցման ազդակներ
44-օրյա արցախյան պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) ստորագրելուց հետո, որտեղ ներառված կետերից մեկը վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, առավել ակտիվացել են նաև հայ-թուրքական սահմանների բացման մասին խոսակցությունները։
Վերջերս էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Էրդողանը հույս էր հայտնել, թե Հայաստանի նոր կառավարության գործունեությունն օգտակար կլինի տարածաշրջանի համար:
«Մեր տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա: Չնայած կարծիքների և ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա», – ասել էր նա։
Թուրքիայի նախագահի հայտարարություններին արձագանքել էր պաշտոնական Երևանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ դրանցում տեսնում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն:
«Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրվածի ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ: Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանը արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը: Եվրամիությունը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է»,- ասել էր վարչապետը:
Թուրք պատմաբանի առաջարկը՝ հայ-թուրքական սահմանադուռը կոչել Հրանտ Դինքի անունով
Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի խոսքով՝ ինքը կողմ է պետությունների միջև ցանկացած մերձեցմանը։ Նա Factor.am-ի հետ զրույցում նկատում է, որ անկախությունից ի վեր Հայաստանը հանդես է գալիս Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու օգտին, սակայն Թուրքիան է, որ մերժում է առաջարկը։
«Հիմա շատ ցավալի վիճակում է հայտնվել Հայաստանը։ Ես ամբողջությամբ սատարում եմ Հայաստանի կառավարության ջանքերը՝ կարգավորելու Թուրքիայի հետ հարաբերությունները՝ ենթադրելով, որ Թուրքիան նույնպես պատրաստ է դրան»,- ասում է նա։
Նշում է՝ միշտ ավելի լավ կլինի, որ Հայաստանը շրջապատված լինի երկրներով, որոնց հետ ունի կանոնավոր հարաբերություններ, քան թշնամական երկրներով։ «Իմ ուղերձը հետևյալն է՝ երկու երկրները որքան հնարավոր է շուտ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, և սահմանները պետք է անմիջապես բացվեն, իսկ սահմանադուռը պետք է լինի Հրանտ Դինքի անունով։ Հրանտ Դինքը պետք է լինի կամուրջ երկու ազգերի միջև»,- ասում է նա։
Պոլսահայ խմբագրի խոսքով՝ ՀՀ իշխանությունները ուշացրել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թուրքիայում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանի խոսքով՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, նոր իրավիճակով պայմանավորված, հայ-թուրքական հարաբերությունները վերանայման խնդիր ունեն։ Նա Factor.am-ի հետ զրույցում նկատում է` այն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանի մակարդակով ներկայացվել է մտադրություն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, նշանակում է՝ հասունացել է ժամանակը, կա քաղաքական կամք՝ վերակազմակերպելու գործընթացը։
«Թուրքիայի նախագահը խոսում է տարածաշրջանում 6 երկրների համագործակցությամբ նախագծի իրականացման մասին։ Այդ փոխշահավետ համագործակցության արդյունքում տարածաշրջանում կարող է կայունություն և խաղաղություն լինել»,- ասում է նա։
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայից եկող ազդակներին արձագանքելուն՝ Արա Գոչունյանը նկատում է՝ մինչ պատերազմը ժողովրդավարական ճանապարհով ընտրված, բարձր լեգիտիմություն ունեցող Նիկոլ Փաշինյանը ավելի հեշտությամբ կարող էր հասարակությանը ներկայացնել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը։
«Ժողովրդի անվերապահ աջակցությունն ունեցող Նիկոլ Փաշինյանը կարող էր հեռատես քաղաքական գործչի դիրքերից հանդես գալ և լուծել Հայաստանի համար ամենակճնռոտ հարցերից մեկը․ քաղաքական կամք դրսևորեր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Հիմա՝ հետպատերազմյան իրավիճակում է Նիկոլ Փաշինյանը ձգտում Անկարայի հետ հարաբերությունները կարգավորել։ Նախաձեռնությունը, իհարկե, ողջունելի է, բայց դրա իրականացման ժամկետը խնդրահարույց է, որովհետև հայ հասարակության համար հիմա այդ հարցը շատ ցավոտ է։ Հիմա՝ Արցախյան 2-րդ պատերազմից հետո, հայ հասարակության վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ առավել զգուշավոր է»,- ասում է նա։
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում, ըստ Արա Գոչունյանի, հիմա տեսականորեն հնարավոր է՝ քաղաքական կամքի դրսևորման պարագայում։ «Հնարավոր է, որ գործընթացն արագացվի նաև ստեղծված իրավիճակի պարտադրանքով պայմանավորված»,- ասում է նա։
Արա Գոչունյանի դիտարկմամբ՝ հիմա իր ինքնիշխանության պահպանման, սահմանների անվտանգության ապահովման, միջազգային ասպարեզում սեփական դիրքն ունենալու համար է պետք, որ Հայաստանը կարգավորի հարաբերությունները հարևանների հետ։
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Հայաստանը պետք է գնա հարաբերությունների կարգավորման՝ ընդունելով Թուրքիայի նախապայմանները, ապա, ըստ պոլսահայ խմբագրի, Անկարան արդեն վերջին պատերազմի արդյունքում ստացել է այն, ինչ ցանկանում էր։
«Ես չեմ խոսում միակողմանի զիջումների մասին, բայց Հայաստանը պետք է վերանայի իր արտաքին քաղաքականությունը, հարևան երկրների հետ իր հարաբերությունները։ Եթե դա չի անում, ապա կանգնում է իրողությունների առջև, որոնք ստիպում են գնալ ավելի մեծ կորուստների»,- ասում է նա։
Ըստ թուրքագետի՝ Թուրքիան իր քաղաքականությունը չի փոխել
Արևելագիտության ինստիտուտի ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը չի ակնկալում, որ մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթաց կսկսվի, սահմանները կբացվեն։ Factor.am-ի հետ զրույցում նա նշում է՝ դա հնարավոր կլինի Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը փոխելուց հետո միայն։
«Հայաստանը միշտ էլ հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու առանց նախապայմանների: Այնպես որ, Հայաստանի դիրքորոշման մեջ ոչ մի նորություն չեմ տեսնում: Իսկ այդ հարաբերությունները չեն կարգավորվում, որովհետև Թուրքիան նախապայմաններ է դրել և վիժեցրել է այն բոլոր նախաձեռնությունները, որոնք եղել են հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»,- ասում է նա։
Անդրադառնալով արդեն ՀՀ վարչապետի հայտարարությունը, որ ինքը հնարավորություն է տեսնում Թուրքիայի նախագահի հայտարարություններում հարաբերությունների կարգավորման՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշում է՝ ինքը Էրդողանի ոչ մի խոսքին չի հավատում։
«Թուրքիայի քաղաքականությունը ցույց է տվել, որ նրան հավատալ պետք չէ։ Պետք է լինեն իրական քայլեր, իսկ քանի դեռ դրանք չկան, ես չեմ հավատալու Էրդողանի խոսքերին»,- ասում է նա։
Հռիփսիմե Հովհաննիսյան