Ինչպես են ադրբեջանցի 250 զինծառայող մտել Հայաստան եւ ինչ սպասել ՀԱՊԿ-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 21:00
Ծիրանի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է, ծավալը՝ հնգակի կրճատվել
31.07.2026 | 20:51
Իսպանիայի վարչապետը միգրանտների հետ կապված ճգնաժամն անվանել է«տարածքային ամբողջականության խախտում»․ հաղորդվում է շուրջ 60,000 մարդու ներխուժման մասին
31.07.2026 | 20:40
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Նոր ընդդիմություն ԱԺ-ում՝ իշխանափոխության խոստումով․ կհաջողվի՞ Փաշինյանին հեռացնել
31.07.2026 | 20:23
Նաուրուն պաշտոնապես հայտարարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը չեղարկելու մասին
31.07.2026 | 20:10
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են կասեցնել ԱԺ-ում ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող նոր կանոնները
31.07.2026 | 20:00
Ի՞նչ է կատարվում ԱԺ-ում անդրանիկ նիստից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:48
Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները հանդիպում են անցկացրել․ հռչակագիր է ստորագրվել
31.07.2026 | 19:35
Ռոբերտ Քոչարյանը ինչո՞ւ չի գալիս ԱԺ, թիմակիցները պիտի աշխատեն, իրենք թիրախում չհայտնվե՞ն. Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:25
«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
31.07.2026 | 19:15
Ո՞ր Սամվել Կարապետյանն է մեզ մեղադրում, ում աշխատավայրը ФСБ-ն է նշվա՞ծ․ եթե ռուսամետ լինեինք՝ ՌԴ-ն պատժամիջոցներ չէր կիրառի․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:07
Հասարակական զուգարան՝ կրպակի տակ․ ինչ է հայտնի Աբովյան փողոցում թաքնված կառույցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:00
Հումորից՝ «դատավճիռ»․ ինչպես Վարդավառը քննադատած ռուս բլոգերի մասին կեղծ լուրը տարածվեց համացանցում
31.07.2026 | 18:55
Նիկոլ Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից
31.07.2026 | 18:49
Վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները. դեսպանություն
31.07.2026 | 18:38
Մոսկվան հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին «հեռացնել» ՀԱՊԿ-ից
Բոլորը

Հայաստանի Անվտանգության խորհուրդը մի քանի ժամվա ընթացքում իրար հաջորդող նիստեր է անցկացնում: Երեկ ուշ երեկոյան և այսօր Կառավարության նիստից անմիջապես հետո հրավիրված նիստերում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քննարկել է Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք՝ պաշտոնական Երևանը վարչապետի պաշտոնակատարի մակարդակով երեկ կեսգիշերին մոտ հայտարարեց, որ Սև լճի շրջանում ադրբեջանական զորքերը 3.5 կիլոմետր առաջ են եկել, մտել Հայաստանի սուվերեն տարածք ու հրաժարվում են հեռանալ:

Մինչ Փաշինյանի այս հաստատումը երկրում իրարանցում էր, լրատվամիջոցների և իշխանության ներկայացուցիչների միջև պատերազմ էր սկսվել: Փաշինյանը, խախտելով շուրջ տասը ժամ տևած լռությունը, հայտարարեց, որ Ադրբեջանի այս քայլը ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ուշագրավ է, սակայն, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի առանցքային պաշտոնը զբաղեցնող Անդրանիկ Քոչարյանը երեկ լրագրողներին հավաստիացնում էր, որ թշնամին ընդամենը մի դիրք է հասել՝ «չպահպանվող բարձունք»:

Նիկոլ Փաշինյանը, որը երեկ իրավիճակը ճգնաժամային էր որակել, այսօր արդեն Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ նույնը:

Թե ինչպես է ստացվել, որ 44-օրյա պատերազմում հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական զորքերը կարողացել են ազատորեն՝ առանց դիմադրության հանդիպելու մտնել Հայաստանի սուվերեն տարածք՝ Հայաստանի Պաշտպանության նախարարությունից որևէ պարզաբանում չկա: Այսօր այս հարցերն Կառավարությունում ԱԽ նիստից հետո անպատասխան թողեցին նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Նրանք անձայն հեռացան՝ ոչ մի տեղեկություն չհայտնելով հանրությանը։

Միայն Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ակնարկեց, որ դա «առանձին քննարկման խնդիր է, որը, իհարկե, անպայման կդիտարկվի»: Այնուհանդերձ, նշենք, որ ԱԽ նիստն անցկացվել է ընդլայնված կազմով: Նիստին մասնակցել է նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նա ևս հրաժարվեց մանրամասներ հայտնել քննարկումից:

Վարչապետի աշխատակազմը կեսօրից հետո տեղի ունեղած ԱԽ նիստի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել: Ուշագրավ է, որ այսօր Կառավարության նիստը կիսատ էր թողել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: Կառույցից մեզ փոխանցեցին, որ Այվազյանը հեռախոսազանգեր ունի, սակայն չհստակեցրին՝ արդյո՞ք Սյունիքի հետ կապված:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում երկու տարբերակ է մատնանշում, որոնց արդյունքում թշնամին կարող էր մտնել Հայաստանի սուվերեն տարածք:

Ըստ Աբրահամյանի՝ պետք է իրավական գործընթաց սկսել՝ հասկանալու համար, թե ինչպես է ստացվել, որ սահմանի այդ հատվածը եղել է ոչ պաշտպանված, քանի որ նման պարագայում կարելի է ենթադրել, որ սահմանային այլ հատվածներում էլ կարող ենք նման իրավիճակ ունենալ:

Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածք թշնամու զինուժի անարգել մուտքի ֆոնին հիշարժան է դառնում Փաշինյանի դժգոհությունները, երբ նա մայիսի 3-ի ԱԺ հատուկ նիստում պատգամավորներին թույլ չէր տալիս բարձրաձայնել սահմանային դիրքերի կահավորվածության խնդիրը:

Տարակուսելի է, որ հրադադարից մի քանի ամիս անց իշխանությունները ոչ միայն չեն լուծել դիրքերի կահավորվածության խնդիրը, այլև ստեղծված իրավիճակի համար իրեն թիվ մեկ պատասխանատու համարող Նիկոլ Փաշինյանը հոխորտում է խնդիրների մասին բարձրաձայնողների հասցեին:

Այն, ինչ հիմա ունենք, ըստ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի, Նիկոլ Փաշինյանի և Վաղարշակ Հարությունյանի թուլության արդյունքն է: Ըստ քաղաքագետի՝ Փաշինյանն ու Հարությունյանը գոնե պետք է ստեղծված իրավիճակից օգտվելու կարողություն ունենային և գերի վերցնեին թշնամու զինվորականներին:

Սյունիքում ստեղծված իրավիճակի առնչությամբ հերթական անատամ հայտարարությունն է տարածել ՀԱՊԿ-ն: Կառույցի հայտարարությունում տարօրինակ ձևակերպում կա․ «Հայկական կողմի կարծիքով՝ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետր խորացել հայկական տարածքում»։ Ուշագրավ է, սակայն, որ Սյունիքում առկա է ռուսական ռազմաբազա և հնարավոր էր անհրաժեշտ տեղեկությունը ձեռք բերել ոչ միայն հայկական, այլև ռուսական կողմից: ՀԱՊԿ-ից հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն, սակայն կառույցը որևէ կերպ չի դատապարտել Ադրբեջանի ագրեսիան: Նշենք, որ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ եթե ոտնձգություն է իրականացվում կազմակերպության անդամ պետություններից որևէ մեկի սուվերեն տարածքի վրա, դա նույն է, որ ոտնձգություն է մյուս բոլոր անդամների դեմ, օրինակ՝ Ռուսաստանի: 

Արդեն աշխատանքային օրվա ավարտին ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Սյունիքում ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է ՀԱՊԿ 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությանը: Նիկոլ Փաշինյանն արտաքին գործերի, պաշտպանության նախարարների պաշտոնակատարներին և ԱԽ քարտուղարին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել՝ այդ խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ:  

Հետաքրքիր է, թե ՀԱՊԿ անդամ պետություններն ինչպես կարձագանքեն Հայաստանի՝ օգնության խնդրանքին, քանի որ կազմակերպության մաս կազմող որոշ երկրներ, օրինակ՝ Բելառուսը և Ղազախստանը շատ ավելի սերտ գործընկերային և բարեկամական հարաբերություններ ունեն Ադրբեջանի, քան Հայաստանի հետ:  Ի դեպ՝ Սյունիքի դեպքերին պաշտոնապես չեն անդրադարձել Բաքուն և Մոսկվան, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների պաշտոնակատաները ռուս գործընկերների հետ հեռախոսազրույցներ են ունեցել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան