Պարետատունը նոր զգուշացումներ է կատարել լրատվամիջոցներին ու ֆեյսբուքյան օգտատերերին

Լուրեր

11.12.2024 | 16:35
Ասադին տապալած սիրիացի ապաստամբներն Ուկրաինայից օգնություն են ստացել․ Washington Post
11.12.2024 | 16:24
Կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
11.12.2024 | 16:12
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ
11.12.2024 | 16:03
Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
11.12.2024 | 15:55
Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արեգ Գևորգյանին կփոխարինի Աշոտ Սարգսյանը․ ԿԸՀ
11.12.2024 | 15:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է այցելել Թուրքիա՝ Սիրիայի հարցով Էրդողանի հետ քննարկումների
11.12.2024 | 15:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
Բոլորը

Արդեն չորրորդ օրն է՝ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված, ու չեն դադարում լրատվամիջոցների դժգոհությունները Պարետատնից, որը Ոստիկանության միջոցով պահանջ է ներկայացնում լրատվամիջոցներին ու սոցցանցերի օգտատերերին՝ հեռացնել կորոնավիրուսի թեմայով հրապարակումները կամ գրառումները։ Պահանջը չկատարելու դեպքում կկիրառվի տուգանք 500-ից 800 հազար դրամի չափով։

Նկատենք, որ լրատվական համայնքի ու լրագրողական կազմակերպությունների դժգոհությունից հետո մարտի 19-ին Կառավարությունը փոփոխություն է մտցրել «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ, որով թույլատրվում է կատարել կորոնավիրուսի վերաբերյալ միջազգային  հրապարակումներ՝ հղում տալով օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերին, սոցցանցերի պաշտոնական էջերին։ Սա, ըստ էության, նշանակում է, որ հայաստանյան լրատվամիջոցը կրկին չի կարողանա հրապարակել միջազգային տեղեկություններ, եթե դրանք հղում չեն տալիս վերը նշված սուբյեկտներին, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված, Հայաստանի անդամակցած միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին։

Այսօր տարածած հաղորդագրությամբ արտակարգ դրության ժամանակ խոսքի ազատության սահմանափակումներն անարդյունավետ, անհամաչափ ու ողջամտության սկզբունքներին հակասող են որակում շուրջ մեկ տասնյակ հայաստանյան լրագրողական կազմակերպություններ։ Տարածած հայտարարության մեջ նրանք կոչ են անում Կառավարությանը և Պարետատանը՝ անհապաղ ուժը կորցրած ճանաչել ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության N 298–Ն որոշման 23, 24, 25 և 26 կետերը (խոսքի ազատության սահմանափակմանը վերաբերող), մշակել տեղեկատվության տարածման ռեժիմը սահմանող նոր կարգավորում․ «․․․որն այս բարդ իրավիճակում կհստակեցնի հնարավոր սահմանափակումները, կնպաստի լրատվամիջոցների կողմից մասնագիտական պատասխանատվության նորմերին հավատարմությանը և կապահովի պաշտոնական կառույցների ու լրատվամիջոցների միջև արդյունավետ և հանրօգուտ գործընկերությունը»։ Ըստ էության, մարտի 19-ի որոշմամբ կառավարությունը չի կատարել այս պահանջները․ ոչ թե ուժը կորցրած է ճանաչել նշված կետերը, այլ դրանցից երկուսը թեթևակի խմբագրել է, ինչը էականորեն չի բարելավում լրատվամիջոցների աշխատանքը։

Արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տարածման ռեժիմը կարգավորող դրույթները ակնհայտորեն անարդյունավետ են գործում, կարծում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նա կոչ է անում Պարետատանը, Կառավարությանը կա՛մ չեղյալ հայտարարել այն, կամ էլ ողջամտությանը համապատասխանող փոփոխություններ մտցնել։ Factor.am-ի հետ զրույցում Նավասարդյանը մանրամասնեց՝ կորոնավիրուսի մասին տեղեկությունների տարափը հնարավոր չի լինելու կանխել կառավարության ընտրած միջոցներով, և փաստացի կստացվի, որ կետային, ընտրովի մոտեցում է լինելու նյութերը հեռացնելու կամ լրատվամիջոցին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

«Ավելի ճիշտ է, որպեսզի Կառավարությունը համագործակցի լրատվամիջոցների հետ և այլ միջոցներ գտնի, թե ինչպես կարելի է խուսափել կեղծ տեղեկությունների տարածումից։ Ես առաջարկ ունեմ․ ցանկացած տեղեկություն կորոնավիրուսի մասին, որը տարածվում է լրատվամիջոցներով, պետք է անպայման հղում ունենա աղբյուրին, և անպայման պարունակի նաև պաշտոնական մեկնաբանություն կամ տեղեկատվություն, և ոչ թե ընդհանրապես արգելվի որևէ հրապարակումը»,- ասաց Բորիս Նավասադրյանը։

Նրա խոսքով՝ արտերկրում կատարվողի վերաբերյալ հրապարակման մեջ ևս պետք է բավարար լինի հղումը աղբյուրին, որպեսզի քաղաքացիներն իրենք որոշեն՝ ինչքանով վստահել այդ տեղեկություններին․ «Սա այն կոմպրոմիսն է, որ առաջին հերթին ձեռնտու է հանրությանը, և հետո՝ Կառավարությանն ու լրատվամիջոցներին»։

Երևանի մամուլի ակումբի նախագահն ասում է՝ եթե այսպես շարունակվի մինչև ապրիլի 14-ը՝ արտակարգ դրության ավարտը, ապա այս ամենի վերջնական գնահատականը լինելու է այն, որ սահմանափակվել է իշխանություններին ոչ ցանկալի լրատվամիջոցների խոսքի ազատությունը: «Իսկ որ այդ հետևությունը լինելու է, կարծում եմ՝ դրանում որևէ կասկած չի կարող լինել։ Նաև դա է պատճառը, թե ինչու է պետք ավելի ողջամիտ միջոցներ կիրառել»,- ասաց Բորիս Նավասարդյանը։

Այժմ հիշենք արտակարգ դրություն հայտարարելուց հետո լրատվամիջոցների ու ֆեյսբուքյան օգտատերերի՝ Պարետատնից ստացած զգուշացումներից մի քանիսը։

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն ուղարկված ծանուցմամբ պահանջ էր դրվել անհապաղ հեռացնել հրապարակումը, թե կալանավայրերում հանձնուքներ չեն ընդունվում և դատապարտյալները ծխախոտի պակասից բողոքում են։ Ոստիկանությունը խուճապ տարածելու փորձ էր գնահատել առցանց «Առավոտի» այն հրապարակումը, որում Նիկոլ Փաշինյանի գրառումից բացի մեջ էր բերվել նաև «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ռուս քաղաքագետ Վալերի Սոլովեյի տված մեկնաբանությունը։ «Հրապարակը» հեռացրել, իսկ «Առավոտը» խմբագրել էր հրապարակումը։ «Հրապարակը» այսօր Պարետատնից ստացել է ևս երկու զգուշացում՝ հրապարակումների հեռացման պահանջով։ Հրապարակումներից մեկը վերնագրված է «Շարունակում են մի քանի հարյուր հոգանոց հարսանիքներ ու թաղումներ անել. չկա որևէ վերահսկողություն», մյուսը՝ «Կորոնավիրուսով հիվանդ կինը կոչ է անում պաշտպանվել և ինքնաբուժությամբ չզբաղվել»։ Ժամը 21։00-ի դրությամբ հրապարակումները հեռացված չէին։

Ոստիկանների հյուրընկալած ֆեյսբուքյան առաջին օգտատերերից է «Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը։ Միջազգային վիճակագրական տվյալներ ներկայացնող worldometers-ին հղում անելով՝ նա գրել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 2 անձի վիճակը ծանր է։ Factor.am-ին Խզմալյանը պատմել է․ «Գիշերը ժամը 1:35 րոպեին պարզվեց, որ ես եմ ազգի հիմնական թշնամին. 2 ոստիկան դուռս թակեցին՝ պահանջելով, որ ջնջեմ գրառումը: Ես ասացի, որ ի գիտություն եմ ընդունում իրենց ասածը, բայց ինքս եմ որոշելու՝ ինչ անել, շնորհակալություն հայտնեցի, փակեցի դուռը։ Մինչև 2:20 րոպեն իրենք ծեծում էին դուռը, փորձում էին ջարդել՝ ակնհայտորեն խուճապ առաջացնելով 4 հարկանի շենքի բոլոր բնակիչների մոտ»։ Խզմալյանը հեռացրել է գրառումը՝ անսալով իրեն զանգած ոստիկանության պաշտոնյայի ու ԱԺ պատգամավորի խնդրանքներին։

«Արգելված բովանդակության» հետևից ոստիկաններն այցելել են լրագրող Մարինե Խառատյանի բնակարան ու պարետ Տիգրան Ավինյանի անունից հորդորել են ֆեյսբուքից ջնջել մի գրառում՝ կարանտինի խախտման դեպքի մասին։ Ոստիկանները պարզաբանել են, թե այն խուճապ է առաջացրել։ Իսկ լրագրողի գրառումն ահազանգի մասին էր, որ խոշոր գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մոյա սեմյա» ընկերությունում աշխատակիցներին ստիպում են ներկայանալ աշխատանքի՝ այն դեպքում, երբ իրենց արտադրամասը գտնվում է «Ալեքս տեքստիլի» հետ նույն վայրում, որտեղ «տեղի է ունեցել իտալացի տեխնոլորգի միջոցով կորոնավիրուսով վարակման դեպքը»։ Լրագրողի գրառումը հեռացված է։


Մարտի 19-ին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել ֆեյսբուքում՝ կորոնավիրուսի տարածման թեմայով խստորեն քննադատելով Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանին ու Տաթևիկ Ռևազյանին ու քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջ դրել։ Գրառումը վերահրապարակել է Tert.am լրատվամիջոցը։ Ավելի ուշ Պարետատան պահանջով գրառումը հեռացվել է կայքից։ Հետաքրքիր է, որ գրառումը Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից  մինչ օրս հեռացված չէ։

Պարետատան կողմից լրատվամիջոցներին ու ֆեյսբուքյան օգտատետերին ներկայացված՝ գրառումների ու լրատվական նյութերի հեռացման պահանջների շարքը շարունակելի է․․․

Արդյոք համաչա՞փ է գործել Պարետատունը՝ պահանջ ներկայացնելով լրատվամիջոցներին կամ ֆեյսբուքյան օգտատերերին հեռացնել նյութերը։ Factor.am-ի հետ զրույցում Բորիս Նավասարդյանը պատասխանում է, որ իրեն հայտնի դեպքերում գրառումները չէին կարող որակվել իբրև խուճապ առաջացնող։

«Ո՞վ է որոշում օպերատիվ, արագ հասկանում՝ խուճապ առաջացնո՞ւմ է տվյալ նյութը, թե՝ ոչ։ Ես համոզված եմ, որ հիմա հազարավոր, շատերին անհայտ աղբյուրներով զուգահեռաբար տարածվում է այդ կարգի տեղեկություն և արձագանքել այդ ամենին հնարավոր չէ։ Դրա դեմ արդյունավետ կլինի պայքարել այլընտրանքային և ճշգրիտ տեղեկություն տարածելով՝ օգտագործելով մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներին»,- ասաց Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Հ.Գ. Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում 1-ին ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջի խախտման դեպքում վարչական, ինչպես նաև քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերը։ 102 պատգամավոր կողմ քվեարկեց, 0՝ դեմ, 0՝ ձեռնպահ։

Առաջարկվում է Քրեական օրենսգրքում սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվի կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Վարչական իրավախախտումների մասին օրենքում առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվի վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ից 500-ապատիկի չափով:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է սահմանել, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժանանակ տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների խախտումը առաջացնի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ից 300-ապատիկի չափով: ԱԺ-ում երկրորդ ընթերցումը կկազմակերպվի երկուշաբթի օրը։

Ռոբերտ Անանյան