Իշխանությունը նահանջո՞ւմ է հաշվետու կառավարման խոստումից. կարծիքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Կառավարության վերջին շրջանի գործելաոճը կասկածի տակ է դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանցքային մի խոստում՝ տրված պաշտոնն ստանձնելու օրերին՝ նախարարների հետ խորհրդակցության ժամանակ: «Մեր կառավարության ոճը պետք է լինի մշտական երկխոսությունը հանրության հետ։ Կարծում եմ, որ հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն ինքն է ձևավորել, և որը առաջին հերթին հաշվետվության է իր առաջ»,- ասել է վարչապետը։

Կառավարության քննադատները հարցադրում են անում՝ արդյոք վարչապետի հայտարարած հաշվետու կառավարման դրսևորում է այն, որ գաղտնի բարձրացվում են նախարարների աշխատավարձերը, իսկ հետո դա բացատրում իներցիայով, բյուջեի արդյունավետ տնօրինմա՞ն, թե՞ հովանավորչության դրսևորում է կառավարության որոշմամբ «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» պաստառների տպագրության և գովազդի նպատակով առանց մրցույթ հայտարարելու 49 միլիոն դրամ ուղղելը հրատարակիչ և վարչապետի ընկեր Արմեն Մարտիրոսյանի ղեկավարած կազմակերպությանը։ Աղմկոտ պաշտոնանկությունների պակաս ևս չկա։ Մեկը մյուսի հետևից պաշտոնից հեռացան Արթուր Վանեցյանը, Վալերի Օսիպյանը, Արսեն Գասպարյանը, վերջերս էլ՝ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։ Վերջինիս հեռացումը պայմանավորված է կարծիք արտահայտելով։ Հանրությանը նաև չի բացատրվել՝ ինչից հետո է Կադաստի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը որոշել հեռանալ աշխատանքից, ըստ լուրերի՝ կոնֆլիկտի արդյունքում։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ՝ պարզապես հեղափոխական կառավարությունը առաջնորդվում է նախկինների գործելաոճով: «Դա միանշանակ արատավոր պրակտիկա է։ Ավելի է խորացնում այդ մշակույթը, որ մենք կարող ենք այսպես անել, և դրա համար մենք իշխանությունից չենք զրկվի։ Հիմա էլ երևի մեջտեղ է բերվում այն հանգամանքը, որ դժվար թե ժողովուրդը քվեարկի նախկինների օգտին, երրորդ ուժ չկա և դրանից ելնելով՝ այն համոզմունքն է, որ ինչ անեն միևնույնն է, դա չի ազդի իրենց իշխանության մնալու վրա»,- ասում է պարոն Հոկտանյանը։

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը հավատում է իշխանության հավաստիացումներին, թե խնդիր է դրված կառավարման նոր մշակույթ ձևավորել։ Բայց հակառակի մասին են վկայում ոչ թափանցիկ, կուլիսային գործընթացով որակավորված և պարկեշտ կադրերի հեռանալու հեռանկարը, ինչպես, օրինակ, Սարհատ Պետրոսյանի, ու որևէ կերպ հանրությանը հաշվետու չլինելը։

«Որևէ բացատրություն բարձրաստիճան պաշտոնյաները չտվեցին, ում հետ էր իր կոնֆլիկտը և ինչու են լինում նման կոնֆլիկտներ, որոնք չեն լուծվում կառավարման ոլորտում։ Կան ստվերային կողմեր կառավարման համակարգում և նման այլ խնդիրներ, որոնք որոշակի տպավորություն են ստեղծում, որ կառավարությունը ոչ այնքան մասնակցային է, ոչ այնքան հաշվետու է։ Այդ կարծիքների հետ համամիտ եմ, որովհետև մենք գործ ունենք ոչ բավարար կամ ոչ ցանկալի չափով կառավարման թափանցիկության և հաշվետվողականության հետ»,- նշում է Աղասի Թադևոսյանը։

Չբացատրված, երբեմն՝ անհասկանալի պաշտոնանկությունները Վարուժան Հոկտանյանը կապում է  քաղաքական շահի հետ՝ ազատվել կադրերից, որոնք գուցե հլուհնազանդ չկատարեն իշխանության հրամանները։ Իսկ թե ինչո՞ւ է որոշ հարցերում իշխանությունը նախընտրում ծածուկ գործելը, Վարուժան Հոկտանյանն ասում է․ «Ես, երևի, կկապեի հենց անձնական շահի հետ, իսկ այնտեղ, որտեղ անձնական շահը հայտնվում է պաշտոնյաների մտահորիզոնում, այդտեղ արդեն լուրջ կոռուպցիոն հարցերի ռիսկեր են առաջանում։ Կոռուպցիան անձնական շահերից ելնելով պաշտոնեական դիրքի չարաշահումն է։ Աշխատավարձերի բարձրացումը լրացուցիչ կոռուպցիոն ռիսկ չեմ համարում»։

Իշխանության ոչ թափանցիկ գործելաոճը քննարկվում է նաև քաղաքական դաշտում։ Հասարակությունը պետք է հասկանա՝ ինչու է նվազագույն աշխատավարձը բարձրացվում շուրջ 25 տոկոսով՝ 55 հազար դրամից 68 հազար, իսկ նախարարներինը՝ կրկնակի չափով ու հասնում մեկուկես միլիոնի։

Ընդդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի կարծիքով՝ կառավարությունը առաջին հերթին հոգում է սեփական, և ո՛չ ժողովրդի բարեկեցության մասին․ «Մենք եթե ունենք ֆոնդ, ինչպե՞ս է ստացվում, որ նախարարն է կրկնակի ստանում, այլ ոչ թե մանկավարժը, սա մոտեցո՞ւմ է։ Ընդունում եմ, որ նախարարը պատասխանատվության աստիճանի չափ չի վարձատրվում, ես դա հասկանում եմ, բայց արդյոք ուսուցիչը իր կատարածի չա՞փ է վարձատրվում, դա էլ այդպես չէ՝ հետևաբար՝ արդյոք սա՞ է ակնկալիքը ժողովրդի հետհեղափոխական կառավարությունից։ Խոսքի ու գործի հակասություն կա։ Նախարարները չգիտեի՞ն, որ ցածր են ստանում, դա չգիտե՞ր վարչապետը»։

Պատասխանելով քննադատություններին՝ իշխանական պատգամավոր Արտակ Մանուկյանն ասում է՝ իրենք ընդամենը հրաժարվել են կոռուպցիոն համակարգից․ «Պետական հատվածում նախկինում այն իրականացվում էր ինչպես ոչ թափանցիկ, այնպես էլ կոռուպցիոն ռիսկերով, գաղտնիք չի, չէ՞ որ, դժվար թե, նախկինում գտնեիք մի նախարար, որի հույսը լիներ միայն աշխատավարձը, դրան զուգահեռ նաև ստեղծվում էին տարատեսակ մեխանիզմներ՝ խնամի-ծանոթ-բարեկամներին գործի ընդունելու, հավելյալ ֆիրմաներ ստեղծելու, որպեսզի այդ նախարարության բյուջեն մեջ-մեջ արվեր։ Հիմա եթե դիտարկենք կառավարության վեկտորը, նույն ժառանգած համակարգո՞վ ենք առաջ շարժվում, կարծում եմ, որ ոչ»։

Պատգամավորի խոսքով՝ կարիք կա հրաժարվել պարգևավճարային քաղաքականությունից, և պետական պաշտոնյային վճարել ըստ կատարած աշխատանքի։

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն էլ ասում է՝ ներհասարակական կոնֆլիկտները պարզաբանելով՝ իշխանությունը պետք է լուսավորի մութ անկյունները․ «Եթե ամեն ինչ բացատրվում, խոսվում է, առաջանում է հանրային ընկալում կամ համաձայնություն, ու այդ դեպքում անառողջ մթնոլորտի ձևավորման հնարավորությունն ավելի կթուլանա։ Եթե ինքնանպատակ է՝ այդ մարդկանց պարզապես լավ կյանքի համար են նշանակել այդ աշխատավարձը, իհարկե դա դատապարտելի է, բայց բոլորն էլ գիտակցում են, որ եթե ուզում ենք լավացնել մեր կյանքը, պետք է ունենանք լավ աշխատող մարդիկ»,- եզրափակեց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան