Ի՞նչ է փոխվել «խոշոր և մանր եղջերավոր անասունների կյանքում» անցած 1 տարում

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կառավարությունները՝ թե՛ նախկին, թե՛ ներկա, տարբեր տարիների անասնաբուծությունը զարգացնող զանազան ծրագրեր են մշակել։ Տարիներ առաջ իշխանություններն իբր զարկ տվեցին տավարաբուծությանը, սակայն «Տավարաբուծության զարգացման 2007-2015թթ. ծրագրով» Եվրոպայից ներկրված երինջների մեծ մասն անկեց, զգալի ֆինանսական միջոցներ «ջուրը նետվեցին», իսկ ծրագիրը նախատեսվածից 2 տարի շուտ դադարեցվեց։

Այս տարվա մարտին ներկայիս կառավարությունը հաստատեց «Տավարաբուծության զարգացման 2019-2024 թթ. ծրագիրը»: Այն շատ ավելի զգուշավոր է, քան նախորդը: Պետությունն այլևս չի ստանձնի երինջների ներմուծման պարտավորություն, այլ միայն սուբսիդավորելու է վարկերը՝ տնտեսավարողներին հնարավորություն ընձեռելով այս տարիների ընթացքում 2% տոկոսադրույքով ձեռք բերել տոհմային կենդանիներ:

Գրեթե 1 ամիս առաջ կառավարությունը հանրության դատին ներկայացրեց նաև «ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը»։ Այն նախատեսում է 2019-2023 թվականներին պետական աջակցությամբ ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն ընձեռել մատչելի պայմաններով ձեռք բերել շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր կենդանիներ՝ հղի ոչխարներ և այծեր, էգ և արու մատղաշ, ավելացնել ոչխարների և այծերի գլխաքանակը՝ ծրագրի շրջանակներում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը ապահովելով շուրջ 100 հազ. գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշներով օժտված սերնդի ստացում, ավելացնել ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալները՝ 2019-2027 թվականներին արտադրելով շուրջ 5 մլրդ դրամ արժեքով միս և 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ, պայմաններ ստեղծել արտահանման ծավալների ավելացման համար և այլն։

Հայաստանը ոչխարի մսի գծով ինքնաբավ է՝ 138.9 %, այսինքն՝ արտահանման ներուժը մեծ է։ Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից Factor.am-ին տրամադրված տվյալների համաձայն, նախորդ տարիների համեմատ այս տարվա առաջին կիսամյակում մանր եղջերավոր կենդանիների արտահանումը ՀՀ-ից շեշտակի աճել է. եթե 2017թ. առաջին կիսամյակում արտահանվել էր 2350 գլուխ, 2018-ի նույն ժամանակաշրջանում՝ 1725 գլուխ, ապա այս տարվա առաջին 6 ամսում՝ 9974 գլուխ, աճը՝ 4-5.7 անգամ։

Հիմնականում արտահանվել է Իրան, Արաբա­կան Միացյալ Էմիրություններ, Քաթար, Քուվեյթ, Վրաստան:

 

Արտահանողների ցանկը բավականին ուշագրավ է և վկայում է, որ այս բիզնեսը գրավիչ է թե՛ նախկին պաշտոնյաների, թե՛ մեր հարևան պետությունների քաղաքացիների համար։ Օրինակ՝ այս տարի ոչխարի արտահանում իրականացրած ընկերություններից «Մուշ-Մէդա»-ն պետռեգիստրում գրանցվել է 1994 թ-ին, հիմնադիրը ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանն է (Խուճուճ Էդո), որը սերտ կապերի մեջ է թե՛ hանրապետականների, թե՛ բարգավաճականների և թե՛ քրեական հեղինակությունների հետ։

Արտահանող մյուս ընկերությունը՝ «Իմպերիալ Լայֆսթոք» ՍՊԸ-ն, թեև ունի հայկական գրանցում, սակայն հիմնադիրը Սիրիայի քաղաքացի Մոհամադ Մաքքին է։ Ոչխար արտահանել է նաև «Դալար Պաղտո» ԱՁ-ն, որը չունի ՀՀ գրանցում։

Խոշոր եղջերավոր կենդանիների արտահանման ոլորտում ակտիվություն չի նկատվում․ այստեղ ցուցանիշները զգալիորեն զիջում են մանր կճղակավորների արտահանման  ցուցանիշներին։ Ընդհանուր առմամբ՝ խոշորի գլխաքանակը վերջին 2 տարում նվազել է գրեթե 10%-ով: Թեև 2018-ի առաջին կիսամյակի համեմատ 2019-ի հունիսի դրությամբ արտահանվել է 304-ով ավելի գլուխ՝ կազմելով 1087, սակայն 2017-ի նույն ժամանակաշրջանում այդ ցուցանիշը 7166 գլուխ էր։ Տավարի արտահանման ուղղությունները վերջին տարիներին նույնպես համեմատաբար սահմանափակ են՝ Իրաք և Վրաստան։ Ընդ որում՝ Վրաստան արտահանվում են հիմնականում տոհմային երինջներ, և այժմ այստեղ հիմնական խաղացողը «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲ ընկերությունն է, իսկ մսացուն գնում է Իրաքի՝ ՀՀ գրանցում ունեցող «Պովեր Մաքս», Վահի ՍՊԸ-ների և «Հասանյան Տոսուն» ԱՁ-ի ջանքերով։ Վերջինս գրանցված չէ ՀՀ պետռեգիստրում, «Պովեր Մաքս»-ն այս տարի է գրանցում ստացել, բայց հիմնադիրը Իրանի քաղաքացի Օմիդ Ռեզայի Մոզաֆարն է, իսկ «Վահի»-ն 2017-ին հիմնադրել է ՀՀ քաղաքացի Վահի Բիղյազարը։

Անցած տարի հունիսի 7-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում հարց էր հնչեցրել՝ հեղափոխությունն  ի՞նչ է փոխելու խոշոր և մանր եղջերավոր անասունների կյանքում և ինքն էլ պատասխանել էր. «Խոշոր և մանր եղջերավոր անասունները այս պահից սկսած ստացել են իրավունք արտահանվելու՝ առանց վարչապետի եղբոր / նկատի ուներ նախկինում Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին վերագրվող/ «դաբրոյի»: Սա է փոխվել խոշոր և մանր եղջերավոր անասունների կյանքում: Միթե դժվար է այս ամենը հասկանալ: Գուցե շատ մեծ փոփոխություն չէ, բայց մի փոփոխություն է, որ Հայաստանի Հանրապետությունում 10-20 տարի հնարավոր չէր լինում իրականացնել: Եվ այս տոկոսը 100 է, Հայաստանի Հանրապետության խոշոր և մանր եղջերավոր անասունների 100 տոկոսը ստացել է անխափան և անարգել ՀՀ-ից արտահանվելու իրավունք»։

Սակայն հետաքրքրական է, որ Ալեքսանդր Սարգսյանի (Սաշիկ) անունը նախկին ու ներկա արտահանողների ցուցակներում որևէ կերպ չի նշմարվում։

Այս լուրերը հերքում է նաև ՍԱՊԾ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Ես որևէ բիզնես չգիտեմ, որ Ալեքսանդր Սարգսյանի հետ հիմա կապված լինի։ Արտահանման համար մեզ դիմում են տարբեր մարդիկ։ Թե ո՞վ է իրենց ետևում կանգնած՝ չեմ կարող ասել»,- ասում է նա։

Գ.Ավետիսյանի հավաստմամբ՝ դաշտն ազատ է, որևէ մեկը չի կարող որևէ բան թելադրել։

ՍԱՊԾ ղեկավարը կենդանիների արտահանման մեծ պոտենցիալ է տեսնում. «Շատացել են կենդանիներ ներկրել ցանկացողները, մատղաշը բերում են, աճեցնում ու արտահանում: Ընդհանուր գլխաքանակն ավելանում է»։

Մրցակցության առկայության մասին հավաստում է նաև «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության ղեկավար Արմեն Խեչոյանը: Նախկինում նա թե՛ տավար, թե՛ ոչխար է արտահանել:

«Ոչխարն այսօր ամենահետաքրքիր բիզնեսներից մեկն է Հայաստանում, իսկ մեզ մոտ դեռևս փորձում են կաթի, տավարի մսի արտադրությունը զարգացնել: Շատ լավ կլինի, եթե հաջողվի մասսայականացնել ոչխարաբուծությունը,- ասում է Ա.Խեչոյանը՝ թվարկելով դրա առավելությունները,- արտահանվում է որձը, ոչ թե էգը և բիզնեսի զարգացման տեսանկյունից դա առավելություն է, իրանցիները հաճախ գերադասում են չմորթել, կենդանի տեղափոխել ոչխարը և անգամ չեն կշռում, հաշվի են առնում միայն դրա գեղեցկությունն ու ավելի թանկ են վճարում՝ 43 հազար դրամ մի գլխի համար»:

Թե ինչո՞ւ է «Ագրոհոլդինգը» դադարեցրել տավարի ու ոչխարի արտահանումը, Ա.Խեչոյանը նշում է երեք պատճառ․ տավարի դեպքում՝ տոհմային երինջների սահմանափակ քանակն ու ներքին շուկայում պահանջարկի ավելացումը, ոչխարի դեպքում՝  համակարգված ուղիների, կապերի բացակությունը: Ըստ նրա՝ կառավարությունը կարող է շատ մեծ դերակատարում ունենալ կենդանիների արտահանման ծավալների մեծացման գործում. «Եթե լավ կառավարվեր, կարելի էր հաճախակի ուղարկել: Կառավարել է պետք, ոչ թե պոպուլիզմով զբաղվել»:

«Արզնի Տոհմային ԹՏԽ» ընկերության ղեկավար Արմեն Ջանվելյանը գոհ է իշխանությունների հետ համագործակցությունից, ասում է՝ ճնշումներ չեն եղել ու չկան, խնդիրներն ազատ քննարկվում են ու հետզհետե լուծվում: Օրինակ՝ տոհմային երինջների վաճառքը ներքին շուկայում հարկվում էր ԱԱՀ-ով, բայց իր առաջարկով այն հանվել է. «Այն ժամանակ աբսուրդ բան էր՝ արտահանման վրա ԱԱՀ չկար, իսկ ներքին շուկայում վաճառքի դեպքում ԱԱՀ էին գանձում: Այժմ դա վերացվել է: Նաև դիմել ենք, որ սպանդանոցային մորթը դառնա պարտադիր, բակային մորթը վերանա: Նախկին կառավարությունն արդեն նախաձեռնել էր դա, նոր իշխանությունը հիմա շարունակում է այդ գործը և 2020թ-ից բոլորի համար պարտադիր է լինելու»:

Ա. Ջանվելյանը նշում է, որ արտահանման ծավալների մեծացման հիմնական խոչընդոտը անասունների գլխաքանակն է: Նրա խոսքով՝ Վրաստանը հեշտորեն տալիս է թույլտվություն և, քանի որ նույն կլիմայական գոտին է, պատվաստումների պահանջը նույնն է, պետությունն էլ դոտացիաներ է տալիս։ Բացի այս՝  վրացի ֆերմերները նախընտրում են հայկական երինջները եվրոպականից: Այս տարի «Արզնին» 100 գլուխ է ուղարկել մեր հարևաններին: Մյուս ուղղություններով, ըստ նրա, ապրանքային անասուններ են տանում, և իսլամական արարողակարգերով մորթ կազմակերպելու նպատակով գերադասում են կենդանի տեղափոխել:

«Հիմա մեզ մոտ հատկացվող դոտացիաների արդյունքում ներքին շուկան ակտիվացել է: Մենք էլ՝ որպես հայ ֆերմեր,  գերադասում ենք թեկուզ մի քիչ էժան, բայց մեր գյուղացուն վաճառել, ոչ թե արտահանել: Տոհմային երինջներ այս տարի ևս մեկ անգամ միայն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կուղարկենք Վրաստան»,- նշում է Ա. Ջանվելյանը:

Այս ոլորտի հայկական «փյունիկ», թերևս, կարելի է համարել «Եղվարդ Համալիր» ՍՊ ընկերությունը: 2006թ-ին հիմնադրված ձեռնարկությունը հարկային պարտավորությունների պատճառով 2016թ-ին սնանկ էր ճանաչվել: Պարտքը գերազանցում էր 12.5 մլն դրամը: Սակայն վերջերս Սամվել Մկրտչյանի ղեկավարած ընկերությունն արժանացել է կառավարության բարեհաճությանը՝ ստանալով առաջիկա 3 տարում 8 մլրդ 670 մլն դրամի հազարավոր խոշոր եղջերավոր կենդանիներ, գոմեշներ, խոզեր, ոչխարներ, գառներ, այծեր ներմուծելու ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման արտոնություն:

Մնում է հուսալ, որ Հայաստանի լեռնային մարգագետիններն ու արոտները չեն տուժի անասնաբուծության՝ ահագնանալ խոստացող զարգացումից:

ՍԱՊԾ ղեկավարը վստահեցնում է՝ կառավարությունն ուշադրություն է դարձնում նաև այս խնդրին. «Ես քննարկել եմ տաբեր էկոլոգների հետ, ասում են, որ մեր արոտներում 1.2-2 մլն ոչխար կարող ենք պահել։ Հիմա մեր սարերում, վիճակագրական կոմիտեի տվյալներով, 640 հազար ոչխար կա»։

Հայկ Վարդանյան