Հետհեղափոխական շրջանի արտոնյալները․ «Սև ցուցակում» հայտնվելով՝ շարունակում են ծառայություններ մատուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Հայկական թավշյա հեղափոխությունը անդառնալի և չսպասված փոփոխություններ մտցրեց քաղաքական կյանքում։ Կտրուկ շրջադարձ արձանագրվեց նաև պետական գնումների համակարգում։ Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնը պարզել է, որ 2018 թվականի մայիսի 1-ից մինչև 2019-ի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում 2017-2018 թվականների նույն ժամանակահատվածի համեմատ գնումների «Սև ցուցակում» հայտնված ընկերությունների թիվը կրկնապատկվել է։ Եթե նախահեղափոխական շրջանում «Սև ցուցակում» հայտնվել է ընդամենը 71 մասնակից, ապա Թավշյա հեղափոխոթյունից հետո այդ թիվը հասել է 159-ի։

Կենտրոնի գործադիր տնօրեն Արմինե Բուռնազյանը գնումների «Սև ցուցակում» ընդգրկվածների թվի կրկնապատկումը պայմանավորում է հետևյալ գործոնով․ «Շատ ավելի արդյունավետ է աշխատում վերահսկողական ապարատը։ Որոշ դեպքերում մենք տեսնում ենք, որ նույն պետական կառույցը նախկինում այդ ընկերության հետ պայմանագիր կնքելով չի հետևել օրենքին, աչքաթող է արել թերամատակարարումները, պայմանագրի պայմաններին չբավարարելը։ «Մակրո ֆուդ» ընկերության գնումների փաստաթղթերն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ այդ ընկերությունն ունեցել է թերամատակարարումներ, պայմանագրի պայմաններին չի բավարարել, տույժ ու տուգանքների է ենթարկվել, սակայն իրականում սև ցուցակում հայտնվել է ավելի ուշ՝ հետհեղափոխական շրջանում»։

«Մակրո Ֆուդ» ՍՊԸ-ն ու պետական կառույցները համագործակցության երկար ճանապարհ են անցել։ Սակայն նրանցից պայմանագրային պարտավորությունների խախտման համար միայն ԱՆ քրեակատարողական ծառայությունն է բողոքել, ինչի հիման վրա էլ ընկերությունը երկու տարով հայտնվել է գնումների սև ցուցակում։ «Մակրո Ֆուդ»-ը չի մատակարարել 24.315 հատ ձու, 5.810 կգ տավարի միս և 37.840 կգ կարտոֆիլ, ինչը հանգեցրել է պատվիրատուի կողմից այդ պայմանագրերի միակողմանի մասնակի լուծմանը: Ուշագրավ է այն փաստը, որ այս ընկերությունը նախկինում բազմիցս խախտել է պայմանագրային պարտավորությունները, նրանից գանձվել են տույժ ու տուգանքներ, սակայն քրեակատարողական ծառայության ներկայացրած բողոքը ընկերությանը սև ցուցակում ներառելու հայցով, նախկինում մերժվել էր: Նշենք, որ քրեակատարողական ծառայությունը «Մակրո Ֆուդ» ՍՊԸ-ի խոշոր պատվիրատուներից է։ Մինչհեղափոխական շրջանում այս ընկերության հետ կնքվել է 182․483․400 դրամ արժողությամբ 5 պայմանագիր, իսկ Թավշյա հեղափոխությունից հետո 4 պայմանագիր է կնքվել 43,217,370 դրամ ընդհանուր արժեքով։

Պետք է նշել, որ Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ գնումների «Սև ցուցակում» հայտնված մասնակիցներից 7-ը հանվել է այդ ցանկից։ 87 մասնակից երբևիցե պայմանագիր չի կնքել պետգնումների շրջանակներում, ինչը ենթադրում է, որ մասնակիցները հայտվնել են սև ցուցակում մրցույթների հայտերի գնահատման փուլում թույլ տված խախտումների հետևանքով։ Հետաքրքրական է այն փաստը, որ 65 մասնակիցներից 17-ը սև ցուցակում հայտնվել են այն պետական կառույցների բողոքների հիման վրա, որոնք նախահեղափոխական շրջանում եղել են իրենց խոշոր պատվիրատուների ցանկում։

«Փոփոխություններ են եղել այդ պետական կառույցների ղեկավար պաշտոններում, սակայն, կարծում եմ, որ հիմնական  դեր է խաղացել վախը, որ վերահսկողական մարմինն իրենց նկատողություն կտա, այսինքն՝ կնկատի այդ թերությունները, և կարծում եմ՝ վերահսկողական ապարատի արդյունավետության բարձրացման հետ կապված պետական կառույցները սկսել են աչալուրջ լինել»,- ասաց Արմինե Բուռնազյանը։

Գնումների «Սև ցուցակում» հայտնված մասնակիցների ցուցակում ընդգրկված են ուշագրավ անվանումներ։ ՊՆ-ի գրության հիման վրա գնումների 2 տարի ժամկետով «Սև ցուցակում» է հայտնվել «Ռադվան Տեխնոլոգիա» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը, մասնակցելով ՊՆ կարիքների համար ամբարձիչ մեքենաների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնանշման հարցման ընթացակարգին, գնային առաջարկում թույլ է տվել մեխանիկական վրիպակ։ Բացի այդ, ընկերությունը պետբյուջեի նկատմամբ ունեցել է 39 000 դրամի ժամկետանց պարտավորություն՝ չի վճարել դրոշմանիշային վճար։ Ուշագրավ է, որ պետգնումների բոլոր ժամանակաշրջաններում «Ռադվան Տեխնոլոգիա» ՍՊԸ-ի միակ պատվիրատու է հանդիսացել ՊՆ-ն, և նրա հետ կնքվել են բավական խոշոր պայմանագրեր: Եթե մինչև հեղափոխությունը ՊՆ-ն այս ընկերության հետ կնքում էր հարյուրավոր միլիոն դրամների հասնող պայմանագրեր, օրինակ՝ 3 պայմանագիր 686,240,390 դրամ ընդհանուր արժեքով, հետհեղափոխական շրջանում այդ թիվը չի անցել 30 միլիոն դրամը։ Մեկ անձից գնման ընթացակարգով կնքված պայմանագրերով ընկերությունը գնել ու նորոգել է վարժասարքեր։ 2015 թվականի հունիսի 8-ին ոչ մրցակցային հիմունքներով «Ռադվան տեխնոլոգիա» ՍՊԸ-ի հետ կնքվել էր 65.7 մլն դրամի պայմանագիր «վարժասարքերի նորոգման ծառայություններ» գծով, 580 մլն դրամով էլ վարժասարքեր են ձեռք բերվել: Ուշագրավ է, որ  վարժասարքերի նորոգման ծառայությունները ձեռք են բերվել շատ ավելի վաղ, քան վարժասարքերը: Այսինքն, վարժասարքերը դեռ չկային, բայց արդեն ՊՆ-ն դրանց նորոգման պայմանագիր էր կնքում: «Ռադվան Տեխնոլոգիայի»՝ սև ցուցակում հայտնվելը կարող է ունենալ ձևական բնույթ։ Քանի որ ընկերությունը շուկայում գերիշխող դիրք ունի, ակնկալվում է, որ չնայած «Սև ցուցակում» ընդգրկվելուն, ապագայում ՊՆ-ն վարժասարքեր և ծառայություններ ձեռք կբերի կրկին «Ռադվան Տեխնոլոգիա» ՍՊԸ-ից։ Ըստ Արմինե Բուռնազյանի, ընկերությունը տևական ժամանակ խաղից դուրս վիճակում է գտնվել․

«Եթե անդրադառնանք վարժասարքերի ձեռքբերումներին, որտեղ նա գերիշխող դիրք ունի, չնայած որ նա դեռ սև ցուցակում է գտնվում, նրանից դեռ կշարունակեն ձեռք բերել այդ ծառայությունները։ Ստացվում է՝ այդ ընկերությունները միայն մրցակցային ձևով կազմակերպվող մրցույթների ժամանակ կարող են ինչ-որ բանից զրկվել, սակայն նրանք ունեն արտոնյալ կարգավիճակ։ Օրենքը իրեն մի քիչ ապահովագրվում է, քանի որ եթե այդ ընկերությունը հայտնվի սև ցուցակում, հետագայում այդ ծառայությունները դժվար կլինի ձեռք բերել։ Միգուցե ոչ մեկ հայտ չներկայացնի մրցույթներին, այդ դեպքում նաև ծառայություններ չեն մատուցվի։ Սակայն, կարծում եմ, այստեղ որոշակի սահմանաչափեր պետք է դրվեն՝ նայած թե ինչ խախտում է թույլ տալիս մատակարարը։ Եթե խախտումը բավական լուրջ է, պետք է ինչ-որ չափի սահմանափակում տրվի»։

Ուշագրավ է Ոստիկանության կարիքների համար հայտարարված մրցույթում «Կարեն Ավանեսյան» Ա/Ձ-ի մասնակցության պատմությունը։ Ոստիկանության գրության հիման վրա 2018-ի մայիսի 19-ին այս մասնակիցը ներառվել է գնումների «Սև ցուցակ», քանի որ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է ժամկետանց հարկային պարտավորություն։ Ու չնայած «Սև ցուցակում» ընդգրկված լինելու հանգամանքին, Ոստիկանությունը նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին այս մատակարարից հրատապ՝ մեկ անձից գնման եղանակով ձեռք է բերել 22,126,050 դրամի ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալության ծառայություններ։ Ի դեպ, եթե նախահեղափոխական շրջանում Ոստիկանությունը «Կարեն Ավանեսյան» Ա/Ձ-ի հետ կնքել է 40 մլն դրամի պայմանագիր, ապա հետհեղափոխական շրջանում կողմերը կնքել են 3 պայմանագիր՝ 590 046 059 դրամ արժեքով։ Երկու դեպքում էլ Ա/Ձ-ն Ոստիկանությանը մատուցել է ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալության ծառայություններ։

«Ոստիկանությունը ինչ-որ չափով հայտնվել է արտոնյալ պայմաններում, քանի որ կառավարության որոշում է ընդունվել հետհեղափոխական շրջանում որով Ոստիկանությանը թույլատրվել է զանգվածային միջոցառումների ժամանակ այս ծառայությունները ձեռք բերվեն մեկ անձից և օրենքի որոշակի պահանջներ դրա հետ չկիրառվեն։ Մի փոքր անտրամաբանական ու անարդյունավետ է այդ տիպի գնումը, այսինքն՝ կարելի էր այդ ծառայությունը ձեռք բերել այլ մատակարարներից, որոնք չէին գտնվում սև ցուցակում»,- մեկնաբանեց Արմինե Բուռնազյանը։

Գնումների «Սև ցուցակում» հայտնված ընկերություններից հերթականը ապրիլի 27-ին Գյումրիում Քաղաքացու օրվա միջոցառումներ կազմակերպած և սպասարկման ծառայություններ մատուցած «Թի ԷՆ Սաունդ» ՍՊԸ-ն է։ Այդ նպատակով մինչև գնումների «Սև ցուցակում» հայտնվելը, այս ընկերությունը 7 999 110 դրամի պայմանագիր է կնքել վարչապետի աշխատակազմի հետ։ Ու չնայած որ Քաղաքացու օրը նշվել է և ծառայությունները մատուցվել են 2019 թվականի ապրիլի 27-ին, «Թի ԷՆ Սաունդ» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է ավելի ուշ՝ մայիսի 5-ին: «Սև ցուցակում» ընկերությունը հայտնվել է, քանի որ Երևանի քաղաքապետարանի կարիքների համար Կանանց միջազգային օրվան և Թատրոնի միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման ծառայության ձեռքբերման հայտում հավելվածներից մեկը հաստատված չի եղել էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ինչը 1 օրվա ընթացքում չի շտկվել։ Հատկանշական է, որ նախահեղափոխական ժամանակահատվածում «Թի ԷՆ Սաունդ» ՍՊԸ-ի միակ պատվիրատուն եղել է Երևանի քաղաքապետարանը, որի հետ Մարտի 8-ի միջոցառումների և Թատրոնի միջազգային օրվան նվիրված հյուրասիրության կազմակերպման համար կնքվել է 8,957,000 դրամ արժեքով պայմանագիր։ Իսկ 39,680,000 դրամ արժեքով երկրորդ պայմանագրով «Թի ԷՆ Սաունդ» ՍՊԸ-ն կազմակերպել է 6 միջոցառում այդ թվում՝ Կանանց միջազգային օրվան (Ապրիլի 7), Ցեղասպանության զոհերի հիշատակին, «Վերջին զանգին», Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված։ Ուշագրավ է, որ Կանանց միջազգային օրվան նվիրված 2 միջոցառումների համար ներկայացվել է միևնույն տեխնիկական բնութագիրը, սակայն Մարտի 8-ի միջոցառման կազմակերպման համար գինը սահմանվել է 4,983,000 դրամ, մինչդեռ ապրիլի 7-ի համար՝ 6,969,000 դրամ:

Արմինե Բուռնազյանը նշեց․ «Միևնույն տեխնիկական բնութագիրն է գրվել և մի փոքր անտրամաբանական և անարդյունավետ է միևնույն ծառայությունը ձեռք բերել ավելի թանկ։ Եթե այստեղ ժամանակային տարբերություն լիներ, միգուցե կարելի էր ենթադրել, որ շուկայում գները փոփոխվել են, սակայն անտրամաբանական է, որ մի ամսում այդպիսի տարբերություն տա»։

Ամփոփելով 2019 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով գնումների «Սև ցուցակում» ընկերություններին ընդգրկելու գործընթացը, Արմինե Բուռնազյանն արձանագրում է՝ այս տարվա որոշումները բավականին օբյեկտիվ են եղել։ Պետք է նկատել, որ գնումների «Սև ցուցակում» խիստ տարբեր պատճառներով են մատակարարները հայտնվում։ Օրինակ՝ «Լեգալ պլյուս», «Քրոմիտ», «Նարնիկ» և «Արմես Գրուպ» ՍՊԸ-ները և «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն չեն ներկայացրել հրավերով սահմանված որակավորման պահանջներին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը, «Դեագա», «Սեյսմշին» և «Հելփ-Ռ.Վ» ՍՊԸ-ները խախտել են պայմանագրային պարտավորությունները՝ չմատակարարելով նախատեսված ապրանքները և ծառայությունները, իսկ ահա «Էկոպրոեկտ» և «Դյուրլանգ» ՍՊԸ-ները ունեցել են գնային առաջարկի մեկ տոկոսը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ:

 

Ռոբերտ Անանյան